Հայ տաքսիստների խնդիրները բազմազան են և տարաբնույթ։ Ոլորտը տարիներ, նույնիսկ տասնամյակներ շարունակ բարձիթողի վիճակում է եղել։ Այդ ոլորտում տարրական կարգուկանոն հաստատելու փորձեր երբեմն արվում են, սակայն խանդավառությունը սովորաբար շատ արագ մարում է։ Այդուհանդերձ, և՛ պետությունը, և՛ տաքսու վարորդները շարունակում են երկխոսությունը։
Ինչպես երեքշաբթի հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր մասնավոր տաքսու վարորդ Արման Գալստյանը (նրան կարելի է առաջնորդ անվանել, «սեփական իրավունքների պաշտպանության տաքսու վարորդների շարժման» ակտիվիստ), ժամանակն է, որ տաքսու վարորդները պետության տեսանկյունից լիիրավ աշխատողներ ճանաչվեն, որպեսզի նրանք օգտվեն բոլոր իրավունքներից` սոցիալական և այլն։ Որպեսզի կենսաթոշակ ստանան, որպեսզի բանկերը նրանց վարկեր տրամադրեն, իսկ խանութները` ապառիկով ապրանքներ։ Ինչպես բոլոր օրինական աշխատողներին։
Սակայն այ քեզ խնդիր. առաջին քայլն այդ ճանապարհին տաքսու վարորդի արտոնագիր ձեռք բերելն է։ Գալստյանը բողոքում է, որ այդ արտոնագրի արժեքը չափազանց բարձր է և առաջարկում է իջեցնել այն։ Քանի որ այդ արտոնագիրը ոլորտի կարգավորման պարտադիր պայման է, դրան մեծ ուշադրություն են դարձնում։
Եվ այստեղ սկսվում են հակասությունները, ընդ որում` անմիջապես։ Ենթադրենք` արտոնագրի արժեքը էապես նվազի։ Բանն այն է, որ նույնիսկ այդ դեպքում արտոնագիր ձեռք բերել ցանկացողների թիվը հազիվ թե կտրուկ բարձրանա, քանի որ ՀՀ քաղաքացին, որպես կանոն, ուզում է, որ բոլորն օրենքով ապրեն, բացի իրենից. նա ուզում է, որ այդ օրենքում իր համար սողանցք լինի։
Անձամբ ճանաչում եմ մասնավոր տաքսու վարորդի, որը բոլոր հնարավոր միջոցներով խուսափում է այդ թուղթն ունենալուց, բայց մյուսներին քարոզում է դա անել` մի շարք դրական կողմեր նկարագրելով։ Մի հարցրեք` որն է տրամաբանությունը։ Չգիտեմ։
Անձամբ ճանաչում եմ մեկ այլ տաքսիստի, որին երբեք և ոչ ոք չի կանգնեցնի փողոցում միայն այն պատճառով, որ նրա ավտոմեքենայի վրա տաքսու որևէ նշան չկա` ո՛չ կանաչ լույս, ո՛չ շախմատաձև նշան, ոչինչ։ Նա իր հաճախորդներն ունի, պատվերն ընդունում է հեռախոսով, և որևէ մեկը երբեք չի կարող ապացուցել, որ նա տաքսու վարորդ է։ Ասացեք խնդրեմ` ինչի՞ համար նա պետք է վճարի նույնիսկ ամենաէժան արտոնագրի համար։ Բայց չէ՞ որ նրա նման շատերը կան։
Թե՞ բոլոր «գրդոնչիներն» են տաքսու նշան դնում։ Նրանց նույնպես պետք չէ այդ արտոնագիրը. նրանք այնքան ժամանակ են աշխատում, որքան ուզում են, իսկ արտոնագիր ունենալու դեպքում ստիպված են հետ բերել այդ թուղթը ձեռք բերելու և դրանից հետո արվող բոլոր վճարումների գումարը։ Այնպես որ խնդիրն իրականում բավականին դժվար է, և ամենևին էլ ոչ այն պատճառով, որ պետական մարմիններն են ծուլանում։
Ուրիշ բան, եթե խոսենք պետության կողմից պաշտոնապես գրանցված տաքսի ծառայությունների աշխատակիցների մասին. այստեղ կարգուկանոն հաստատելն ամենևին էլ բարդ չէ։ Միայն ցանկություն է պետք` հետևել, պահանջել և բոլոր իրավունքները տրամադրել և՛ ձեռնարկության սեփականատիրոջը, և՛ աշխատակիցներին։
Ի դեպ, մամուլի ասուլիսի ժամանակ նման խոսել են նաև նոր ծառայության մասին, որը բարեգործական «թեքում» կունենա։ Նոր տաքսի ծառայության հիմնադիրները նշել են, որ եկամուտի մինչև 80%-ը բարեգործական նպատակների կուղղվի` նախկին և ներկա զինծառայողների, նրանց ընտանիքների օգնությանը (բուժման, բնակարանային պայմանների բարելավման և այլն)։ Վարորդների մասին նույնպես չեն մոռանա, նրանց համար ևս տարբեր արտոնություններ կմտածեն և կփորձեն օգնել հնարավորության սահմանում։
Գուցե հիմնադիրները համապատասխան հաշվարկներ են արել և որոշել են, որ 20 տոկոսը բավարար կլինի աշխատավարձերի, ավտոպարկի կարիքները հոգալու և այլ ծախսերի համար։ Սակայն հարցը թվերը չեն. թող բարեգործական նպատակներին ոչ թե 80% ուղղվի, այլ 70 կամ 65։
Ցանկալի կլիներ, որ այդ նախաձեռնությունը հաջողությամբ պսակվեր. բացի զուտ բարեգործական նպատակներից, դրա հաջողությունը ճանապարհ կհարթի ամբողջ ոլորտը օրինական դաշտ բերելու համար։ Հետո արդեն կարևոր կլինի խելամիտ հավասարակշռության բերել պարտադիր պետական վճարումներն ու աշխատակիցների աշխատավարձերը։ Պարզ ասած` չխեղդել հարկերով։
Եվ ամեն դեպքում պարզ չէ` ինչ կարելի է անել սահմանափակ հաճախորդների հետ զանգերով աշխատող մասնավորների կամ արտոնագիր չունեցող «գրդոնչիների» հետ։ Գուցե պետք է առայժմ թողնել այնպես, ինչպես կա, պարզել մոտեցումների ընդհանուր քաղաքականությունը այս չափազանց բարձիթողի վիճակում գտնվող ծառայությունների ոլորտում…