Ֆինանսական գրագիտությունը կարևոր միջոց է վարկային ծանրաբեռնվածության դեմ պայքարելու համար։ Այդ մասին հայտարարեց Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզա Սարգսյանը` լրագրողներին ներկայացնելով 2017թ–ի աշխատանքի արդյունքները։
Ֆինանսական հաշտարարը դիտարկում է բանկերից, ապահովագրական ընկերություններից և այլ ֆինանսական կազմակերպություններից քաղաքացիների բողոքները։ Սակայն օգնում են նաև չհասցնել գործը բողոքի։ Դրա միջոցներից մեկը ֆինանսական գրագիտությունն է և սեփական իրավունքն ու հնարավորությունները գիտակցելը։
Մի շտապեք վազել բանկ, երբ սմարթֆոնի կամ Մալդիվներ մեկնելու ուղեգրի գրավիչ գովազդ եք տեսնում։ Հենց դրան էր նվիրված սեմինարը` կազմակերպված օմբուդսմենի գրասենյակի կողմից 2017թ–ին։ Սեմինարին մասնակցել են շուրջ 70 մասնագետներ։
Պարզվել է, որ որոշ երկրներում իրենց բանկերը խորհուրդներ են տալիս հաճախորդներին խուսափել «վարկային բեռից»։ Ընդ որում` նման փորձ կա ոչ միայն Եվրոպայում կամ Ամերիկայում, այլ նաև Հարավային Աֆրիկայում։ Այնտեղ համարվում է, որ ավելի լավ է հաճախորդին մեկ վարկ քիչ տալ, բայց նրան անօթևան և ընչազուրկ չթողնել։ Թեկուզ նրա համար, որպեսզի մեկ տարի հետո նա կրկին դիմի բանկին։
Կարո՞ղ է արդյոք ֆինանսական հաշտարարի գրասենյակն ընդունել և տեղայնացնել միջազգային ուղեցույցները վարկային ծանրաբեռնվածության դեմ։ Եվ, ամենագլխավորը, պարտավո՞ր են արդյոք բանկերը հետևել նման ուղեցույցների։
«Որոշում է օրենքը, այլ ոչ թե մենք։ Եթե օրենքը մեզ նման լիազորություններ տա, մենք կկարողանանք հետևել դրան։ Իսկ առայժմ մենք իրավունք ունենք արձագանքել միայն գույքային պահանջների դեպքում։ Օրինակ` եթե բանը հասնում է գրավի առգրավմանը», – պարզաբանեց Սարգսյանը։
Բայց եթե մարդը կիսաքաղցած է ապրում, որպեսզի վարկ վճարի կամ անվերջ տուգանքներ (նման բան նույնպես լինում է), ապա ոչ մի «Ռոբին Հուդ» չի կարող պաշտպանել նրան. օրենքով ամեն ինչ մաքուր է։
«Օրինակ` համաժողովում մենք դեպք ներկայացրինք` կապված զինծառայողի հետ։ Նա 400 հազար դրամի վարկ ուներ, իսկ ուշացնելու համար կուտակվել էր 3 միլիոն դրամի տուգանք։ Նրա աշխատավարձի 50 տոկոսն առգրավվել էին, բայց դա բավականացնում էր միայն հերթական տուգանքներին։ Նա ուղղակի չէր կարողանում հասնել մայր գումարին։ Ըստ էության` նա հավերժ պարտապան էր դարձել», – ասաց Սարգսյանը։
Ֆինանսական օմբուդսմենը կարո՞ղ է միջամտել նման դեպքերում։ Տարբեր երկրներում օմբուդսմենները տարբեր կերպ են կարծում։ Ինչ-որ մեկը հետևում է օրենքի տառին, մյուսը` ոգուն։
Գործին մասամբ օգնել են Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունները, որոնք ընդունվել են 2017թ–ի վերջին։ Այժմ վարկի մարումն ուշացնելու համար տուգանքները չպետք է գերազանցնեն պարտքի գումարը։ Այլ կերպ ասած` եթե մենք բանկին պարտք ենք կես միլիոն դրամ, ապա մեր տուգանքը չի կարող գերազանցել մեկ միլիոնը։
Ամեն դեպքում, ինչպե՞ս պարտք չմնալ անգամ այդ կես միլիոնը։ «Սովորեք», – խորհուրդ է տալիս ֆինանսական համակարգի հաշտարարը։
«Մենք կանոնավոր կերպով անցկացնում ենք բաց դռների օրեր ամբողջ հանրապետությունում, որոնց ժամանակ մանրամասն բացատրում ենք այն ամենը, ինչ վերաբերում է ֆինանսներին։ Այդ գիտելիքներն օգնում են խուսափել տհաճ հետևանքներից», – հավելեց Սարգսյանը։
2017թ–ին ֆինանսական օմբուդսմենն ընդունել է շուրջ 1 670 գրավոր բողոք։ Այդ բողոքների գրեթե 80 տոկոսը վերաբերել են ԱՊՊԱ հարցերին։ Ագրեսիվ մարքեթինգի հետ կապված բողոքներ (համոզել են վարկ վերցնել, բայց չեմ կարողանում վերադարձնել) չեն ընդունվում, եթե բանկը բարեխղճորեն նշել է բոլոր պայմանները` իրական տոկոսադրույքն անվանականի հետ միասին, ինչպես նաև բոլոր հնարավոր վճարումները (սպասարկման հաշիվներ և այլն)։
Հնարավոր է` ապագայում բանկերը պարտավոր լինեն փրկել իրենց «վարկասեր» հաճախորդներին։ Բայց ապագայի լուսավոր օրերին չսպասելու համար ավելի լավ է զգոն լինել։