Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հրապարակումը.
«Խխաչքար` Երիցուշենից, ԺԳ դարի սկիզբ
Երեկ 31 տարվա մուրազս կատարվեց:
Դեռևս 1987 թ. ֆիզիկոս ընկերոջս` Վլադիմիր Հարությունյանի ու իր երկու ընկերների հետ առիթ էի ունեցել լինել Երիցուշենի եկեղեցում, որի հարավային որմի ստորին շարվածքում, միայն կիսով չափ երևացող մի գեղաքանդակ խաչքար կար: Հուշարձանն ամբողջական տեսնելու ցանկությունը մեծ էր և օգտվելով տեղի թուրք գյուղացիների բարյացակամ վերաբերմունքից, նաև հենց իրենց օգնությամբ փորեցինք-բացեցինք խաչքարն ամբողջությամբ: Տպավորիչ էր հատկապես ստորին հատվածում զինավառ հեծյալի քանդակը: Այն օրերի լուսանկարչական լավագույն գործիքով` «Զենիթովս» մի քանի նկար վերցրի, սակայն թերևս տեղը մութ լինելու պատճառով դրանք չափազանց անորակ էին ստացվել:
Ճիշտ է, շրջանի ազատագրումից հետո ևս երկու անգամ (1993 և 1994 թթ.) առիթ ունեցել էի լինել Երիցուշենում, բայց այդ առիթներն օգտագործել էի եկեղեցու չափագրման համար և խաչքարի լուսանկարումն էլի մնացել էր ապագային:
Միշտ հիշում էի Երիցուշենին մնացած պարտքս, սակայն հակառակ իրար հետևից սահող տարիներին, այն մարելու առիթը կարծես չէր ընձեռվում: Վերջապես` երեկ, անգամ ևս եղա Երիցուշենում և եղբորս հետ 1987 թ.-ից հետո մի երկրորդ անգամ փորեցինք-հեռացրինք խաչքարը կիսով չափ ծածկած հողը և լուսանկարեցինք ի վայելումն արվեստասեր հասարակության»: