Կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը համոզված է, որ «անիշխանության արդյունքը ավելի ահավոր ու արյունալի է Ռուսաստանի համար, քան ամենակոպիտ դիկտատորը»: Իր կարծիքը նա արտահայտել է առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման ժամանակ:
Իր խոսքով, Ռուսաստանում ամեն էքսպերիմենտ էլ վտանգավոր է. «Եթե մենք Մոնակոյի կամ Վատիկանի նման երկիր լինեինք, մեզ կարող էին նետել ջուրը և սպասել, թե երբ ջրից դուրս կգանք: Բայց մենք ոչ միայն ինքներս կսուզվենք, այլ մեզ հետ կտանենք աշխարհի կեսը»:
Ն. Միխալկովը կտրականապես հանդես է գալիս Ռուսաստանում գուբերնատորների նշանակման դեմ, որոնք «գնել են ձայները և ցավոք, դրա հետ այլևս ոչինչ չի լինի անել»: Ռեժիսորի կարծիքով, թե` երբ ժողովուրդը պատրաստ կլինի տեղական կառավարման ընտրություններին, պետք է որոշի հենց ինքը՝ ժողովուրդը:
Ն.Միխալկովը իր գոհունակությունն է հայտնել Ռուսաստանում նախագահականի ժամկետի երկարացման վերաբերյալ. «Ռուսաստանի նման երկրի համար 4 տարին՝ ոչինչ է»: Ավելին, նրա կարծիքով, այդ ժամկետը կարելի էր ավելի երկարացնել,- «Այն պայմանով, եթե իշխանության գլխին գտնվողը համապատասխանում է ժողովրդի ձգտումներին: Ժողովուրդը պատասխանատու է նրա համար, ում ընտրել է: Իսկ եթե նա սխալվել է… խեղճ ժողովուրդ»:
Այն հարցին, թե ինչ կաներ, եթե Ռուսաստանի նախագահ դառնար, Ն.Միխալկովը նկատեց.- «Կարևորը անել այնպես, որ բոլորը իրենց տեղերում լինեն, այլ ոչ թե փախչեն, որովհետև սարսափելի է: Ռուսաստանի հոգսերից մեկն այն է, որ մենք ամեն ինչ անում ենք կենդանական մղումով, և՛ խմում ենք, և՛ ալկոհոլիզմի դեմ ենք պայքարում»:
«Ժողովրդի հետ խոսել է պետք: Ցավը նրանում է, որ մենք սիրում ենք վիրավորել և սիրում ենք նաև վիրավորվել, իսկ խնդիրը, նախ պետք է բարձրաձայնել: Եթե նույնիսկ ոխերիմ թշնամիները նստեն դեմ առ դեմ, ցանկություն ունենալով հասկանալ, որն է յուրաքանչյուրի սխալը, ամեն ինչ ավելի հեշտ կլինի»:
Ն. Միխալկովը շոշափեց նաև Վ.Ի. Լենինին վերահուղարկավորելու հարցը: Նրա կարծիքով,- «Եթե Լենինը իմանար, որ իր մարմինը այդքան ժամանակ գետնի վրա է լինելու և պետք է ցուցադրվի որպես անշունչ իր, այդպիսի որոշում կայացնող մարդը շատ դաժան պատժի կենթարկվեր: Բայց մյուս կողմից էլ, ավագ սերնդի համար նա խորհրդանիշ է: Նրանք շատ քիչ են մնացել և քիչ ժամանակ է մնացել ապրելու համար: Այնպես որ, այստեղ հավասարակշռված լուծում է պետք»,- պատասխանել է Միխալկովը: