Արմեն Դուլյանը ֆեյսբուքում գրել է.
«Վրդովված են բոլորը… Վրդովված են նրանք, ովքեր կտրականապես դեմ են մեր հիմնի փոփոխությանը։Վրդովված է այդ նախաձեռնության հեղինակ Ալեն Սիմոնյանը… Բայց արժե արդյոք այդքան վրդովվել…
Միանգամից ասեմ՝ դեմ եմ օրհներգի փոփոխությանը՝ այն պարզ պատճառով, որ դրա համար շատ լուրջ պատճառ է պետք, որը հիմա ուղղակի բացակայում է։ Բայց եկեք սթափ վերլուծենք, թե իրականում ինչ է պատահել։ Խորհրդարանի փոխխոսնակը նախաձեռնությամբ է հանդես եկել եւ նույնիսկ ստեղծել աշխատանքային խումբ։ Ճիշտն ասած, երբեք չեմ լսել, որ պառլամենտի նախագահի տեղակալը երբեւէ աշխատանքային խումբ ստեղծի, բայց նաեւ չեմ տեսել, որ որեւէ օրենքով դա արգելված է։ Եւ ուրեմն թող մրցույթ կազմակերպվի, հաղթած տարբերակն էլ դրվի հանրաքվեի։ Ի դեպ, այդ հանրաքվեն կամ պլեբիսցիտը կարելի է նույնիսկ ինտերնետով կազմակերպել, ինչպես անում են որոշ երկրներում, օրինակ, Էստոնիայում։ Ասում եք՝ բայց հո բոլորը համակարգիչ չունեն։
Ախր դա շատ հեշտ լուծելի պրոբլեմ է, առանձնապես ծախս էլ պետք չէ՝ նույն ընտրական տեղամասերում ընդամենը մի մարդ դա կարող է անել սեփական բջջայինով։ Գալիս է տատիկը, նրան ասում են՝ Մայրիկ ջան,ուղղակի հեռախոսի վրա սեղմիր «կողմ»-ը կամ «դեմ»-ը։ Ու վերջ։ Ասում եք՝ խախտումներ են լինելու։ Տո ջհանդամը՝ միեւնույն է այդ հանրաքվեն պարտադիր ուժ չունի, ինչպես պարտադիր ուժ չունեն նաեւ Շվեյցարիայում տարին չորս անգամ կազմակերպվող հանրաքվեները։ Ինքը՝ պարոն Սիմոնյանն է ասել՝ երբեք չեմ պատրաստվում այդ հարցը ներկայացնել խորհրդարանի քննարկմանը։
Ու անկախ նրանից՝ կողմ, թե դեմ կքվեարկենք, միեւնույն է կունենանք, եթե կարելի է այդպես ասել, օրհներգի պահուստային՝ ռեզերվային տարբերակը։ Եւ կսպասենք այն առիթին, երբ շատ կարեւոր բան տեղի կունենա։ Օրինակ, կմիավորվեն Հայաստանն ու Արցախը։ Կարծում եմ, որեւէ մեկը չի կասկածում, որ դա ի վերջո տեղի կունենա, թեեւ հազիվ թե մոտ ապագայում։ Եւ այն ժամանակ պրոբլեմ կծագի՝ ում հիմնն ընդունել որպես միասնական հայկական պետության օրհներգ՝ ղարաբաղյա՞նը, թե՞ հայաստանյանը։ Հենց այդ ժամանակ էլ կհիշենք, որ ախր ունենք ռեզերվային տարբերակ, որն էլ կարելի է ընդունել որպես փոխզիջում։
Համաձա՞յն չեք… Շատ լավ, բայց բոլոր դեպքերում չարժե վրդովվել… Հո դե՞մ չեք…»: