Հաջողությամբ նիհարելու համար անհրաժեշտ է ընդամենը դանդաղ ուտել. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Հաջողությամբ նիհարելու համար անհրաժեշտ է ընդամենը դանդաղ ուտել. հետազոտություն

Առանց ավելորդ չարչարանքի նիհարելու և 2-րդ տիպի դիաբետի առաջացման հավանականությունը նվազեցնելու համար պետք է ընդամենը կերակուրը երկար ծամել և յուրաքանչյուր հաջորդ չափաբաժնից առաջ դադար տալ: Այս մասին հայտնում են Կյուսյու (Ճապոնիա) համալսարանի գիտնականները:

Մոտ 60 հազար տղամարդկանց և կանանց մասնակցությամբ նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ կապ գոյություն ունի կերակուրը ուտելու արագության և գոտկատեղի շրջագծի ու ավելորդ քաշի միջև: Գիտնականների համար ճարպակալման չափանիշ է ծառայել մարմնի զանգվածի ինդեքսի ցուցանիշը (որը հաշվարկվում է մարդու հասակի և քաշի հարաբերակցությամբ): Սովորաբար 25-ից բարձր ինդեքսը ավելորդ քաշի ցուցանիշ է, իսկ 30-ից բարձրը՝ արդեն ճարպակալման: Սակայն ճապոնացիների համար մարմնի զանգվածի 25 ինդեքսն արդեն ահազանգում է ճարպակալման մասին, ինչը պայմանավորված է Ճապոնիայի բնակչության մարմնակազմության առանձնահատկություններով:

Գիտնականներն իրենց հետազոտությամբ հայտնաբերել են, որ եթե կարողանաս քեզ ստիպել հնարավորինս դանդաղ ուտել, ապա հնարավոր է ճարպակալումը արդյունավետորեն կանխել և զգալիորեն նվազեցնել առողջության համար վտանգները: Նրանք վերլուծել են 2-րդ տիպի դիաբետ ախտորոշմամբ 59,717 մարդու տվյալները: Այս հիվանդությունը սովորաբար առաջանում է հասուն տարիքում ավելորդ քաշի պատճառով: Հետազոտության մասնակիցները 2008-2013 թվականների ընթացքում առողջության կանոնավոր ստուգումներ են անցել: Գիտնականների ստացած բժշկական տվյալները ներառել են նրանց տարիքը և սեռը, մարմնի զանգվածի ինդեքսը, գոտկատեղի շրջագիծը, արյան ճնշումը, սնվելու առանձնահատկությունները, ալկոհոլ օգտագործելու սովորությունը և ծխելը: Դրանից բացի, գիտնականները 6 տարի նշել են կերակուրն ուտելու արագության փոփոխությունները:

Պարզվել է, որ 4192 հիվանդներ, որոնք սնունդը սովոր էին երկար ծամել, ունեին գոտկատեղի ավելի փոքր միջին շրջագիծ, մարմնի զանգվածի 22,3 ինդեքս և նրանց թվում զգալիորեն ավելի քիչ են եղել ճարպակալմամբ մարդիկ՝ ընդհանուր թվի  21,5 տոկոսը: Համեմատության համար՝ նրանցից 44 տոկոսը, ովքեր արագ էին ուտում, տառապել են ճարպակալմամբ և ունեցել են մարմնի զանգածի 25 և ավելի ինդեքս:

Մյուս գործոնները, որոնք կարող են մարդկանց օգնել քաշ կորցնել, հետևյալն են՝ կրճատել ինչ-որ բաներ ուտելը հիմնական սնվելու ժամերի միջև, ինչպես նաև նվազագույնը քնից երկու ժամ առաջ սնունդ ընդունելուց հրաժարվել։ Միևնույն ժամանակ, նախաճաշը բաց թողնելը, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, չի ազդում քաշի փոփոխությունների վրա:

Հավանաբար, դանդաղ ուտելն օգնում է նիհարել, քանի որ ստամոքսն այդ ողջ ընթացքում հասցնում է ուղեղին կշտանալու ազդանշան ուղարկել, և արդյունքում մարդն ավելի քիչ է ուտում։

Սակայն այդպիսի փորձերի ժամանակ սնվելու արագության մասին միանշանակ եզրակացություններ անելու համար պետք է հստակ ֆիքսել հետևյալը՝ մասնակիցների կարծիքն իրենց սնվելու արագության մասին կարող է սուբյեկտիվ լինել և գիտնականների ստացած տվյալները սխալ ներկայացնել։ Բացի այդ, մոտ ապագայում նմանատիպ հետազոտություններ պետք է անցկացվեն դիաբետով չտառապող մարդկանց շրջանում, որպեսզի բացառվի քաշ կորցնելու կամ ձեռք բերելու ժամանակ այդ հիվանդության բուժման պոտենցիալ դերը։

med.news.am