Ինչպե՞ս է ազդում օձի թույնը քաղցկեղային բջիջների վրա․ հայ գիտնականի ուսումնասիրության արդյունքները. ankakh.com
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս է ազդում օձի թույնը քաղցկեղային բջիջների վրա․ հայ գիտնականի ուսումնասիրության արդյունքները. ankakh.com

Օձի թույնի հակաուռուցքային ազդեցությունն է ուսումնասիրում կենսաբանական գիտությունների թեկնածու, Ֆիզիոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, Արյունաբանության ինստիտուտի մոլեկուլային կենսաբանության բաժանմունքի վարիչ Նարինե Ղազարյանը։ Նա պորտուգալական և գերմանական գիտահետազոտական լաբորատորիաներում ուսումնասիրությունների արդյունքում նախ պարզել է, որ օձի թույնի բաղադրիչներից մեկը՝ օբտուստատինը, հակաուռուցքային ազդեցություն ունի՝ կանխում է քաղցկեղային գոյացություններում անոթների աճը։

«Նոր ձևավորվող անոթների ինհիբիցիան շատ կարևոր է, քանի որ ուռուցքների զարգացման ժամանակ, երբ անոթները շատանում են, բնականաբար տվյալ հյուսվածքն ավելի լավ է սնուցվում, մեծանում և տարածվում ամբողջ օրգանիզմում»,- ասում է նա։ Հետագա ուսումնասիրություններով պարզվել է, որ ընդհանուր օձի թույնը ևս ունի հակաանգիոգենետիկ ազդեցություն։ Եվ ահա, Գերմանիայում կատարված ուսումնասիրությունների շնորհիվ Նարինեն պարզել է, որ անդրկովկասյան գյուրզայի թույնի 38 բաղադրիչներից 5-ն ունեն հակաուռուցքային ազդեցություն։ Ընդ որում, այդ բաղադրիչներից մեկն ազդում է միայն քաղցկեղային բջիջների վրա՝ չվնասելով սովորական բջիջները։ Առաջիկայում Նարինեն շարունակելու է իր ուսումնասիրությունները Տոկիայոի համալսարանում, հետագայում նաև Քեմբրիջում՝ պարզելու հակաանգիոգենետիկ ազդեցություն ունեցող բաղադրիչների ազդեցության մեխանիզմները մոլեկուլյար մակարդակում։

Հատկապես ուշադրության կենտրոնում է լինելու այն բաղադրիչը, որը միայն քաղցկեղային բջիջների վրա է ազդում։ Նա ասում է, որ շուտով միջազգային հեղինակավոր ամսագրերում կտպագրվեն միանգամից երկու հոդվածներ, որոնք էլ հնարավորություն կտան ուսումնասիրությունների համար ներդրումներ ներգրավել և գիտական թիմ ստեղծել․ աշխատանքը բազմազան ու բազմապրոֆիլ է և արդյունավետության համար այլևս թիմ է անհրաժեշտ։ Չնայած ոգևորող արդյունքներին՝ Նարինեն ասում է, որ կիրառական արդյունքի մասին խոսելը դեռ վաղ է․ սովորաբար բժշկության ոլորտում 15 տարի է հարկավոր, որպեսզի որևէ նյութ բոլոր փուլերն անցնի, փորձարկվի և շուկայում հայտնվի։

Անդրադառնալով գիտությանը Հայաստանում՝ Նարինեն նշում է, որ հիասթափված է․ տարիներն անցնում են, իսկ պետական մակարդակով այդպես էլ տեսանելի քայլեր չեն ձեռնարկվում գիտության զարգացման համար։ «Բացարձակ որևէ փոփոխություն չեմ տեսնում։ Ավելին կարող եմ ասել՝ նախկին կառավարության ու ներկայիս կառավարության վարած քաղաքականության մեջ էական փոփոխություն չեմ տեսնում։ Ինձ թվում է, որ վեց ամիսը բավական ժամանակ էր գոնե չնչին փոփոխություններ իրականացնելու համար, դա էլ չեմ տեսնում։ Անգամ 2019-ի բյուջեի նախագծում որևէ փոփոխություն չկա գիտության վերաբերյալ։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր երկրում գիտությունը համարվում է անհարգի ինչ-որ բան»,- ասում է նա։

Ղազարյանն ասում է, որ ճիշտ է, Գիտության կոմիտեն գրանտներ է հատկացնում, սակայն այդ միջոցներն այնքան սուղ են, որ դրանցով լուրջ գիտությամբ զբաղվել հնարավոր չէ։

«Մեզ գիտության զարգացման համար անհրաժեշտ են մեծ և երկարաժամկետ ներդրումներ, որոնք չկան։ Այդ պատճառով էլ շատ-շատ ընկերներ ունեմ, որոնք գնացել են և անգամ չեն էլ մտածում վերադառնալու մասին։ Ու եթե նման կերպով շարունակվի, ես վստահ եմ, որ բոլոր լավ գիտանակնները կգնան և կմնան միայն միջակությունները, որոնք որևէ տեղ գնալ չեն կարող»,- ասում է նա։

Հարցին, թե միթե դրսից ներդրումների ներգրավումը չի կարող մեղմել իրավիճակը՝ Ղազարյանն ասում է, որ արտերկրյա գրանտների մեծամասնության դեպքում պարտադիր պայման է նաև շահակից երկրի մասնակցությունը որոշակի ներդրման տեսքով։ « Իսկ մեզ տրամադրվող գումարները թե նորմալ գիտություն անելու համար և թե նման ծրագրերին մասնակցելու համար բավարար չեն»,- ասում է նա և հավելում, որ հայաստանյան գիտության խնդիրները միայն անբավարար ֆինանսավորմամբ չեն ավարտվում։

«Օրինակ՝ մենք նաև չունենք արագ նյութ ձեռք բերելու հնարավորություն։ Նյութը պատվիրելուց հետո մի քանի ամսվա ընթացքում է լաբորատորիա հասնում, չկա օրենսդրական օգնություն գիտնականին։ Ես երբեք չեմ հասկանում, թե ինչու իմ գիտական գրանտից պետք է նյութ գնեմ, և դա հարկվի պետության կողմից։ Որևէ այլ երկրում նման բան չկա։ Գիտության համար նախատեսված նյութերը չեն հարկվում պետության կողմից ,- ասում է նա։ – Գիտե՞ք ինչքան մրցունակ է դաշտը։ Եթե այսօր դու դա չանես, աշխարհի մեկ այլ երկրի լաբորատորիան կանի և նյութը կտպագրի»։ Որպես կարևոր խնդիր Նարինե Ղազարյանը մատնանշում է նաև սարքերի հնությունը։ Ասում է, որ անգամ ուշագրավ արդյունքներին կասկածով են նայում միջազգային ասպարեզում՝ տեղեկանալով, թե ինչ հնության սարքերով են ուսումնասիրություններն իրականացվել։ Ղազարյանը սխալ է համարում նաև ամեն գիտնականից որևէ արտադրանքի տեսքով արդյունք ակնկալելը։

«Ո՞վ ասաց, որ ամեն գիտնական պետք է պրոդուկտ տա։ Առանց ֆունդամենտալ գիտության ոչինչ չի կարող զարգանալ»,- ասում է նա՝ միայն կիրառական ուղղությունները կարևորելը համարելով անլուրջ վերաբերմունք գիտության նկատմամբ։

«Ու ես ափսոսում եմ, որ մենք ունենք պոտենցիալ, որը չի իրացվում։ Դրա համար բոլորը փնտրում են այլ տարբերակներ, այն է՝ արտերկրում աշխատել,- ասում է նա։

– Շատ կուզենամ, որ իշխանությունները գիտնականին հնարավորություն տան, որ իրեն լավ զգա և աշխատի իր երկրում։ Եթե նման ցանկություն լինի, հնարավորությունը կգտնվի»։

ankakh.com