Լեզվաբանները, Լեզվի պետական տեսչության նախկին պետերը, քննարկելով տեսչության կոմիտե դառնալու հանգամանքը, կարծում են, որ անվանափոխությունը կարող է որպես հետընթաց դիտվել: Այս և Լեզվի կոմիտեի գործառույթների մասին հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին լեզվաբան Հովհաննես Զաքարյանը, Լեզվի պետական տեսչության նախկին պետեր Լևոն Գալստյանը, Լավրենտի Միրզոյանը և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը:
«Լեզվի պետական տեսչությունը ստեղծվել է ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ լեզվի մասին օրենքի կիրարկման կարգում գրված է «Լեզվի պետական տեսչություն» անունը: Այդ անունը «կոմիտե»-ով փոխարինելը հակասում է օրենքին: Կիրարկման կարգով տեսչությանը տեսչական լիազորություններ էին տրված, այսինքն, լեզվի օրենքի կատարման վերահսկումը պետք է ապահովեր պետական տեսչությունը: Բացի այդ, ընդունված է, որ օրենք ստեղծելիս պետք է լինի լիազորված մարմին, ով կհետևի օրենքի դրույթների կատարմանը, նաև կարող են պատժամիջոցներ սահմանվել»,- նշեց լեզվի մասին օրենքի նախագծի հեղինակ Հովհաննես Զաքարյան:
Վերադառնալով անվանափոխությանը` նա ասաց, որ դա հետընթաց է: «Կա կարծրատիպ, որ կոմիտեները խորհրդային կառավարման համակարգին են բնորոշ: Անգամ «կոմիտե» բառն է ֆրանսերեն, հետևաբար, տարբեր տենակյուններից այդ երևույթը կարող է հետընթաց ընկալվել»,-եզրափակեց Զաքարյանը:
Լեզվի տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանի խոսքով` կոմիտեն ավելի ցածր կարգավիճակ ունի քան տեսչությունը: «Կոչվում է Լեզվի կոմիտե, ոչ Լեզվի պետական կոմիտե, սա նշանակում է մի բաժնի իրավունքներով կոմիտե, որը չի ունենալու պետական լծակներ, աշխատակազմ, բաժիններ, անգամ ստուգելու տեսչական գործառույթ իրականացնելու հնարավորություն: Հիմա ո՞վ պետք է հրապարակային գրվածքի խախտումները, լեզվական աղավաղումները ստուգի ու պայքարի դրանց դեմ: Բացի այդ, դեռ հստակեցված չեն Լեզվի կոմիտեի գործառույթները»,-ընդգծեց Միրզոյանը:
Միրզոյանը շեշտեց, որ Լեզվի կոմիտեն լուրջ խնդիրներ ունի` կապված դասագրքերի, լեզվական քաղաքականության, ազգային հանրակրթական դպրոցների և այլնի հետ:
Լեզվի պետական տեսչության նախկին պետ Լևոն Գալստյանը ներկայացրեց այն լիազորությունները, որոնք վերապահված էին տեսչությանը:
«Աշխատում էինք երեք ուղղությամբ` վերահսկողություն, որը կատարում էինք տեսչական ստուգումների միջոցով, լեզվի կանոնարկում, բովանդակային խնդիր, որն իրականացնում էինք հայերենի բարձրագույն խորհրդի միջոցով, քարոզչություն` զուգահեռ հորիզոնական աշխատանքը բոլոր ԶԼՄ-ի, պետական հիմնակների, հաստատությունների հետ: Կարծում եմ` դա միշտ եղել է ու շարունակվելու է: Ենթադրում եմ, որ կոմիտեն անպայման կունենա իր վերահսկողական գործիքներն ու էական բան չի փոխվի»,-ասաց նա և հավելեց` լավ կլիներ, որ նորաստեղծ կոմիտեն մենակ չմնար, քանի որ լեզվական քաղաքականությունը միայն որևէ հաստատության խնդիրը չէ:
ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը հույս հայտնեց, որ Լեզվի կոմիտեի կարգավիճակն ավելի բարձր կարող է լինել, քան տեսչությանն էր: «Ծանոթ եմ կոմիտեի կանոնադրության նախագծին, որում առաջնահերթ է այն, որ կոմիտեն զբաղվելու է լեզվաքաղաքականության ու դրա վերաբերյալ սկզուքներ մշակելով: Իսկ դա շատ կարևոր է»,-եզրափակեց նա: