Աշխարհահռչակ հայ երգիչ, երաժիշտ, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ «Գրեմմիի» դափնեկիր Արտո Թունջբոյաջյանն այս օրերին Հայաստանում է: Երաժիշտը հայրենիք է ժամանել Ֆրանկոֆոնիային մասնակցելու նպատակով, սակայն այցի ընթացքում եղել են նաև համերգային ծրագրերի առաջարկներ: NEWS.am STYLE-ը Թունջբոյաջյանին հանդիպեց հերթական համերգից առաջ. թեև շտապում էր ելույթին, բայց իրեն բնորոշ անկեղծությամբ ու խորությամբ զրուցեց ամենատարբեր թեմաների շուրջ՝ առավել կարևորություն տալով հայաստանյան ներկայիս փոփոխություններին, ինչն էլ նրան ոգեշնչել է նոր ստեղծագործության:
«Մոտավորապես 5 շաբաթ է՝ այստեղ եմ: Այստեղ ժամանել եմ Ֆրանկոֆոնիային մասնակցելու, համերգների նպատակով: Բայց ամեն դեպքում պետք է գայի: Այս շարժման համար ամեն մարդ իր ձևով պետք է պատասխանատվություն ունենա: Կարևոր չէ մասնագիտությունդ, թե որտեղից ես, աղջիկ ես, թե տղա»,-զրույցն այսպես սկսեց,-«Դուռն արդեն բացել եք, հիմա պետք է ոչ միայն ձեր սիրած մարդկանց կամ մտերիմների հետ քայլեք, այլև միասին»:
Արտոն նշում է՝ երկրում տեղի ունեցած դրական փոփոխություններն, անշուշտ, ազդել են նաև իր երաժշտության ոգեշնչման վրա.
«Իմ երաժշտությունն իմ կյանքից է, անշուշտ միշտ փոփոխություններ են լինում այնտեղ: Հիմա, օրինակ, Նիկոլի մասին երգի վրա եմ աշխատում, այն հասանելի կլինի նոյեմբերի 22-ին: Իր քայլի մասին եմ պատմում: Ստեղծագործությունը կունենա նաև տեսահոլովակ»:
Շուտով երաժիշտը մեկնելու է Հայաստանից, բայց նախքան մեկնումը հոկտեմբերի 21-ին պատրաստվում է ելույթ ունենալ նաև Երևանի 2800-ամյակին՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում կազմակերպված համերգին: Թունջբոյաջյանը հաջորդ անգամ հայրենիք կժամանի նոյեմբերի 23-ին: Ասում է՝ մտադրություն ունի «կամաց-կամաց» վերադառնալ Հայաստան.
«Մնալու համար ինձ գաղափար է պետք: Իմ մտքերով, գաղափարներով կիսվում եմ: Եթե 100 տոկոսն ինձ սիրեն, դա էլ մի բան չէ»,-ասում է նա՝ հավելելով, որ առհասարակ իրեն արտիստ չի համարում. «Ես այդ արտիստը չեմ, դուք եք ինձ այդպիսին սարքել: Հիմա դիջեյների հետ եմ աշխատում, բայց ուզում եմ մի շարժ լինի, միայն կոճակը սեղմելով չլինի: Բենդի իմաստը դա է: Պատրատվում ենք, միգուցե, մեկ տարի հետո Armenian Navy Band-ի հետ էլ նման համագործացությունների շարք սկսենք: Երաժիշտների հայտնի լինելն ինձ համար կարևոր չէ համագործակցության համար, կարևորը տաղանդն է: Թե չէ՝ մեկը շորերը հանի, դուրս գա փողոց, հաջորդ օրը հայտնի կդառնա: Ինձ նայելով չպետք է սովորեն, ամեն ինչ փոխվում է քո մեջ: Գալիս են, ինձ ասում՝ ձեր երաժշտությունը շատ ենք սիրում, ասում եմ՝ դե երկրորդ երգն էլ ասեք, հնչում է «Արարատը», օրինակ… Դա ինձ համար լավ չէ, երբ ինձ դնում եք բանտի մեջ, ասում՝ միայն այսպիսի երգեր երգեք: Չեմ կարող միայն մի բանի մեջ լինել»,-ասում է, նաև հավելում. «Վատ երաժշտություն չկա, կան վատ երաժիշտներ: Երաժշտությունը ազգ ու կրոն չունի: Ես ինքս պատրաստ եմ լսել մտքեր և շարունակել համագործակցությունը»:
Երաժիշտը նշեց՝ մի ցանկություն ունի, որպեսզի ամբողջ աշխարում հայերին չտարանջատեն.
«Քաղաքացիությունը չպետք է շեշտված լինի, Սփյուռք բառը չպետք է լսենք հաճախ: Մենք ազգ ենք՝ հայ ենք, միայն այդպես մեզ պետք է ճանաչեն: Մեր ընդհանուր տան անունը Հայաստան է»:
Իսկ հարցին, թե ինչպիսին է Հայաստանը պատկերացնում 10 տարի անց, պատասխանեց.
«Պետք է վաղվա համար մտքեր առաջարկենք: 10 տարի հետո…ես 71 տարեկան կլինեմ (ծիծաղում է): Այդ հարցը ես պետք է երիտասարդներին տամ: Պատրա՞ս եք ավելի լավը լինել: Բոլորս էլ պատրաստ ենք մեռնելու, բայց այդ օրերն ավարտվեցին: Անցյալն անցել ենք, բայց եթե ուշադիր չլինենք, նույն սխալները կլինեն: Հիմա բոլոր անհատներն էլ կարևոր են, եթե չլինի անկեղծություն, ոչինչ չի լինի: Ես պատասխանատու եմ իմ երաժշտության համար, ամեն մարդ պետք է իր պատասխանատվությունն ունենա»: