Վերջին 10 օրերի ընթացքում, երբ մարդիկ սկսել են կատարել հունվար ամսվա կոմունալ վճարումները, գրեթե համատարած բողոքներ կան այն մասին, որ գազի դիմաց վճարը դեկտեմբերի համեմատ մեծ է: Դա այն դեպքում, երբ սպառողների մի մասը պնդում է, որ ամանորյա տոներավ պայմանավորված ՝ մինչև հունվարի 5-ը տանը չեն եղել: Բողոքներ կան նաև էլեկտրաէներգիայի վճարների չափի բաձրացման մասին:
«Իմ տան հոսանքի ծախսը նախորդ ամսվա համար տասնապատիկ ավել է արձանագրվել, սպառման ծավալներում փոփոխություններ չլինելու պայմաններում։ Պարզաբանում եմ պահանջել՝ մտածելով, որ տեխնիկական անսարքության խնդիր կարող է լինել, սակայն նման դեպքերը կարծես բազմակի են դարձել, նույնը նաև գազի մասով: Եթե վերջին մեկ ամսում եղել են նման դեպքեր, խնդրում եմ արձագանքել»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Պատգամավորին արձագանքել են բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր նույն խնդիրն են բարձրացրել:
«Երեք անգամ ավել էլ ինձ է եկել, հիմա չգիտեմ՝ վճարեմ, թե ոչ»,- պատգամավորի հրապարակման տակ գրել է օգտատերերից մեկը:
«Մերն էլ է այդպես, տեղյակ եմ, որ գյուղերում էլ է նույն խնդիրը»,- գրել է մեկ այլ օգտատեր:
Սպառողներից մեկն էլ արձագանքել է, որ դեկտեմբերի համեմատ իրենց գազի վճարը ավելի է 40 տոկոսով, էլեկտրաէներգիայինը՝ կրկնակի:
Մարդիկ նաև մեկնաբանություններ են գրում, որ ամեն տարի էլ այս իրավիճակն է եղել, «սղացրել են, գնացել է»:
Գյումրեցի օգտատերը գրել է, որ խնդիրը առկա է նաև ամբողջ Շիրակի մարզում: «Անցած ամիս 79 900 գազի վճար, այս ամիս ավելի քիչ է ծախսվել, բայց 102 000 է: Ովքեր 40 000-ից ավել չէին վճարում, հիմա այս ամիս 70 000 է եկել վճարը»,- գրել է նա:
Մարդիկ պահանջում են, որպեսզի պատգամավորները քննություն սկսեն՝ պարզելու համար, թե ինչ է կատարվել:
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ևս ահազանգում է այս խնդրի մասին:
Ֆեյսբուքում քաղաքագետը գրել է. «Քիչ առաջ ստուգեցի հունվար ամսին մեր բնակարանում սպառված գազի դիմած վարձավճարի չափը՝ 48 370 դրամ: Դեկտեմբերի համար այն կազմել էր մոտավորապես 33 000 դրամ: Բնակարանի ջեռուցման համակարգում կարգավորումների ոչ մի փոփոխություն չի եղել՝ ինչպես կար, այնպես էլ մնում է, եղանակն էլ, կարծես թե, հունվարին հիմնականում եթե ավելի տաք չէ դեկտեմբերից, հաստատ ցուրտ էլ չէ: Ֆեյսբուքում մի քանի գրառումներ աչքովս ընկան ու հասկացա, որ միայն ես չէ, որ զարմացած եմ նկատելի տարբերությունից: Մինչդեռ դեկտեմբերի վերջին հայտարարվում էր, թե որքան էլ ՀՀ սահմանին թանկանալու է գազի գինը, դա չի ազդելու սպառողի վճարած գնի վրա: Պարզվում է՝ լավ էլ ազդում է»: Ստյոպա Սաֆարյանը հարցադրումներ է ուղղուկ կառավարությանը` որևէ ուսումնասիրությո՞ւն լինելու է այս խնդրով: «Սա ի՞նչ է, սաբոտա՞ժ Գազպրոմ Արմենիայի կողմից, հանրությանը գրգռելու ձև, պայմանավորվածությունների խախտո՞ւմ, մեր վրա հավելյալ ճնշո՞ւմ: Ո՞վ է պաշտպանելու բնակիչների շահերը»,- գրել է նա:
Սաֆարյանի գրառմանը նույնպես բազմաթիվ քաղաքացիներ են արձագանքել՝ բարձրացնելով նույն խնդրը:
Քանի որ դժգոհությունը մեծամասամբ գազի սակագնին է վերաբերում, Lragir.am-ը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից փորձեց պարզել, թե ինչն է խնդիրը:
Ընկերության լրատվական ծառայությունից ասացին, որ յուրաքանչյուր տարի ջեռուցման սեզոնին նույն հարցը բարձրացվում է բաժանորդների կողմից:
«Սպառած գազի ծավալը հստակ հաշվարկվում է հաշվիչի ցուցմունքի հիման վրա, հաշվառման համակարգը շեղումներ թույլ չի տալիս: Ինչ վերաբերում է ավելի սպառած գազին, եթե մեր բաժանորդները պնդում են, որ նախորդ ամսվա համեմատ ավելի գազ է սպառվել, ապա այդտեղ հիմնական գործոնը եղանակային պայմաններն են: Այսինքն՝ ինչքան դրսի ջերամստիճանը, արտաքին օդը ավելի սառն է լինում, այնքան տան ներսում ջերմային կորուստը բարձրանում է, ջեռուցման կաթսաների շահագործումն ավելի հաճախ է լինում: Հիմնականում սա է պատճառը, այն բացատրվում է եղանակային պայմաններով»,- ասացին Գազպրոմ Արմենիայից:
Ընկերությունից բաժանորդներին հորդորում են՝ եթե կան մարդիկ, ովքեր համաձայն չեն ցուցմունքների հետ կամ բողոքներ ունեն, կարող են դիմել Գազպրոմ Արմենիա: «Ընկերությունն այսօր պատրաստակամ է յուրաքանչյուր անհամաձայնության կամ բողոքի անհատապես անդրադառնալ»,- ասացին լրատվական ծառայությունից: