Իսպանական ֆուտբոլում ավարտվեց մի ամբողջ դարաշրջան: Այո, այո: 21-րդ դարի քառորդ մասի հատմանը դեռ կան տարիներ, բայց վստահաբար կարելի է ասել, որ Մեսի-Ռոնալդու անհավանական տասնամյա «պատերազմն» այլևս պատմություն է: Թե ով հաղթեց այս դիմակայությունում, ասելն երևի թե ամենաանշնորհակալ բանը կլինի աշխարհում: Ինչևէ: Նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ Լեոն կորցրեց համ լավագույն ընկերոջը (ադիոս, Ինիեստա), և նրան անընդհատ մոտիվացիայի մեջ պահող մրցակիցը, (չաո, Կրիշ): Բայց հոգ չէ: Ինչպես ասում են՝ «Ռեալը» Լեոյին «պարապ-սարապ» չի թողնի:
1. Չկա Ռոնալդուն
Բեյլի ամենաառաջին խնդիրը Մադրիդ գալուց ի վեր եղել է Կրիշը: Մրցաշրջանի մեկնարկում Ռոնալդուն վնասվածք էր ստացել ու նրա փոխարեն առաջատարի դրոշակն իր ձեռքն էր վերցել «ուելսցի Բոլտը»: 5 խաղում 5 գնդակ առանց Ռոնալդուի, ընդ որում տարբեր ճաշակի: Թվում էր՝ Ռոնալդուն լուրջ խնդիրներ կունենա հիմնական կազմում: Սակայն պորտուգալացին, ինչպես միշտ, արձակուրդից վերադարձավ էլ ավելի ուժեղ, Բեյլը ստիպված էր ընկնել դեպրեսիայի մեջ, քիչ խաղալ, սառացնել մկաններն ու ստանալ վնասվածքներ:
2. Չկա Զիդանը
Ֆրանսիացի մասնագետն, այո, «Ռեալի» հետ նվաճեց ՉԼ գավաթը: Դա ֆենոմենալ ցուցանիշ է: Բայց Բեյլի համար դա ավելի քիչ հաճելի է, քան կարող էր լինել: Զիզուն ուելսցուն օգտագործում էր միայն այն ժամանակ, երբ պետք էր գալիս կամ երբ նա ֆիզիկապես պատրաստ էր: Սակայն բազմաթիվ դեպքերում ֆրանսիացին առողջ Բեյլի փոխարեն գերադասում էր Իսկոյին կամ Ասենսիոյին, որոնք լավ էին միայն հատված առ հատված:
3. Իդեալականին մոտ մարզավիճակ
Ուելսի հավաքականի անփոխարինելի առաջատարը «Ռեալ» տեղափոխվելիս համարվում էր Ռոնալդուի պես կատարյալ մարզիկ: Նրա ֆիզիկական պատրաստվածությանը կարող էին նախանձել միլիոնավոր աթլետներ: Սակայն վնասվածքները նրան ստիպեցին ավելի շատ դիմել ոչ թե մարզիչների, այլ բժիշկների, այդ թվում և հոգեբանների (չի բացառվում) օգնությանը:
4. Թոփերի հետ չաշխատած մարզիչ
Դարասկզբում կարիերան ավարտած ու անմիջապես մարզչական աշխատանքի անցած Լոպետեգին 16 տարի մարզել է կամ երիտասարդական հավաքականներ, կամ էլ միջակ ակումբներ: Միայն 2014-ին, ունենալով արդեն 11 տարվա մարզչական փորձ՝ Լոպետեգիին վստահվեց «Պորտուն», որտեղ վառ անհատ չկար: 2016-ին Լոպետեգին գլխավորեց արդեն Իսպանիայի հավաքականը: Այստեղ էլ բացառապես հակառակ պատկերն էր՝ բոլորը թոփ էին, մնում էր մարզչական գոտում ձևական դիրիժորել ոչ կախարդական փայտիկով, միևնույնն է՝ Ինիեստան ու ընկերները մի բան կմոգոնեն ու ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարը կհաղթեն: Հետո եղավ ոչ պրոֆեսիոնալ քայլն ու նրա հեռացումը:
5. Բեյլը պարզապես այս պահին ավելի ուժեղ է իր մրցակիցներից
Ռոնալդուն Իսպանական սուպերակումբի կազմը համալրելիս եղել է եզրային հարձակվող, վերջին տարիներին՝ մաքուր գոլահար: Հիմա «Ռեալն» ավելի շատ պետք է մտածի այդ ուղղությամբ: Հարի Քեյնի կամ Կիլիան Մբապեի թեկնածությունը նման պարագայում կարելի է դիտարկել: Բայց մյուս կողմից՝ «Ռեալում» կա բազմաֆունկցիոնալ Բեյլը, որը անհրաժեշտության դեպքում կարող է գործել յուրաքանչյուր դիրքում, այդ թվում մաքուր հարձակվողի: Ուելսցին տուգանային հրապարակի մեծ գիտակ Քեյնից ավելի ունիվերսալ է և կարող է նրա հետ եզրով համագործակցել: Երկու դեպքում էլ Լոպետեգին կշահի:
Այս պարագայում չի դիտարկվում Կարիմ Բենզեման: Ֆրանսիացի հարձակվողն այս պահին ավելի շատ զբաղված է Ինստագրամում հետևորդներ հավաքելով ու նոր մեքենաների լուսանկարներ հրապարակելով: Վերջին 2 տարվա ընթացքում Կարիմ Բենզեմային ամենաշատը հավատացել են Զինեդին Զիդանն ու իմ գործընկեր Արման Աբելյանը: Սակայն ֆրանսիացի հարձակվողը չարդարացրեց՝ վրիպելով անգամ այն ամենը, ինչը հնարավոր չէր վրիպել:
Ամբողջությամբ՝ vnews.am