«Եթե միայն ինքդ քեզ համար ապրես՝ կյանքն անհետաքրքիր կլինի: Ես էներգիա եմ ստանում, երբ ուրիշներին ուրախություն, ժպիտ եմ պարգևում։ Միայն աշխատելը և փող կուտակելը հետաքրքիր չէ։ Ես իմ կյանքն այդպես չեմ պատկերացնում», – ասում է 21-ամյա Գոհար Խաչատրյանը, որ չնայած երիտասարդ տարիքին՝ կամավորության մեծ ու բազմամյա փորձ ունի։
Գոհարը մասնագիտությամբ սոցիալական աշխատող է, ավարտել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «սոցիալական աշխատանք» բաժինը, այժմ սովորում է նույն ֆակուլտետի «սոցիալական քաղաքականություն և վարչարարություն» բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսում։ Սոցիալական աշխատողի մասնագիտությունը Գոհարը պատահական չի ընտրել. ասում է, որ լավ գիտեր աշխատանքի բնույթը և ցանկանում էր այդ ոլորտում աշխատել։
«Փոքր ժամանակ ուզում էի դերասանուհի դառնալ։ Բայց կամավորության ընթացքում հասկացա, որ ինձ դուր է գալիս շփվել տարեցների, երեխաների հետ, ընկերություն անել նրանց հետ։ Հաշմանդամություն ունեցող երեխաների «Ընտանիք և համայնք» կենտրոնում սոցիալական աշխատողներ կային, որոնց աշխատանքն ինձ հետաքրքրում էր։ Ու երբ ընտրության պահը եկավ, որոշեցի, որ ուզում եմ սոցիալական աշխատող դառնալ։ Սա այն մասնագիտությունն է, որ որքան էլ սովորես, եթե չունես համապատասխան բնավորության գծեր, երբեք չես կարող դառնալ սոցիալական աշխատող»,- ասում է նա։
Ամբողջությամբ՝ ankakh.com