«Այն, ինչն անվանում են նորություն, թրենդ, ինչ-որ մեկը ինչ-որ ժամանակ հորինել է»
Advertisement 1000 x 90

«Այն, ինչն անվանում են նորություն, թրենդ, ինչ-որ մեկը ինչ-որ ժամանակ հորինել է»

Ի՞նչն է առավել նորաձև 2018-ին, ո՞ր գործվածքը, ձևվածքը, գույնը, կրունկների չափն ու ձևը: Ի՞նչ կանոններ է թելադրում նորաձևությունը: Այս և այլ հարցերի մասին զրուցել ենք նորաձևության բլոգեր, Wnews.am կայքի համահիմնադիր, Գայանե Շահինյանի հետ:

-Գունային հաղորդակցության ոլորտի համաշխարհային առաջատար «Pantone Color Institute»-ն այս տարվա գույն է հայտարարել մանուշակագույնը, հատկապես ուլտրամանուշակագույնը, որը կարմիրի և կապույտի խառնուրդ է (գերակշռում է կապույտը):
Մանուշակագույնը սառը երանգ է և շատ է սազում ձմեռային գուներանգ ունեցող աղջիկներին, ովքեր կարող են կրել այն դեմքին մոտ՝ աքսեսուարների, տոպերի տեսքով: Ամառային գունային տեսակին պատկանող կանայք կարող են կրել տաբատների, պայուսակի տեսքով: Իսկ նրանք, ում սազում են ավելի տաք երանգներ, կարող են ընտրել ուլտրամանուշակագույնի կարմիրը գերակշռող տաք երանգը: Ասեմ նաև, որ ուլտրամանուշակագույնը շատ լավ համադրվում է 2018-ին ընդունված այլ գույների հետ՝ կապույտի, նարնջագույնի, շագանակագույնի, մոխրագույնի, կանաչի, դեղինի և այլն: Ինչ վերաբերում է հագուստին, որքան էլ զարմանալի է, ակտուալ են դարձել 2000-ականների տենդենցները` ցածր գոտկատեղով տաբատներ, տարբեր տեսակի մետաղները` տաբատներից կախված:
Փայլը, լայն գոտիները, բերետը, ինչպես նաև արհեստական մորթին, որ շատ ընդունված էին 2017-ին, չեն կորցնի իրենց ակտուալությունը նաև այս տարի:

-Ինքնատիպ լինելու համար պետք է հետևել նորաձևությա՞նը, դիմել իմիջ մեյքերների օգնությա՞նը, թե՞ սեփական ճաշակին տուրք տալ:

-Կարծում եմ` նորաձևությամբ հետաքրքրվող մարդիկ բաժանվում են երեք խմբի: Առաջին խմբում նրանք են, ովքեր կուրորեն հետևում են նորաձևության տենդենցներին` անկախ նրանից` տվյալ հագուստի ձևվածքը, գույնը համապատասխանու՞մ են իրենց մարմնին, կենսակերպին, կառուցվածքին, թե՞ ոչ:

Երկրորդ խմբում այն մարդիկ են, ովքեր հետևում են տենդենցներին, բայց այնտեղից վերցնում են միայն այն, ինչը իրենց հոգեհարազատ է, կամ փոփոխում են` հարմարեցնելով իրենց կենսակերպին, կառուցվածքին, միջավայրին, որտեղ ապրում են: Նրանք գեղեցիկ, նորաձև հագնվող աղջիկներն ու կանայք են, որոնց մենք հաճախ ենք տեսնում մեր առօրյայում: Իսկ ահա երրորդ խումբը բավական առանձնահատուկ է: Նրանք առանձնապես չեն հետաքրքրվում նորաձևության թրենդներով, իրենք են ստեղծում իրենց ոճը` իրենց կերպարներով ոգեշնչելով շատ դիզայներների: Նրանք փոքր թիվ են կազմում:

Ինքնատիպ ու ներդաշնակ կերպար ստեղծելու համար, կարծում եմ, առաջին հերթին պետք է ճանաչես ինքդ քեզ, իմանաս քո գունային տեսակը, օրինակ, աչքերիդ ու մազերիդ գույներին որ երանգներն են համապատասխանում, կարողանաս ծածկել թերություններն ու ընդգծել առավելությունները: Երկրորդ կարևոր գործոնը ինքդ քեզ սիրելն է: Շատ հեշտ է ստեղծել ինքնատիպ կերպար, երբ ինքդ քեզ հետ ներդաշնակ ես, ինքդ քեզ սիրում ես: Այստեղ արդեն այնքան էլ կարևոր չէ` հետևո՞ւմ ես նորաձևությանը, դիմու՞մ ես իմիջմեյքերի օգնությանը, թե՞ ինքդ ես քո ոճով զբաղվում: Ինձ համար հրաշալի օրինակ է դիզայներ Արմեն Երիցյանը: Երբ բոլոր դիզայներներն ասում էին, որ փայլը այս տարվա թրենդն է, նա հարցազրույցի ժամանակ ասաց, որ բավական է, որ տանը տոնածառը փայլփլուն լինի, պարտադիր չէ, որ տան անդամներն էլ փայլփլուն լինեն: Արմենին չեն հետաքրքրում թրենդները և թե մյուսները ինչ են ասում, նա սիրում է ինքն իրեն, իր տեսակը, հագնում է` ինչ ուզում է, և չի վախենում տարբերվելուց:

