Եթե անգամ լսած չլինեի իր մասին երբևէ ու առաջին անգամ տեսնեի «Ոսկե Հորթը» ֆիլմում, կհասկանայի, որ թատրոնի դերասան ա: Բեմից դասական դրամատուրգիա ներկայացնողներն ունեն մի անբացատրելի, անքննելի ինքնավստահություն, ի տարբերություն կինոյի դերասանների, ովքեր ստիպված են շատ հաճախ խաղալ կերպարներ, որոնք ժամանակի քննություն դեռ չեն բռնել:
Կարողանում ա նայել հոգուդ մեջ էնպես, որ զգում ես՝ հենց քեզ ա դիմում, թվում ա՝ անունդ էլ գիտի: Ընդհանրապես սիրում ա նայել կամերայի մեջ, դա քիչ հանդիպող հնարանք ա, իր ձևի մեջ՝ խիզախություն, հարգանք հեռուստադիտողի ու կինոդիտողի հանդեպ: Նա հասկացնում ա, որ վստահում ա քեզ ու լցվում ես երախտագիտության զգացումով՝ իջավ, հասավ քեզ, ընկերդ ա, համախոհդ ա: Բայց իր մեջքին թփթփացնել չի թողնի, չափ կա:
Միևնույն ժամանակ մենակ ա, միշտ: Հայացքը թափառում ա, փնտրում ա իր նմանին ու գիտի, որ չի գտնելու:
Հեգնանքը զենք ա, ինքնահեգնանք՝ մասսայական ոչնչացման զենք՝ եթե ես ինձ չեմ խնայում, դուք ո՞վ եք, որ ձեզ խնայեմ:
Երբեք չես գուշակի, թե իր հաջորդ ռեպլիկն ինչ ա լինելու, եթե անգամ անգիր գիտես ներկայացվող պիեսն ու դերը՝ հազար անգամ նայել եմ »Ոսկե Հորթն» ու »Շկիդ Հանրապետությունը», անընդհատ թվում ա, թե նոր բան ա ասում, տարբեր տեքստեր: Պրոֆեսիոնալ կախարդանք:
Դուք նկատե՞լ եք, որ տրագիկոմեդիայում տրագեդիան միշտ գերակշռում ա: Կոմեդիան դադար ա, ընդմիջում, շունչ քաշելու հնարավորություն կամ նախերգանք՝ տրագեդիայի լաբիրինթոսներում: Սրանք պարզապես սիրուն բառեր չեն, տրագիկոմեդիան նախևառաջ ու հիմնականում՝ տրագեդիայա, ողբերգություն:
Կանայք երբեք չեն սիրահարվում անարժան տղամարդուն, սիրել կարող են, սիրահարվել՝ ոչ:
Ողբերգությունը թիթեռնիկի թեթևությամբ մատուցելը Սերգեյ Յուրսկու մենաշնորհն էր, համենայն դեպս նրա տեղը դեռ ոչ ոք չի բռնել իմ հոգում: Գուցե նաև՝ ձեր: Աստված տա, որ նմանը հայտնվի՝ Վարպետը միայն կուրախանա, վերից նայելով:
Մենք, հայերս, տրագիկոմեդիայի ժանրի գործեր առանձնապես շատ չունենք, մեր պատմությունը մեզ թույլ չի տալիս նման «թեթև» ոճում արծարծել համաժողովրդական տենչանքները: Բայց ունենք Պարոնյան, Օտյան, Կամսար: Այնինչ Իլֆի ու Պետրովի տրագիկոմեդիան մեզ էլ ա համոզում: Յուրսկու թեթև ձեռքով:
Վերադառնալով մեր ցավերին՝ արվեստը ԿՎՆ-ն ու մայմունությունը չեն, արվեստը կրիմինալ սերիալներն ու կեղծ-հոգեպարար, կանխատեսելի բառերով երեք ակորդանոց երգերը չեն (հանուն արդարության նշեմ՝ թե մեզ մոտ, թե՝ ամենուր):
Արվեստը դաս չի, որ զոռ տաս կրկնությանն ու անգիր անես:
Արվեստը սահմանումներ չունի, ունի նվիրյալներ:
Օստապ Իբրահիմիչ, սառույցը շարժվեց, անգամ ճաք տվեց, բայց Դու շարունակում ես գլխավորել շքերթը: Խոնարհումս քեզ, հեռու ու հարազատ հոգի:
Ռեժիսոր Քրիստ Մանարյանի ֆեյսբուքյան էջից: