Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը.
Դադի վանքի Կաթողիկե եկեղեցու հարավարևմտյան ավանդատան ներսում, հյուսիսային որմի սվաղի շերտին առկա բազմաթիվ հակիրճ հիշատակագրությունները հակառակ 1978 թ.-ից ի վեր վանք կատարածս մի քանի այցելություններին առաջին անգամ նկատեցի միայն 1994 թ. վանքի չափագրման ժամանակ: Այդ օրերին հնարավորություն չունեցա տեղում ընդօրինակելուն առանձին ժամանակ հատկացնել, իսկ կատարածս լուսանկարներն էլ անբավարար որակի պատճառով ընթերցումներին չծառայեցին:
Մինչև 2015 թ. բազմաթիվ այցելություններիս ընթացքում ամեն անգամ փորձում էի ավելի որակյալ լուսանկարներ ստանալ, բայց ամեն անգամ ինչ-որ խնդիր էր ծագում (ոչ միայն տեղն էր մութ, այլև մրի ու կեղտի ներքո մնացած հիշատակագրությունները հայելու պես փայլում էին): Վերջապես, ընդամենն օրեր առաջ, նորին մեծություն` Nikon D-750-ի շնորհիվ տրամադրությանս տակ ունեցա շատ երկար սպասված որակյալ պատկերները, որոնք հիմնական մասով լուծեցին խնդիրը (իհարկե ընթերցումների արդյունքներն առավել ամբողջական կարող էին լինել, եթե 2015 թ. Ք. Լամուղիեի և Ա. Զարյանի ջանքերով մրից ու կեղտից մաքրված որմնանկարների հետ մեկտեղ ընդամենը` 60 x 60 սմ մակերես զբաղեցնող որմի սույն հատվածն էլ մաքրվեր):
Ինչևէ, իր գոյության ողջ ընթացքում երբևէ և ոչ մեկի կողմից չընթերցված մանրատառ, խառն ի խուռն հիշատակագրությունները մի նշանակալի մասով այլևս ընթերցված են, որն էլ հրամցնում եմ ստորև:
Նշեմ, որ հիշատակագրությունները վերաբերում են ԺԷ-ԺԸ դարերին: Նրանցում` վանք այցելած հայտնի և անհայտ դեմքեր են, սկսած` Աղվանից Պետրոս կաթողիկոսից (1653-1676) մինչև հոգևոր ստորին ծառայողներ ու աշխարհականներ: Հիշատակագրություններից թվակիր են միայն երկուսը (1650 և 1723 թթ.):
Ահա այսպիսի բաներ: Մանրամասները` «Մռավականք» հատորում: