Ֆուտբոլի Եգիպտոսի ազգային թիմը 28 տարվա դադարից հետո վերադառնում է ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: «Փարավոնները» չեն դասվում 21-րդ Մունդիալի ֆավորիտների շարքում, սակայն կարող են խառնել խմբային փուլի հակառակորդների «խաղաթղթերը»:
Պատմական ակնարկ
Եգիպտոսի ֆուտբոլի ազգային ընտրանին կազմավորվել է 1920 թվականին, մասնակցելու համար ամառային Օլիմպիական խաղերին, որը կայացել է Բելգիայում: Եգիպտացիները 7 անգամ նվաճել են Աֆրիկայի «Ազգերի գավաթը»: Վերջին անգամ նրանք այդ գավաթին տիրացել են 2010 թվականին, իսկ 2017 թվականին գրավեցին միայն երկրորդ տեղը:
Ֆուտբոլի աշխարհի առաջնություններին հյուսիսաֆրիկացիները մասնակցել են միայն երկու անգամ. նախ հեռավոր 1934 թվականին, երբ հասան մինչև 1/8 եզրափակիչ և ի վերջո գրավեցին 13-րդ տեղը: Ի դեպ, սա Եգիպտոսի բոլոր ժամանակների լավագույն արդյունքն է մինչ այս կայացած աշխարհի առաջնությունների ընթացքում: Երկրորդ անգամ «Փարավոնները» Մունդիալին մասնակցել են 1990 թվականին՝ Իտալիայում, որտեղ խմբային փուլի արգելքը չեն հաղթահարել: Եգիպտոսի ֆուտբոլի ազգային ընտրանին իր լավագույն արդյունքը գրանցել է 1964 թվականին՝ Օլիմպիական խաղերում՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը:
Ճանապարհ դեպի Ռուսաստան
Եգիպտոսը աշխարհի առաջնության աֆրիկյան որակավորման փուլում ընդգրկված էր E խմբում և 6 հանդիպումներից 4-ում հաղթանակ տոնեց, մեկական հանդիպում ավարտելով պարտությամբ և ոչ-ոքիով: Հավաքականի առաջատար Մուհամեդ Սալահը որակավորման փուլի լավագույն ռմբարկուն էր: Նա հեղինակեց 5 գոլ: Իսկ ահա Եգիպտոսի ազգային թիմի դարպասապահ Էսամ ալ-Հադարը սեփական դարպասն ընդունեց միայն 4 գոլ:
Խումբը, հնարավորությունները, մրցակիցները
Եգիպտոսի ազգային թիմը Մունդիալ-2018-ում ընդգրկված է A ենթախմբում և ուժերն է չափելու Ռուսաստանի, Ուրուգվայի և Սաուդյան Արաբիայի հավաքականների հետ: Թեպետ առաջին ենթախմբի ֆավորիտ համարվում է Ուրուգվայը, սակայն, մասնագետների կարծիքով, խմբային փուլի արգելքը կարող են հաղթել նաև ռուսները կամ եգիպտացիները:
«Փարավոնները» Մունդիալում պայքարը կսկսեն հունիսի 15-ին՝ առաջին խաղում մրցելով Ուրուգվայի հետ: Հունիսի 19-ին Եգիպտոսի մրցակիցը կլինի Ռուսաստանի հավաքականը, իսկ խմբային փուլի վերջին խաղում հունիսի 25-ին խաղալու են Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը:
Հավաքականը
Հյուսիսաֆրիկացիները Ռուսաստան կժամանեն հետևյալ կազմով` դարպասապահներ` Էդամ Էլ-Հադերի («Ալ-Թավուն»), Մոհամեդ Էլ-Շենեվի («Ալ-Ահլի»), Շերիֆ Էկրամի («Ալ-Ահլի»), Մոհամեդ Ավադժ («Իսմաիլի»): Պաշտպաններ` Ահմեդ Ֆատհի, Սաադ Սամիր, Այման Աշրաֆ, (բոլորը «Ալ-Ահլի»), Մահմուդ Համդի («Զեմալեկ»), Մոհամեդ Աբդել-Շաֆի («Ալ-Ֆատեհ»), Ահմեդ Հեգազի, Ալի Գաբր (երկուսն էլ «Վեստ Բրոմվիչ»), Ահմեդ Էլմոհամադի («Ասթոն Վիլա»), Կարիմի Հաֆեզ («Լանս»), Օմար Գաբեր («Լոս Անջելես»), Ամրո Տարեկ («Օրլանդո Սիթի»): Կիսապաշտպաններ` Տարեկ Համեդ, Մահմուդ Աբդել Ազիզ (երկուսն էլ «Զամալեկ»), Շիկաբալա («Ալ-Ռաեդ»), Աբդալախ Սաիդ («Կուպս»), Սեմ Մորսի («Ուիգան»), Մոհամեդ Էլ-Նենի («Արսենալ»), Կահրաբա («Ալ-Իտիհադ»), Ռամադաբ Սոբհի («Սթոք Սիթի»), Մահմուդ Հասան («Կաշիմպասա»), Ամիր Վարդա («Ատրոմիտոս»): Հարձակվողներ` Մարվան Մոհսեն («Ալ-Ահլի»), Ահմեդ Գամոա («Ալ-Մասրի»), Ահմեդ Մահգուբ («Բրագա»), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»):
Եգիպտացիների, ինչու չէ նաև համաշխարհային ֆուտբոլի բացահայտումն այս մրցաշրջանում դարձավ Մուհամեդ Սալահը, ով «Լիվերպուլ»-ի կազմում Անգլիայի Պրեմիեր լիգայում դարձավ լավագույն ռմբարկու` նոր ռեկորդ սահմանելով 31 գոլով: Սալահն ազգային հերոս է Եգիպտոսում և նրա հետ ֆուտբոլասերները մեծ հույսեր են կապում: Հավաքականում իր տեղն ունի նաև Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Մուհամեդ էլ-Նենին: 2011 խաղալով Եգիպտոսի հավաքականում՝ կիսապաշտպանն ունակ է ազգային ընտրանուն օգնել նաև փորձի շնորհիվ: Եգիպտոսի հավաքականի հաջողության «բանալիներից» մեկը նաև հավաքականի գլխավոր մարզիչ Հեկտոր Կուպերն է, ով կարողացավ «փարավոնների» դրական կողմերի համադրության շնորհիվ դուրս բերել թիմը աշխարհի առաջնություն: Մարզիչն ահռելի փորձ ունի կուտակած` մարզելով այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Վալենսիա»-ն, «Ինտեր»-ը և «Մալյորկա»-ն:
Եգիպտոսի ֆուտբոլի ազգային թիմը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 46-րդ հորիզոնականը:
Կազմեց` Վարվառա Հայրապետյանը
armenpress.am