ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանը, որը մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռ 2014-ին՝ «Շառլոտ» սրճարանում ծեծկռտուքի դեպքից, այսօր դարձել է ՊԵԿ ամենաքննարկվող պաշտոնյան։ Նրա ոդիսականը շատ հետաքրքիր է․ նա շուրջ յոթ ամիս է՝ աշխատանքի չի գնում, քանի որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն արգելել է նրա մուտքը կոմիտե, բայց աշխատավարձ է ստանում։ Ավելին, աշխատավարձի հետ մեկտեղ՝ նաև պարգևավճար է ստացել, ինչպես մյուսները։ Անանյանը ո՛չ կարողանում է ազատել Կարապետյանին աշխատանքից, ո՛չ էլ թույլ է տալիս աշխատել։
Փոխարենը ՊԵԿ լրատվականը երևի պատմության մեջ առաջին անգամ հաղորդագրություն է տարածում իրենց աշխատակցի դեմ՝ փորձելով պաշտպանվել ասուլիսում Կարապետյանի փաստաբանի հայտարարություններից, որ Կարապետյանը կոռուպցիոն սխեմաներ է բացահայտել ու ներկայացրել վարչապետին։ Այդ կոռուպցիոն սխեմաներում, ինչպես հասկացանք, շոշափվում է նաև ՊԵԿ նախագահի անունը։ Երեկ փորձեցինք ՊԵԿ լրատվականից ճշտել՝ Կարեն Կարապետյանն իրենց աշխատակի՞ցն է, թե՞ ոչ, որ հետո հասկանայինք նաև, թե ինչու նա աշխատանքի չի գնում և ինչու է չաշխատելու դիմաց աշխատավարձ ստանում։ Բայց ՊԵԿ-ից մեզ խնդրեցին այս պարզ հարցի համար գրավոր հարցում ուղարկել։
Ինքը՝ Կարեն Կարապետյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ մինչ օրս համարվում է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետը, բայց աշխատանքի չի գնում, քանի որ ՊԵԿ նախագահը կասեցրել է իր լիազորությունները։ «Իմ վեճը պարոն Անանյանի հետ հենց էդտեղ է, որ հուլիս ամսից, ընդամենը մեկ ամիս աշխատելուց հետո, անհասկանալի պատճառներով հանկարծակի իմ տեղակալին հրավիրել է իր մոտ և ասել՝ փոխանցի պետին, որ իր լիազորությունները կասեցնում եմ։ Դրանից հետո ապօրինաբար իմ աշխատասենյակը կապարակնքել է ինքը՝ անձամբ, և ինձ ասել է, որ աշխատանքի չներկայանամ։ Պարբերաբար ես և փաստաբաններս դիմել ենք հարգարժան ՊԵԿ նախագահին, որ տա իրավական հիմքերը, թե ինչի հիման վրա է կասեցվել կամ կապարակնքվել, բայց որևիցե պատասխան չենք ստացել»,- մեզ հետ զրույցում ասաց Կարեն Կարապետյանը։
– Այսինքն՝ հիմա Ձեր աշխատասենյակը կապարակնքված է, և ոչ ոք չի՞ մտնում։
– Ոչ, երբ որ հուլիսի 6-ից ծառայողական քննություն իրականացվեց, ընդ որում՝ ծառայողական քննություն իրականացվեց այն ժամանակվա ԱԻ նախարար Հրաչիկ Ռոստոմյանի գրության հիման վրա, որ ամսի 6-ին ելք է լինում ԱԻ նախարարությունից թղթային տարբերակով, ամսի 6-ին մուտք է լինում ՊԵԿ նախագահի ընդունարան՝ առանց շտամպի, առանց ընդհանուր բաժնի, և նույն օրը մակագրվում է ծառայողական քննության։ Այսինքն՝ ի սկզբանե իմ դեմ ակցիա էր արված։ Ես էսքան տարվա աշխատանքային փորձ ունեմ, մի անգամ չեմ տեսել, որ նույն գերատեսչությունից թղթային գրությունը մյուսին հասնի նույն օրը։ Այսինքն՝ ինչ-որ մի տեղ հանդիպել էին, փոխանցել էին իրար, և ծառայողական է նշանակվել հուլիսի 6-ից։ Ծառայողականով տեսան, որ որևիցե խնդիր չունեմ ո՛չ ես, ո՛չ իմ աշխատակիցները, նյութերը հուլիսի 30-ին Անանյանի միջնորդությամբ ուղարկում են ՀՔԾ, որտեղ շատ արագ հարուցվում է քրեական գործ, և օգոստոսի 15-ին ՊԵԿ նախագահի միջնորդությամբ, դատարանի վճռով իմ աշխատասենյակը խուզարկվում է։ Եվ տեսնում են, որ որևիցե կոռուպցիոն բնույթի առարկա, ինչպես որ ՊԵԿ նախագահն էր պնդում, իմ աշխատասենյակում չկա, որից հետո բանալիները տրամադրվել են ինձ, սակայն մինչ օրս շենք չի թողնում մտնեմ: Հուլիսի 11-ից ես շենք չեմ կարողանում մտնել։
Ամբողջությամբ՝ hraparak.am