«Հիվանդի» վիճակը՝ ծայրահեղ ծանր. փրկելու հույս դեռևս կա (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Հիվանդի» վիճակը՝ ծայրահեղ ծանր. փրկելու հույս դեռևս կա

2018 թվական. հոկտեմբերի 13. այս օրը հայկական ֆուտբոլի պատմության մեջ դեռ շատ կհիշվի: Հայաստանի ազգային հավաքականը «Հանրապետական» ստադիոնում պարտվեց մի հավաքականի, որն ավելի քիչ բնակչություն ունի, քան Երևանի Դավիթաշեն վարչական շրջանը:

Այո, պարտվեցինք, խայտառակվեցինք, գրեթե կորցրինք Ազգերի լիգայում խմբից դուրս գալու հնարավորությունները… ողբերգությո՞ւն, թե վերջապես «խելքը գլուխը» հավաքելու իրավիճակ:

Չեմ համարձակվի պարտության ամբողջ պատասխանատվությունը բարդել միայն մարզչական շտաբի, ֆուտբոլիստների կամ ֆեդերացիայի վրա: Անուններ տալ չեմ ցանկանա: Մեղավոր էին բոլորը՝ սկսած ազգային հավաքականի նախորդ մարզչական շտաբից, որն առանց որևէ բառ ասելու պարզապես հեռացավ, վերջացրած ներկայիս ֆեդերացիայի աշխատակազմով: Հասկանալի է, որ խնդիրն ավելի խորքային է և եթե հոկտեմբերի 16-ին մենք դուրս գանք և հաղթենք Մակեդոնիային 10:0 հաշվով, միևնույնն է՝ դրանից մեր ֆուտբոլն ավելի լավը չի դառնալու:

Ջիբրալթարի հետ խաղը պարզապես պարտություն և պատահականություն չէր: Այդ օրը պետք է գար ու եղավ հոկտեմբերի 13-ին: ՀՖՖ-ի նորանշանակ նախագահ Արթուր Վանեցյանը, առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, երկրորդ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը և մյուս բոլորը, ըստ երևույթին, մեկ խաղով հասկացան, թե ինչ ժառանգություն են ստացել նախորդներից: Իսկ ժառանգությունը շատ վատն է. իրեն սպառած հավաքական՝ առանց իր հետևից եկող խոստումնալից սերունդի: Հայաստանի ազգային հավաքականի պարտությունը ցույց տվեց, թե այս պահին ինչ վիճակում է գտնվում հայկական ֆուտբոլը՝ անհեռանկարային:

Ջիբրալթարից կրած պարտությունը մեկ հստակ բան ապացուցեց մեզ՝ Ղազարյանների, Մկրտչյանների ու Մկոյանների սերունդն արդեն սպառել է իրեն: Այո, այդ տղաները մեզ փառահեղ պահեր են պարգևել, ֆանտաստիկ հաղթանակներ, սակայն պարոնա՛յք, մոտ 10 տարի նրանք հավաքականում են, 10 տարի նրանք խաղում են, իսկ երիտասարդները՝ վատ, թե լավ, սպասում ու սպասում են..:

Չեմ ցանկանում ու երբևէ չեմ փորձի վատաբանել թե՛ ազգային, թե՛ երիտասարդական կամ պատանեկան ցանկացած հավաքականի խաղացողի: Նրանք անում են, խաղում են ու պայքարում են այնքան, որքան կարող են: Սակայն պարզ ու հասկանալի է, եթե ներկայիս հավաքականդ պարտվում է սեփական գրեթե լեփ-լեցուն տրիբունաների ներքո Ջիբրալթարին, իսկ երիտասարդական ընտրանիդ վերջին տարիներին բավարար ֆուտբոլիստներ չի «առաքում» ազգային հավաքական և անփառունակ պարտություններ է կրում, ապա հասկանում ես, որ քո երկրի ֆուտբոլում վիճակը ոչ թե վատ է, այլ ծայրահեղ ծանր: Ավելի մանրանալու կարիք՝ կարծում եմ չկա, վիճակագրական տվյալներ ներկայացնելու իմաստ՝ նույնպես: Ու եթե չունենանք հստակ «բաղադրատոմս», որով պետք է «բուժում» առաջարկվի, ապա տարիներ անց մենք ունենալու ենք ավելի վատ վիճակ: Չնայած ավելի վատ էլ չի լինում:

Փնտրեք և տեսեք Մ-17, Մ-19 և ավելի ցածր հավաքականների ելույթների վիճակագրությունը. այն իրոք ահավոր է: Խնդիրը պետք է դիտարկել հենց այստեղից: Ազգային հավաքականը մեկ օրում չի վերափոխվի: Մենք չենք կարող հույսներս դնել արտասահմանում ապրող հայ արմատներ ունեցող 1-2 ֆուտբոլիստների վրա, չենք կարող հուսալ և սպասել, որ մի օր կգա «կախարդական փայտիկով» X մարզիչը և մեզ կտանի դեպի Մունդիալ կամ Եվրոպայի առաջնություն:

Տարիներ են պետք, հստակ ծրագիր, որպեսզի այս ամենը շտկվի և պետք է սկսել հիմքից: ՀՖՖ-ի նոր ղեկավարությունը հայկական ֆուտբոլի «գլխին» է եկել անչափ բարդ ժամանակատվածում: Ազգային հավաքականում սերնդափոխություն է պետք: Մեր ընտրանու ֆուտբոլիստների գերակշիռ մասն արդեն 30-ին մոտ է, իսկ երիտասարդական, պատանեկան հավաքականների ֆուտբոլիստների ելույթները նայելով՝ հասկանում ես, որ վիճակը բավականին լուրջ է:

ՀՖՖ-ի ղեկավարությունը, երևի թե արդեն սկսել է աշխատանքները:

Իսկ գործընթացի մասին ֆեդերացիայի ներկայիս ղեկավարության անդամները սկսել են խոսել դեռևս նախորդ տարիներից, երբ ընդգրկված չէին ֆեդերացիայի ղեկավարության կազմում:

«Ամեն ինչ պետք է սկսել մանկապատանեկան ֆուտբոլից. 10 տարի հետո մենք կարող ենք ունենալ ավելի ցածր մակարդակի հավաքական, քան այսօր»,- ահա այսպես, ընդամենը 1 տարի առաջ իրենց հաղորդման ժամանակ մեր ֆուտբոլը փրկելու համար լուծումներ էին առաջարկում ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանն ու երկրորդ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը:

Ամբողջությամբ՝ armsport.am կայքում: