Ուկրաինայում մարդկանց առևանգման հետևում կանգնած է այժմ Թուրքիայում գտնվող «օրենքով գող» Նադիր Սալիֆովը (Գուլի): Ըստ crimerussia.com-ի, այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ազգային ոստիկանության ղեկավարի առաջին տեղակալՎյաչեսլավ Աբրոսկինը:
Ըստ նրա, անցյալ տարի ազատվելով բանտարկությունից, Գուլին ձեռնամուխ է եղել խոշոր հանցավոր խմբավորման ստեղծմանը, որի ազդեցության ոլորտում է գտնվում Ուկրաինան: Հենց դրա հետ են կապում վերջին ժամանակներս հաճախակի դարձած տարբեր ազգությունների գործարարների ու նրանց ազգականների առևանգումները: Ընդ որում, մարդկանց համար փրկագին պահանջում են բիթքոյններով:
Բացի այդ, Ազգային ոստիկանության փոխղեկավարի տվյալներով, դեռևս իր բանտարկության ժամանակ Գուլին հենց բանտից կազմակերպում էր սպանություններ և մասնակցում «ռազբորկաների» հետխորհրդային տարածքում կանաչու իրացման շուկաներ զավթելու նպատակով: Ինչպես նշում է Աբրոսկինը, մաղադանոսի, սամիթի, սալաթի և այլնի առևտուրը մանրուք է թվում միայն առաջին հայացքից, իրականում դրա հետևում մեծ փողեր են կանգնած:
Նշվում է, որ այդ հեղինակավոր «օրենքով գող»-ին հավատարմության երդում են տվել Ուկրաինայի շատ քրեական տարրեր, որոնք նրա հետ հանդիպման մեկնում են Թուրքիա: Աբրոսկինը կոչ է անում Գուլիի ձեռքի տակ եղածների ձեռքից բոլոր տուժածներին դիմել ոստիկանություն, հակառակ դեպքում, ըստ նրա, շորթումները չեն դադարի:
Ռուսաստանում Գուլին հեռակա կալանավորվել է առևանգումների ու շորթումների մեղադրանքով: Այժմ նա միջազգային հետախուզման մեջ է գտնվում:
Ինչպես հաղորդում է 112 ուկրաինական հեռուստաալիքը, դեռևս մեկ տարի առաջ Ուկրաինայի ՆԳՆ-ն առաջարկում էր Վրաստանի օրինակով ուկրաինական օրենսդրության մեջ նախատեսել քրեական պատիժ բարձրագույն «գողական» հիերարխիայի ներկայացուցիչների համար: Սակայն այդ օրինագիծը մերժվել էր խորհրդարանի կողմից:
Միաժամանակ հաղորդվում է, որ Ուկրաինայի ազգային ոստիկանությունը համաձայնեցրել է կազմակերպված հանցավորության դեմ պայքար մղող հատուկ ստորաբաժանման ստեղծումը: Նոր կառույցը կձևավորվի մինչև ընթացիկ տարվա վերջը:
Ստորաբաժանման աշխատակիցների ընտրությունը կանցկացվի մրցութային կարգով: Ընդ որում, իրավապահները զբաղվելու են ոչ միայն կազմակերպված հանցավոր խմբերի դեմ պայքարով, այլև «օրենքով գողերին» հակազդեցություն ցույց տալով:
Այժմ Ուկրաինան կրիմինալիտետի հորդում է ապրում, այսպես, 2017թ. միայն յոթ ամիսների ընթացքում այդ երկիր ժամանել է 29 «օրինական»: Նրանց մեծ մասին արդեն արտաքսել են:
Նշենք, որ ամիսներ առաջ՝ 2017 թվականի նոյեմբերին, Ուկրաինայում առեւանգել էին նաեւ երկու հայազգի երիտասարդի, նրանց թվում հայ գործարար Սերգեյ Մանուկյանի որդին, ով Կիեւում խաղային բիզնեսով էր զբաղվում։
Նրանք ազատ արձակվեցին միայն այս տարվա հունվարին։ Ինչպես արդեն հաղորդել է «Փաստինֆո»-ն, նրանց ազատ արձակվելու մասին տեղեկացրել էր Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը։ «Ընկերներ, մենք լավ լուր ունենք։ 2017 նոյեմբերի 12- ին Կիևում առևանգված Հայաստանի քաղաքացիները (Արմանը և Սամվելն) արդեն ազատության մեջ են։ Նանրամասներ առայժմ չեմ հայտնի։ Լավ է, որ ամեն ինչ լավ է վերջանում»,- ֆեյսբուքում հունվարի 21-ին գրել էր դեսպանը։
Սակայն այդպես էլ իրավասու մարմինները չհայինեցին, թե ինչ էր կատարվել եւ ով էր կանգնած առեւանգման հետեւում։ Միայն հայտնի է, որ որդին հոր հետ վերադարձել է Հայաստան, իսկ գործարարը մտադիր է վաճառել Ուկրաինայում իրենց բիզնեսը։