Էդգար Էլբակեանի հրապարակումը.
«ՀԵՐՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ
• Տարիներ առաջ մի կին հասարակական գործիչ մասնավոր զրույց է վարել Սամվել Բաբայանի հետ, որի ժամանակ վերջինս, ի միջի այլոց, հնչեցրել է նման մի միտք․ «Մունք վեր շարժումը սկսալնք, մտածալ չնք, վեր կարող ա վերջում սաղ մնանք»։ Այս խոսքերը մեծ տպավորություն են գործել այդ կնոջ վրա, և հետագայում նա տարբեր առիթներով նեղ շրջանակներում ափսոսանք ու ցավ է հայտնել, որ այդ տեսակ նվիրյալը վերջում ինչի է վերածվել…
• Նախորդ գրառումիցս (https://goo.gl/Tcvn4V) հետո ընկերներիցս ոմանք, չցանկանալով հրապարակավ արտահայտվել, նամակներով ինձ մոտավորապես հետևյալ հարցն են ուղղում․ «Էդգա՛ր ջան, բայց ստացվում ա, որ Մանվելին պատերազմական վաստակի համար հերոս ես համարում, իսկ Սեյրանին ձեռ ես առնում»…
• Ո՛չ, սիրելինե՛րս, այդպես չի ստացվում։ Ես ձեռք չեմ առնում Սեյրան Օհանյանին, հակառակը, ես վերը հիշատակածս կնոջ պես ցավ եմ ապրում տեղի ունեցող այս բոլոր իրադարձությունների համար։ Ավելին, խորագույն ցասման ու ցանկության դեպքում անգամ ես չեմ կարող ծաղրել Սեյրան Օհանյանին, որովհետև երբ նա, ժամանակի ու ազգի հրամայականին հաղորդ, ինքնութենափոխ էր լինում՝ սովետական բանակի սպայից վերածվելով տակավին գոյություն չունեցող ազգային բանակի հայ սպայի, երբ նա նախքան Շուշիի առումը Շոշ գյուղից «Ալազանով» խփում էր Շուշվա կրակակետերին, որ գոնե մի քանիսը շարքից հանի, իսկ Ստեփանակերտի բնակչությունն էլ իրեն թշվառության ու ոչնչացման մատնված չզգա, երբ նա ղեկավարում էր Շուշիի ազատագրման Քյոսալար-Ջանհասան ուղղությունը ու շարքային զինվորի պես Ջանհասանի անտառներում վիրավոր մարտընկերոջն էր տեղափոխում, երբ նա անմիջական պատասխանատվություն էր կրում հայկական բանակաշինության համար, երբ նա, սահմանային ամեն զոհի մասին լուրն առնելով, վշտանում ու մտքերի մեջ էր ընկղմվում, երբ նա պատերազմի դաշտում թողած ոտքին փոխարինող պրոթեզը տասնյակ սգավորների առաջ հանում էր, որ կարողանա ծնկի խոնարհվել 2014 թ․ օգոստոսյան կռիվներում մարտիրոսված հետախույզ Զորիկ Գևորգյանի փակ դագաղի առջև, ես կա՛մ չկայի, ծնված չէի, կա՛մ էլ ծնված էի, կամ, բայց դեռ նույնաչափ արժեք չունեմ ստեղծած այս պետության համար, որ ինձ իրավունք վերապահեմ հրապարակավ քննադատելու, էլ ո՜ւր մնաց՝ ծաղրելու Արցախի հերոս Սեյրան Օհանյանին։
• Ուզում եմ, որ ինձ շատ ու քիչ ճանաչող բոլոր ընկերներիս համար հստակ լինի, որ պատերազմական բոլո՛ր հերոսների հարցում իմ դիրքորոշումը միանշանակ է, սկզբունքային ու աննահանջ։ Հերոս է այն մարդը՝ գեներալից մինչև շարքային, որ հաղթահարելով անհաղթահարելին՝ մահվան երկյուղն ու ինքնապահպանման բնազդը, այլոց համար հանրային բարիք է ստեղծում, այդ թվում՝ իր կյանքի գնով։ Հերոս չի նշանակում «անթերի մարդ», «կատարյալ մարդ» կամ թեկուզ «լավ մարդ»։ Հերոս նշանակում է հերոս։
• Ինչ վերաբերում է պատերազմական հերոսների այսօրինակ «կերպարանափոխումներին», ապա, դրանք առաջին հայացքից թեկուզև անհատական մակարդակում տվյալ մարդու ընտրած կյանքի ուղին են, սակայն ավելի մեծ առմամբ խիստ օրինաչափ ու գիտականորեն բացատրելի մշակութային երևույթ են։ Այդ փոփոխությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ մարդկանց որոշակի խմբի՝ հասարակության ներսում առկա նորմերի, վարքականոնների, տաբուների ու արժեքների, քաղաքական համակարգի թելադրած կանոնների հանդեպ ադապտացիոն մեխանիզմների դրսևորումներ։ Ցանկացած հերոսի մեջ արտացոլված է հասարակության մանրակերտը։ Կարճ ասած՝ եթե հասարակության անդամները ծննդյան պահին չեն ընտրում իրենց ազգությունը, ապա ծնվելուց հետո արդեն՝ հասուն տարիքում, բոլորը միասին իրենց նմանությամբ ընտրում կամ կերտում են իրենց ազգային հերոսներին։
Հ․Գ․ 2015 թ․-ին լույս տեսած իմ՝ «Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գրքի (Երևան, 188 էջ) տիտղոսաթերթին գրված են 2014 թ․-ի նոյեմբերին Եռաբլուրում մեր երեք օդաչուների հուղարկավորության ժամանակ Սեյրան Օհանյանի ասած խոսքերը՝ «Մեր զոհված ընկերները մեզ զրկել են սխալվելու իրավունքից…»։ Ի տարբերություն այսօրվա պատեհապաշտների՝ ես գրամ անգամ չեմ ափսոսում այս փաստի համար և, բնականաբար, ոչ էլ պատրաստվում եմ «սրբագրել» կամ կոծկել այն։ Հերոսը մնում է հերոս բոլոր ժամանակներում, և ազգն արժանի է իր հերոսներին բոլոր ժամանակներում…»: