Ըստ մի հետազոտության, եթե մարդ երկրից երկիր է տեղափոխվում ու մոռանում իր ծննդյան լեզուն, միևնույն է՝ պահպանում է այդ թաքնված ունակությունը:
Հարավային Կորեայում ծնված և դանիախոսների կողմից որդեգրված չափահասներն իրենց ծննդյան լեզունմոռանալուց, սակայն կորեերենի դասընթացին մասնակցելուց հետո գերազանցել են կորեերեն լեզվի արտասանության հետ կապված ակնկալիքները:
Գիտնականներն ասում են, որ ծնողները պետք է մանկիկների հետ հնարավորինս շատ խոսեն ծծնդյան օրվանից սկսած: Հետազոտությունն իրականացրել է դր. Ջիյուն Չոյը Սեուլի Հանյանգ համալսարանից:
Նա առաջին անգամ բացահայտել է, որ որդեգրված երեխաների համար վաղ տարիքում ծննդյան լեզվով շփումը տասնամյակներ անց առավելություն է, նույնիսկ եթե նրանք այդ լեզուն մոռացված են համարում:
«Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ մարդը կյանքի ամենավաղ ամիսներին օգտակար լեզվական գիտելիքներ է կուտակում, որոնք պահպանվում են և կարող են բացահայտվել լեզուն վերստին սովորելով»,- ասել է գիտնականը Բի Բի Սի –ի ծառայությանը:
Հետազոտությանը մասնակցել են դանիախոս ընտանիքների կողմից նորածին հասակում որդեգրված մոտ երեսուն տարեկան չափահասներ: Կարճատև դասընթացից հետո նրանք պետք է արտասանեին կորեերեն բաղաձայն հնչյուններ: Կորեերեն բաղաձայնները նման չեն դանիերեն բաղաձայններին:
Մասնակիցների արտասանությունը համեմատել են չափահասների մեկ այլ խմբի հետ, որը մանկության տարիներին չէր առնչվել կորեերեն լեզվին: Խմբերի արտասանությունը գնահատել են կորեերեն լեզվի կրողները:
Դասընթացից առաջ երկու խմբերն էլ եղել են նույն մակարդակի վրա, սակայն դասընթացից հետո դանիախոսների կողմից որդեգրված կորեացիները գերազանցել են ակնկալիքները:
Հետազոտությունը ցույց է տալիս, որ տարբերություն չկա մինչև վեց ամսականը (մինչև խոսելը) և տասնյոթ ամսականից հետո (խոսել իմացող) որդեգրվածների միջև: Սա վկայում է այն մասին, որ կուտակած լեզվական գիտելիքները բնույթով ավելի շատ վերացական են, քան կախված տարիների փորձառությունից:
Դր. Ջիյուն Չոյն ասում է, որ սա ուղերձ է ծնողներին:
«Խնդրում եմ հիշեք, որ լեզվի ուսուցումն սկսվում է վաղ հասակից, և ինչպես մեր հետազոտությունն է ցույց տալիս, օգտակար լեզվական գիտելիքները կուտակվում են կյանքի ամենավաղ ամիսներին»:
«Աշխատեք հնարավորինս շատ խոսել ձեր երեխաների հետ, քանի որ նրանք կլանում և յուրացնում են այն, ինչ ասում եք»:
Լեզու սովորելը սկսվում է շատ վաղ հասակից, երբ երեխան դեռևս մոր արգանդում է:
Ծնվելուց երեխաները լսում են իրենց մոր ձայնը: Դեռևս վաղուց էր հայտնի, որ մայրենի լեզվով խոսելու և լսելու հիմքերը վաղ հասակում են գցվում: Սակայն մինչև վերջերս հայտնի չէր, որ շատ վաղ հասակում լեզու սովորելու ընթացքը վերացական բնույթ է կրում:
Հետազոտությունը հրատարակվել է Royal Society Open Science ամսագրում: