Սեպտեմբերի 6-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսում է պայքարն Ազգերի լիգայում: Առաջին խաղը Լիխտենշտեյնի դեմ է:
Ազգերի լիգայում Հայաստանն ընդգրկված է D դիվիզիոնում: Այս դիվիզիոնում են ընդգրկված նաև Վրաստանի, Ադրբեջանի, Մակեդոնիայի, Բելառուսի, Ֆարերյան կղզիների, Լատվիայի, Լյուքսեմբուրգի, Ղազախստանի, Մոլդովայի, Լիխտենշտեյնի, Մալթայի, Կոսովոյի, Անդորրայի, Սան Մարինոյի և Ջիբրալթարի հավաքականները:
A, B, C և D դիվիզոնների հավաքականները բաժանվել են 4 խմբի: Հայաստանի հավաքականն ընդգրկվել է D դիվիզիոնի չորրորդ խմբում, որտեղ մրցելու է ՆՀՀ Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի դեմ: Մինչև նոյեմբեր թիմերը կպարզեն խմբի առաջատարին:
Նշենք, որ Ազգերի լիգան Հայաստանի հավաքականին լավ հնարավորություն է տալիս՝ մասնացելու Եվրո-2020-ի եզրափակիչ փուլին: Դրա համար նախ պետք է առաջինը լինել խմբում, իսկ հետո մասնակցել դիվիզիոնի ներսում անցկացվող անցումային խաղերին: 4 դիվիզիոնների հաղթողները կստանան Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր:
Ինչպիսի՞ն են Հայաստանի հավաքականի հնարավորություններն առաջիկա խաղերում և, առհասարակ, Ազգերի լիգայում: Տպավորություն է, որ D դիվիզիոնի թիմերը չունեն շատ հնչեղ անունները, և նրանց հաղթելը ոչ միայն հնարավոր է, այլև բարդ չէ: Մյուս կողմից, Ազգերի լիգայի միջոցով Եվրո-2020-ի ուղեգիր նվաճելու մոտիվացիա ունի ոչ միայն Հայաստանի հավաքականը, այլ բոլոր մյուս հավաքականները ևս: Մրցաշարի ողջ ընթացքում Հայաստանի հավաքականը պետք է ցուցադրի ստաբիլ խաղ և լրջորեն տրամադրվի յուրաքանչյուր խաղին:
Հայաստանի հավաքականի հնարավորությունների մասին 168.am-ը զրուցել է հայ մարզական լրագրողների և բլոգերների հետ:
Միհրան Ալեքսանյան.- TotalFootball.am, լրագրող
«Ազգերի լիգան լավ հնարավորություն է մեր հավաքականի համար Եվրո-2020-ի ուղեգիր նվաճելու համար: Խմբում առաջին տեղ գրավելը հիմնական նպատակն է: Կարծում եմ՝ Հայաստանը ազգերի լիգայում կարող է կրկնել այն, ինչ արեց Ռուսաստանը ԱԱ 2018-ում: Ռուսների դեպքում էլ մրցաշարից առաջ չափազանց շատ էր նեգատիվ ֆոնը, անընդհատ քննադատություններ, այս կամ այն ֆուտբոլիստին հրավիրել/չհրավիրելու խոսակցություններ, չտպավորող ընկերական (ինչպես ասում էր Չերչեսովը՝ ոչ թե ընկերական, այլ ստուգողական) հանդիպումներ: Նույն իրավիճակը հիմա մեզ մոտ է: Եթե խոսենք մեր հավաքականի կազմից, վերլուծենք վերջին խաղերը, այս պահին դրական որևէ բան դժվար թե առանձնացնենք: Հույս ունեմ՝ հավաքականի մարզչական շտաբը գիտի, թե ինչ է անում:
Առաջինը մրցելու ենք Լիխտենշտեյնի հետ: Այս խաղում պետք է ոչ միայն հաղթել, այլև որքան հնարավոր է՝ շատ գոլ խփել, որպեսզի հետագայում խփած և բաց թողած գոլերի տարբերությունը հաշվարկելիս՝ առավելություն ունենանք: Կարծում եմ, որ մեր հավաքականը կարող է խոշոր հաշվով հաղթել Լիխտենշտեյնին և նույնիսկ պարտավոր է: Եթե այս մրցաշարում այսպիսի մրցակցին սեփական հարկի տակ չկարողանանք հաղթել, ապա ոչինչ չունենք անելու Ազգերի լիգայում:
Իսկ Մակեդոնիայի դեմ խաղը, անկասկած, բարդ է լինելու: Դժվար է որևէ բան ասել այդ խաղի վերաբերյալ, քանի որ նույնիսկ մոտավորապես չեմ պատկերացնում, թե ինչ մարտավարությամբ և ինչ կազմով է խաղալու մեր հավաքականը նախ՝ Լիխտենշտեյնի, ապա՝ Մակեդոնիայի դեմ: Առաջին խաղից հետո նոր կարող ենք իրական պատկերացում կազմել, թե ինչի կարող ենք հասնել Ազգերի լիգայում»:
Ալբերտ Գևորգյան.- Sports.ru-բլոգեր
«Անկեղծ ասա, սկզբում այնքան էլ լավ չէի հասկացել այս մրցաշարի ձևաչափը: Ըստ իս՝ ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպված այս մրցաշարը ոչ միայն հնարավորություն է թույլ հավաքականների համար, այլև հնարավորություն է տալիս գտնել ուժեղագույններին միջին հավաքականների մեջ: Մրցաշարի ընթացքում ամենադիտարժանը պետք է լինի թոփ հավաքականների խաղերը իրար դեմ:
Հայաստանի հավաքականի մրցակիցները D խմբում այնքան էլ ուժեղ չեն. մեր ընտրանին հանդիպել է նաև թոփ հավաքականների: Եթե մեր հավաքականը ունենար նախորդ տարիների փառքը, հիմա այս խմբում չէր լինի: Բայց ունենք այն, ինչ ունենք:
Մակեդոնիայի հավաքականը վատ մրցակից չէ, իսկ Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի հավաքականները եվրոպական գաճաճներ են:
Երեք օր անց, Լիխտենշտեյնի դեմ խաղով սկսվում է նոր մրցաշար: Նոր՝ նաև եվրոպական համայնքի համար: Բայց ֆուտբոլ առաջին անգամ չէ, որ խաղում ենք, և սա առաջին մրցաշարը չէ: Խաղում ենք հաղթելու համար, իսկ հաղթել հավաքականը պարտավոր է: Պարտավոր է ոչ միայն այն պատճառով, որ մրցակիցները ուժեղ չեն, այլ հավաքականը պետք է ապացուցի ինքն իրեն ու երկրպագուներին, որ կարող է հասնել ինչ-որ կարևոր և արժանի նվաճման:
Ֆուտբոլիստների մարզավիճակը շատ կարևոր է, քանի որ խաղերն ընթանալու են երեք ամսվա ընթացքում, և այն էլ՝ եվրոպական ֆուտբոլի ամենաթեժ շրջանում: Առայժմ մեզ համար առաջնայինը խմբում հաղթելն է, իսկ հետո կտեսնենք՝ ինչ է լինում:
Կարծում եմ, մենք բոլոր թիմերին հաղթելու վատ հնարավորություններ չունենք: Այս թիմերը հավասար չեն մեր մակարդակին, բայց ստացվել է այնպես, որ վարկանիշով մենք հարևաններ ենք: Ժամանակն է փոխել իրավիճակը, ժամանակն է գտնել նոր հարևաններ և նոր լիգաներ»:
Սպարտակ Պետրոսյան.- TotalFootball.am կայքի գլխավոր խմբագիր, Լոռի ՖԱ-ի մամուլի քարտուղար
«Կարծում եմ, որ մեր հավաքականի խաղերից առաջ այլևս պետք չի ինչ-որ բան ասել։ Պետք է ուղղակի մտածել միայն հաղթանակի մասին։ Ու, իհարկե, գնալ մեր թիմին երկրպագելու։ Ասելիք պետք է ունենալ խաղից հետո։ Քննարկել, վերլուծել։ Կարծում եմ` 6 խաղն էլ մերոնք պարտավոր են հաղթել։ Ու հույս ունեմ, որ այդպես էլ կլինի։ Թե ինչպիսին կլինի, ինչպես ասում էր դասականը, տեսնենք»։
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայից առաջ Հայաստանի հավաքականում տեղի ունեցան փոփոխություններ: Արթուր Պետրոսյանը հրաժարական տվեց, և նրա փոխարեն հավաքական վերադարձավ Վարդան Մինասյանը:
Սիրարփի Աղաբաբյան