«Ճիշտ եմ արել». Ռոլանդ Շառոյանը գտնում է, որ ռաբիս երգիչ Արամ Ասատրյանն «իրոք ժողովրդական գուսան է». tert.am
Advertisement 1000 x 90

«Ճիշտ եմ արել». Ռոլանդ Շառոյանը գտնում է, որ ռաբիս երգիչ Արամ Ասատրյանն «իրոք ժողովրդական գուսան է». tert.am

Մշակույթի նախկին նախարար, դաշնակցական Ռոլանդ Շառոյանը գտնում է ճիշտ է արել, որ բազմաթիվ ռաբիս երգերի հեղինակ Արամ Ասատրյանին «Ժողովրդական գուսանի» կոչում է շնորհել 2003 թ-ին:

Նշենք, որ մի քանի օր է՝ սոցիալական կայքերում լայն քննարկում է սկսվել Էջմիածնի ավագանու որոշումներից մեկի շուրջ, որով քաղաքի Իսակով փողոցի հատվածը, ուր ապրել է երգիչ Արամ Ասատրյանը, պետք է կրի երգչի անունը:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Գլենդելում 2003 թվականի մարտի 3-ին՝ Արամ Ասատրյանի 50-ամյակի առիթով կազմակերպված խնջույքի ժամանակ, ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախկին նախարար Ռոլանդ Շառոյանը հատուկ որոշմամբ Արամ Ասատրյանին շնորհել է «Ժողովրդական գուսան» կոչումը: Այս առիթով Tert.am-ը զրուցեց մշակույթի նախկին նախարար Ռոլանդ Շառոյանի հետ:

-Պարո՛ն Շառոյան, մամուլում գրվել է, որ Դուք 2003-ին «Ժողովրդական գուսանի» կոչում եք տվել Արամ Ասատրյանին: Դա ճի՞շտ է:

-Այո:

-Փաստորեն Դուք նրա արվեստի սիրահա՞ր եք եղել, գնահատել եք նրա գործունեությունը, սիրում եք ռաբիսը:

-Ոչ, ես ռաբիսի սիրահար չեմ եղել, բայց Արամ Ասատրյանին ես գուսանի կոչում տվել եմ նրա ստեղծած շուրջ 300 երգերի համար, որոնք ռաբիսից բավականին հեռու են: Համենայնդեպս, էդ երգերն ինքն է ստեղծել, ինքն է երաժշտությունը գրել և տեքստերը գրել, մի քանիսն էլ տարբեր հեղինակների տեքստեր են: Եվ իր ծննդյան 50-ամյակին՝ 2003 թ-ին, ես գուսանի կոչումը տվել եմ. դա առաջին ու վերջին կոչումն էր: Համենայնդեպս, էս համատարած ռաբիսի մեջ Արամ Ասատրյանը միակ մարդն է, որը արժանի է, որ գուսանի կոչում ստանա:

-Ուզում եք ասել՝ Արամ Ասատրյանի երգերը ռաբիս չէին: Ակնհայտ ռաբիս են, պարո՛ն Շառոյան:

-Ես չգիտեմ՝ Դուք ինչ երգեր եք լսել իր կողմից, որ ռաբիս է, բայց ես համարում եմ, որ իր շատ երգեր ժողովուրդը լսում է, և ես իրեն տվել եմ գուսանի կոչում: Եթե չեմ սխալվում, Ամերիկայում իր համերգի ժամանակ իրեն հանձնել էին իմ հրամանագիրը:

-Ասել է թե՝ լինելով մշակույթի նախարար, Դուք չե՞ք համարել, որ իր երգերը ռաբիս երգեր են և գտել եք, որ դա գուսանությո՞ւն է:

-Ես նաև ելույթ եմ ունեցել դրա շուրջ և ասել եմ, որ Արամ Ասատրյանը և Արամ Խաչատրյանը նույն գնացքի ուղևորներ չեն: Դրանք տարբեր բաներ են. դասական երաժշտությունն այլ բան է, Արամ Ասատրյանը չի կարող լինել Արամ Խաչատրյանի հետ կամ Կոմիտասի հետ: Այ, ռաբիսը իր տղան է՝ Արտաշը Ասատրյան:

-Բայց Արամ Ասատրյանի տղան՝ Արտաշ Ասատրյանն էլ նույն երգերն է երգում, ուրեմն ի՞նքն էլ ռաբիս չէ, մյուսնե՞րն էլ ռաբիս չեն:

-Ես, ճիշտն ասած, շատ չեմ էլ լսում և չեմ լսել, որ նա երգում է էն երգերը, որը երգում էր Արամ Ասատրյանը 90-ականներին: Նախ նա ծնված չէր այդ ժամանակ, ո՞նց կարող էր երգել: Ես Արամ Ասատրյանից ընդամենը մի երգ եմ հիշում, ուղղակի եղել է պահեր, որ ռեստորաններում, ճաշարաններում, ինչ որ քեֆ-ուրախությունների տեղերում եղել է, երգերը լսել եմ: Եվ նորմալ, ժողովուրդն էլ էդ երգերի տակ ուրախացել է: Ի՞նչ կա էդտեղ:

-Իսկ չե՞ք կարծում, որ այդ որոշմամբ հնարավոր է՝ նեղացրած լինեք հայտնի գուսանների արվեստը, որոնք իրոք գուսան են եղել ու իրոք ժողովրդական երգ են ներկայացրել:

-Բայց էդ իրոքը, որ Դուք ասում եք, ի՞նչ նկատի ունեք՝ իրոք: Ասենք Արամ Ասատրյանը իրո՞ք չի: Չի՞ եղել էդպիսի գուսան, Դուք դա՞ եք մերժում: Ես չեմ կարող դա մերժել: Այո, ես գիտեմ որ գուսաններ եղել են, որ նույնիսկ 18-րդ դարավերջի գրեթե բոլոր, անգամ քրդերեն, թուրքերեն երգեր գրող գուսանները արևմտյան մասում հայեր էին հիմնականում և գուսանական արվեստի տարբեր ներկայացուցիչներ էին: Անշուշտ, բոլորը չէին կարող Շերամ լինել, Ջիվանի լինել:

-Պարո՛ն Շառոյան, ռաբիս ոճի մեջ շատ ստեղծագործողներ կան, բայց Դուք միայն Արամ Ասատրյանի արվեստն եք գնահատել:

-Ձեռ քաշեք Արամ Ասատրյանից, որովհետև Արամ Ասատրյանն իսկապես գուսան էր: Մի մարդ էր, որին լսում է ժողովուրդը: Դա ճաշակի հարց է: Գուսանի կոչումը ինքն է վաստակել, ես ուղղակի նամակ-բլանկի վրա գրել եմ հրամանագիր իր ծննդյան 50-ամյակին: Լաերտ Մովսիսյանն էլ տարել է, Լաս Վեգասում իր համերգի ժամանակ շնորհավորել է, հասկացա՞ք: Եվ ես գտնում եմ, որ ճիշտ եմ արել:



Նման նյութեր