Հնաոճ, մոռացված կենցաղային զանազան առարկաներ՝ գդալ, պատառաքաղ, շաքարամանի մի կտոր, բաժակի կամ ափսեի կտորներ, չորացած սունկ ու մամուռ, ցորենի հատիկ կամ թե գունազարդ փետուր, այս ամենը նկարիչ – դիզայներ Լուսինե Նիկողոսյանի նուրբ ու ճարպիկ մատների շնորհիվ վերածվում են նրբաճաշակ ու գեղեցիկ զարդերի, որոնք հաճախ դուրս են մարդկային երևակայության սահմաններից:
Բարեկամներն ու ընկերները քաջատեղյակ լինելով Լուսինեի նախասիրությանը, նրան ապահովում են «հումքով», որի տեսականին աչքի անցկացնելուց հետո մտքերն ու գաղափարներն արդեն հանգիստ չեն տալիս Լուսինեին անգամ քնած ժամանակ:
Դեռ մանկուց սիրել է նկարել, թեև նկարչության դասերի չի հաճախել: Դպրոցական էր, երբ մորը զարմացրեց մի նկարով, որում մարդկային ֆիգուր էր պատկերված: Այլևս որոշված էր, բնատուր շնորհքը հարկավոր էր զարգացնել նախ Փ.Թերլեմեզյանի անվան նկարչական քոլեջում , այնուհետև Գեղարվեստի ակադեմիայի դիզայնի բաժնում : Ավարտելուց հետո մի կարճ ժամանակ Լուսինեն աշխատեց զարդերի վաճառքի սրահ-խանութում: Ամենօրյա շփումը զարդերի հետ նրա մոտ առաջացրեց դրանք ինքնուրույն ստեղծելու ձգտում, որը, սակայն երկար ժամանակ մնում էր որպես գաղափար:
Այնուհետև ընտանիք, երեխաներ, ամենօրյա ընտանեկան հոգսեր, սակայն գեղանկարչությունն ու հատկապես զարդերի ստեղծման գաղափարը Լուսինեին հանգիստ չէին տալիս: Առաջին զարդը մելխիորե թեյի գդալի միջոցով ստեղծած գեղեցիկ ու յուրահատուկ վզնոցն էր: Մտերիմների գնահատանքից ոգեշնչված Լուսինեն ստեղծում է միմյանց չկրկնող արվեստի կատարյալ գործեր:
– Սիրում եմ աշխատել միաժամանակ մի քանի զարդերի վրա, մեկի վրա չեմ կենտրոնանում,- WomenNet-ի հետ զրույցում պատմում է Լուսինեն,- իմ միտքը թռչում-սավառնում է մի գաղափարից մյուսը: Դրանք այնքան շատ են ու բազմազան; Մի զարդի վրա կարող եմ աշխատել մեկ շաբաթ, թողնել անավարտ ու անցնել մյուսին, հետո երրորդին, չորրորդին ու վերադառնալ դարձյալ առաջին աշխատանքին: Երբեմն նախապես պատկերացրած զարդը կարող է ավարտվել այլ ոճի մեջ: