Մարդասիրական խմբի ուղարկումը Սիրիա Ռուսաստանի կողմից պարտադրված գործողություն էր. Հովսեփ Խուրշուդյան
Advertisement 1000 x 90

Մարդասիրական խմբի ուղարկումը Սիրիա Ռուսաստանի կողմից պարտադրված գործողություն էր. Հովսեփ Խուրշուդյան

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ):

Սիրիա ուղարկված խումբը մամուլում ներկայացվեց նաև որպես զորք, շահարկվեց նաև զորքի ուղարկման օրինականությունը: Հարցի շուրջ Politik.am-ը զրուցել է «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ:

Խուրշուդյանի կարծիքով՝  խմբի ուղարկումը խնդրահարույց էր օրենքի տեսակետից. որքանո՞վ է դա հիմնավոր, որովհետև հայ-սիրիական պայմանագրում այդպիսի միջոցառում, առանց Ազգային ժողովի թույլտվության, նախատեսված չէ. «Սա խնդրի մի կողմն է: Ազգային ժողովում իշխող ուժն ունի մեծամասնություն: Այսինքն՝ հարցի՝ ԱԺ մտնելու դեպքում էլ հնարավոր էր ստանալ համապատասխան թույլտվությունը: Հարցն այստեղ այլ է. խորհրդարանական քննարկումները ենթադրում են տարբեր կարծիքների հնչեցում և ավելի ճիշտ ու արդյունավետ լուծման որոնում»:

Խուշուդյանն ասում է՝ ԱԺ-ում հարցի՝ քննարկում չիրականացնելը ընդամենը խոսում է իշխանության որդեգրած անընդունելի գործելաոճի մասին. «Ոչ թե օրենքը խախտելու միտում կա, այլ առանց քննարկումների, առանց հասարակության ու ընդդիմության կարծիքը հարցնելու որոշում կայացնել գործելաոճ կա: Ամեն դեպքում, պետք է հաշվի առնել, որ Կառավարությունը ուղիղ ընտրություններով չի ընտրվել, օրենսդիր մարմինն է ընտրել, վերջինս է, որ ժողովրդի անմիջական մանդատի կրողն է: Այսինքն՝ նույնիսկ այդ մանդատը կրողներին չեն հարցնում նման կարևորագույն գործառույթների իրականացման ժամանակ: Նման գործելաոճը որևէ լավ բանի չի կարող բերել»:

Խնդրի մյուս կողմը, ըստ Հովսեփ Խուրշուդյանի, այն է, որ Հայաստանը, փաստացի, ներքաշվեց Սիրիայի շուրջ ռազմաքաղաքական իրադարձությունների մեջ. «Սա մարդասիրական մասնագիտական խու՞մբ էր, թե՞ զորք, այլ հարց է: Անկախ որակումից՝ սա հստակ գործառույթներ ունեցող զինվորականների խումբ է, որ լինելու է ռուսական հրամանատարության ենթակայության ներքո: Այս պահին բարդ է ասել, թե այս կոնֆլիկտում Հայաստանի՝ ռազմաքաղաքական ներգրավվածությունը ինչ հետևանքների կարող է հանգեցնել: Դրանք երկակի կարող են լինել: Ես ուզում եմ հավատալ, որ բացառապես բացասական հետևանքներ չեն լինելու»:

Ըստ Խուրշուդյանի՝ Ռուսաստանից, գուցե, կարող էինք ինչ-որ քաղաքական շահաբաժին ակնկալել. «Երբ ինչ-որ բան զիջում ես, կորող ես մեկ այլ բան ակնկալել: Բայց անհասկանալի է՝ ինչ կարևոր բան ենք ստացել (ստանալու) Ռուսաստանից, որ նման զիջում ենք արել: Իսկ հիմնավորել խմբի ուղարկումը Սիրիայում հայ համայնքով՝ տեղին չէ: Խումբը հայ համայնքին չի առնչվելու: Սա իրականում Սիրիայի եւ Ռուսաստանի իշխանություններին  քաղաքական աջակցություն է»:

Խուրշուդյանը ասում է՝ տարօրինակ է, որ երբ վերջերս տասնյակ հասարակական կազմակերպություններ պաշտոնական նամակով խնդրում էին մարդասիրական օգնություն տրամադրել Սիրիայի ժողովրդին, իշխանության կողմից որևէ ադեկվատ արձագանք չեղավ. նրանք անհաղորդ մնացին՝ բացի Միգրացիայաի վարչությունից, թեև դա իր գործառույթը չէր, եւ այն որեւէ բան չէր կարող անել. «Այսինքն՝ եթե անկեղծ ցանկություն լիներ մարդասիրական օգնություն տրամադրելու Սիրիայի ժողովրդին, կարծում եմ՝ պետք է այդ հարցն էլ որևէ կերպ արձագանք ստանար համապատասխան մարմինների կողմից: Եթե դա չի եղել, ես պետք է ենթադրեմ, որ խմբի ուղարկումը պարտադրված գործողություն էր Ռուսաստանի կողմից, և ես վախենում եմ, որ ոչինչ էլ դրա դիմաց Հայաստանը չի ստացել և չի ստանալու»:



Նման նյութեր