ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հայտարարության վերաբերյալ Life.panorama.am-ը զրուցել է ժողովրդական երգերի կատարող Ռուբեն Սասունցու հետ: Նա էլ, ինչպես երգիչ-երգչուհիների ճնշող մեծամասնությունը, դեմ է հարկ վճարել կորպորատիվ երեկոներից ստացված գումարից:
«Դա անլուրջ հայտարարություն է,- շեշտեց Ռուբենն ու շարունակեց,- Եթե երգիչներին նույն պետությունը ապահովի պետական աջակցությամբ և ամեն ամիս լինեն մի քանի համերգներ ու երգիչներն էլ դրանցից նորմալ վարձատրվեն, ապա այդ դեպքում երգիչներն էլ թող տարվա վերջում որոշակի հարկեր վճարեն: Բայց այսօր մեզ համերգներով չեն ապահովում, ուստի մենք էլ գումար ենք աշխատում սփյուռքում համերգներ տալով ու կորպորատիվ միջոցառումներին մասնակցելով: Ի՞նչ է ստացվում, երգիչները հարսանիքներին երգեն ու դրա համար բերեն պետութայնը գումար տա՞ն, ոչ, դա անլուրջ է»:
Ռուբեն Սասունցին վստահեցրեց՝ այդ օրենքը մեր երկրում չի կիրառվի:
«Սա անառողջ ու լոգիկայից հեռու օրենք է: Եթե պետության հետ գործ ունես, ուրեմն պետությունն էլ բարի պիտի լինի արտիստներին վերաբերմունք ցույց տա: Եթե լինի աջակցություն, չեմ կարծում գտնվի մի երգիչ, ով կհրաժարվի իր պետությանն իր եկամտից որոշակի գումար տրամադրել: Բայց այս պարագայում վստահ եմ, որ օրենքը չի գործի, քանի որ ոլորտն անվերահսկելի է»,- նկատեց նա:
Ռուբենը վստահեցրեց՝ իր աշխատանքային ուղու ընթացքում երբեք միայն եկամուտ ունենալու մոլուցք չի ունեցել.
«Ես երբեք մոդայի հետևից չեմ ընկել ու երգել այնպիսի երգեր, որոնք գուցե ինձ ավելի շատ եկամուտ կբերեին: Ես միշտ փորձել եմ պահպանել ու տարածել մեր ազգային երգն ու երաժշտությունը: Ես չեմ մտածել երգել մի բան, որի մեջ ավելի շատ բիզնես կա, որովհետև ես այնպիսի ընտանիքում եմ ծնվել ու մեծացել, որտեղ ազգային երգն ու երաժշտությունը միշտ առաջնային է եղել»,- հավելեց նա:
Հարցրին, թե ըստ Ռուբեն Սասունցու՝ երգիչներն այսօր մեր երկրում չե՞ն գնահատվում, պատասխանեց.
«Ես ուզում եմ լավատես լինել ու հուսալ, որ հիմա եկել է այն ժամանակահատվածը, երբ գնալով մեր երկրում երգիչներն ու առհասարակ արվեստագետներն ավելի շատ կգնահատվեն ու ավելի մեծ աջակցություն կունենան պետության կողմից, ոչ թե ստվերում կմնան ու մի բան էլ ավել՝ կպարտադրեն հարկեր վճարել:
Երբ պետությունը արվեստագետին, կոպրտ ասած, տիրություն անի, այն ժամանակ էլ նույն երգիչն ավելի շատ սրտացավ կլինի: Հավատացեք՝ այդ դեպքում երգիչն ինքնակամ էլ իր աշխատած գումարից մի հատված կհատկացնի պետությանն ու դրանով իրեն հպարտ կզգա, որ պետության բյուջեի ընդլայնման հարցում ինքն էլ փոքրիկ լումա ունի»: