Ամերիկյան հոգեբան Ռոսս Կեմբելը գտնում է, որ եթե մարդիկ սիրում են իրենց երեխաներին առանց պայմանի, երեխաների մոտ հետագայում ձևավորվում է ինքնահարգանք:
Այդ մարդիկ հոգեպես ավելի հավասարակշված են լինում, իսկ եթե նրանց սիրում են որովհետև նրանք կատարում են ծնողների պահանջները և արդարացնում` սպասելիքները, նրանք զգում են իրենց անլիարժեքությունը և մտածում, որ անիմաստ է ջանք գործադրել, որովհետև ծնողներին երբեք էլ հնարավոր չէ գոհացնել: Դա առաջացնում է անինքանվստահություն, տագնապայնություն, ցածր ինքնագնահատական:
Ծնողական սիրո չափազանցված արտահայտությունն էլ է լի հետևանքներով: Այն կարող է երկու ծայրահեղ ոչ ցանկալի դրսևորում ունենալ-«կույր ինքնազոհություն» և «չափազանց հոգատարություն»: Երկուսն էլ մայրական վերաբերմունքի չափազանցված արտահայտություններն են:
Կույր ինքնազոհության դեպքում երեխայի մոտ ձևավորվում է եսակենտրոնություն և պահանջատիրական վերաբերմունք մյուսների` հատկապես ծնողների հանդեպ: Երեխային թվում է, թե ողջ աշխարհն, ինչպես իր ընտանիքը, պետք է իր շուրջը պտտվի, բոլորը պարտավոր են իր ցանկությունները կատարել:
Չափազանց հոգատարության դեպքում երեխայի կամքն է թուլանում, և հոգեբանական աճն է դանդաղում: Որքան էլ մեծանա, միևնույն է ծնողների կարիքն ունեցող երեխա է մնալու: Նրա փոխարեն որոշում են կայացնում: Նրան հետաքրքիր է այն, ինչ ծնողներին կամ իր համար հեղինակավոր մարդկանց է հետաքրքիր: Նա մշտապես հոգատարության, խնամքի կարիք ունի:
Սակայն բոլոր վերաբերմունքներից ամենաանընդունելին անտարբերությունն է:
Հոգեբան Լևին մի փորձ է արել կենդանիների ձագերի վրա. մի խմբին մշտապես շոյել է, մյուսներին ֆիզիկական թույլ ներգործության է ենթարկել, օրինակ ծակել է, իսկ երրորդ խմբին անուշադրության մատնել: Առաջին խմբի շները մեծացել են առողջ, երկրորդ խմբի կենդանիներն էլ են առողջ, սակայն ագրեսիվ են դարձել, իսկ երրորդ խմբի կենդանիները հաճախ են հիվանդացել:
Այդպիսի փորձ են արել համակենտրոնացման ճամբարներում նորածինների հետ, և արդյունքները նման են: Սա վկայում է այն մասին, որ երեխաներն ամենից շատ կարիք ունեն մեր ուշադրության:
Շատ անգամ երեխաները հիվանդանում են, որովհետև նրանք այդպես անգիտակցաբար փորձում են ծնողների ուշադրությունը կենտրոնացնել իրենց վրա: Քանի որ սովորաբար, երբ երեխայի մոտ ամեն ինչ լավ է, ծնողները նրան քիչ ուշադրություն են հատկացնում, և շատ ու շատ երեխաներ ծնողների ուշադրությունը ստանում են հիվանդ ժամանակ:
Այդ պատճառով, երբ երեխան հիվանդ է, հարկավոր է բուժման ընթացքում խուսափել մեծ հոգատարություն ցուցաբերելուց, քանի որ նա կարող է կարծել որ ձեր ջերմ ու հոգատար վերաբերմունքին կարող է հասնել հիվանդանալու շնորհիվ:
Հաճախ ծնողները չեն էլ նկատում, որ իրենց երեխան խաղում է, դասերն է սովորում, հեռուստացույց է նայում, երբեմն ուտում է մենակ և ծնողի ուշադրությանն է արժանանում միայն իր վատ արարքով: Այդպես նրա մոտ անգիտակցաբար պատկերացում է ձևավորվում, որ իր վրա ուշադրություն են դարձնում, երբ նա վատ արարքներ է կատարում: Այսպիսի երեխային ասում են չար է: Նման երեխաների հետ հարկավոր է համբերատար լինել, փորձել վատ արարքները չնկատելու տալ, իսկ լավ արարքները խրախուսել:
Երեխայի հոգեկան հավասարակշռության համար երկու ծնողների սերը պարտադիր է: Ավելի շուտ երկու սիրո արտահայտումներն են պարտադիր: Հատկապես այն ընտանիքներում, որտեղ մի ծնողը բացակայում է, այնտեղ երեխան ստանում է մի ծնողի դաստիարակություն, ուստի այդ ծնողը պետք է կարողանա ապահովել սիրո երկու դրսևորում:
Կարծիք կա, որ լիարժեք ընտանիքներում (երբ երկու ծնողներն էլ կան) ավելի լիարժեք մարդիկ են մեծանում: Սակայն ոչ միայն հոր և մոր առկայությունն է կարևոր, այլ նրանց վերաբերմունքը երեխաների հանդեպ: Երեխաների հոգեկան և ֆիզիկական առողջության համար երեխային անհարժեշտ է. մայրական սերը, հայրական սերը, այդ երկու սիրո չափավոր արտահայտումը:
Երեխաները հոգեբանական խնդիրներ են ունենում, երբ այդ երեք պայմանները բավարարված չեն: Գերմանացի հոգեբան Հելլինգերը գտնում է, որ երբ մի ծնողը իր ֆունկցիաները չի կատարում, երեխան իր վրա է վերցնում այդ ծնողի դերը և դառնում է անառողջ մարդ:
Իսկական ծնողական սերը ենթադրում է հոգատարություն, հարգանք, պատասխանատվություն և գիտելիք:
Ծնող չեն ծնվում, այլ դառնում են, ուստի կարելի է սովորել երեխաների հանդեպ վերաբերմունք արտահայտել:
Երեխաների հետ հոգեբանական աշխատանքի ժամանակ պարտադիր պայման է նաև ծնողների հետ աշխատանքը:
Քանի որ երեխայի դաստիարակությանը վերաբերող բոլոր խնդիրները ընտանիքի սխալ պատկերացումների արդյունք են: Սակայն այստեղ չի կարելի ծնողներին մեղադրել, քանի որ նրանք անում են այն, ինչ իրենց ծնողներից են ստացել:
Հոգեբանական խորհրդատվության ընթացքում հոգեբանն օգնում է ծնողներին վերաիմաստավորել իրենց ծնողների հետ հարաբերությունները, գիտակցել նրանց կոմից թույ տված սխալները, հասկանալ դրդապատճառները, սովորել երեխայի հանդեպ համապատասխան վերաբերմունք դրսևորել:
Սիրեք ձեր երեխաներին, ձեր սերն է ձեր երեխայի երջանիկ ապագայի առհավատչյան:
Հոդվածի սկիզբը կարդացեք այստեղ