-Նոր սանրվածքը, նոր ոճը, գունային գամման կարո՞ղ են փոխել մարդու ներաշխարհը:

-Ես կասեի, որ կարող են ազդել անգամ ճակատագրի վրա: Էվելինա Խրոմչենկոն ասում է, որ երբ կինը հագնում է բարձրակրունկ գեղեցիկ կոշիկներ, նրա կողքին հայտնվում է գեղեցիկ տղամարդ, որ ցանկանում է բռնել ձեռքը և օգնել, որ նա դրանց վրա կարողանա քայլել: Այսինքն, երբ կինը գեղեցիկ է, խնամված, ավելի շատ է ուշադրության հանդիպում, հաճոյախոսություններ ստանում, բարյացակամ հայացքներ տեսնում: Բնականաբար, այդ ամենը բարձրացնում է նրա տրամադրությունը, ավելի հաճախ է ժպտում, օրն ավելի լավ է ընթանում, աշխատանքում և անձնական կյանքում հաջողություններ են լինում: Կարծում եմ (դա փաստում են նաև հոգեբանները), որ եթե ուզում ես ինչ-որ բան փոխել, պետք է սկսես արտաքին տեսքից, ինքդ քեզ պատրաստելով այն կյանքին, որով ուզում ես ապրել:

-Նորաձևությունը ավելի հաճախ փոխվու՞մ է, թե՞ կրկնվում:

-Կրկնվում է` որոշակի փոփոխություններով: Այն, ինչն անվանում են նորություն, թրենդ, ինչ-որ մեկը ինչ-որ ժամանակ հորինել է: Դիզայներները պարզապես փոփոխում են, հարմարեցնում տվյալ ժամանակաշրջանին, հենց նրանք էլ հայտարարում են, որ վերադառնում են, ենթադրենք, 90-ականները, կամ ակտուալ են 2000-ականները:

-Հայաստանյան մոդելավորողների, ոճաբանների մասին ի՞նչ կասեք: Կարո՞ղ են արդյոք միջազգային ասպարեզ դուրս գալ:

-Աշխատանքի բերումով ծանոթ եմ գրեթե բոլոր հայ դիզայներներին, նաև ինքս եմ կրում նրանց ձևած հագուստները: Շատ բազմազան է դիզայներների աշխարհը. և՛ դերձակն է իրեն դիզայներ համարում, և՛ ոճաբանը: Ժամանակի ընթացքում դաշտը կզտվի, կմնան լավագույնները: Հետաքրքիր գաղափարներ ունեցող դիզայներներ կան հատկապես նոր սերնդի մեջ, նրանք դեռ դուրս կգան միջազգային հարթակ: Սակայն այսօր էլ ունենք դիզայներներ, որոնք ներկայա- նում են միջազգային ցուցահանդեսներում, աշխատում են նորաձևության հեղինակավոր տներում:

-Գայանե, բավական ինքնատիպ եք հագնվում: Հետևորդներ շատ ունեք սոցցանցերում, բլոգում: Եթե սկսենք հետևել Ձեզ, նմանվել, դա Ձեզ կնյարդայնացնի՞, թե՞ բնական է, մոդելները, բեմի մարդիկ ինչ-որ կերպ ճաշակ են թելադրում:

-Բոլորովին չի նյարդայնացնում, հակառակը, մեր ընթերցող շատ աղջիկների հետ մտերմացել ենք, ինչը սկսվել է հենց ոճի հետ կապված հաճոյախոսությունից։ Ես ինձ հայտնի մարդ չեմ համարում, բայց եթե ինչ-որ մեկի հետաքրքիր է իմ կերպարը և համապատասխանում է իր գունային տեսակին, կառուցվածքին, ինչու՞ ոչ, կարող է ընդօրինակելու փորձ անել:

-Ի՞նչ կասեք վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք մեր համաքաղաքացիներին՝ ոճային, նորաձև լինելու համար:

-Վերջերս հայտնի միջազգային դիմահարդարներից մեկը հայուհիների մասին խոսելիս ասաց, որ նրանք առանձնահատուկ դիմագծեր ունեն, դիմահարդարմամբ ընդամենը պետք է ընդգծեն աչքերի, այտոսկրերի, թարթիչների, շուրթերի գեղեցկությունը: Կուզեի, որ այդ գեղեցկությունն ինքներս էլ գնահատեինք, չփորձեինք նմանվել ուրիշներին, այլ վստահեինք ինքներս մեզ, մեր սեփական ճաշակին ու ներքին ձայնին:

irates.am