«Թե կռիվ լինի, ձեր տուն ու տեղը, ձեր ընտանիքները ո՞վ է պահելու, դու՞ք, պատերազմի ժամանակ երկրից թռածնե՞րդ, թե՞ բանակից փախածներդ». irates.am
Advertisement 1000 x 90

«Թե կռիվ լինի, ձեր տուն ու տեղը, ձեր ընտանիքները ո՞վ է պահելու, դու՞ք, պատերազմի ժամանակ երկրից թռածնե՞րդ, թե՞ բանակից փախածներդ». irates.am

Նախօրեին տեղի ունեցավ «Հողեր չունենք տալու» կարգախոսով երթ-հավաքը, որի կազմակերպիչները մտահոգություն հայտնեցին ղարաբաղյան գործընթացի զարգացումների ու հայտարարությունների առնչությամբ։ Այս հավաքի գաղափարի հեղինակներից մեկն էլ ազատամարտիկ, հասարակական գործիչ, անկուսակցական ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ է, որի հետ «Իրատեսը» զրուցեց այս թեմայի շուրջ։

-Այս երթի առնչությամբ հիմնական քննադատությունն այն է, թե ով է հող հանձնում, որ հողեր չտալու համար հավաք են անցկացնում։ Նման բան իշխանությունները չեն հայտարարել, այսինքն այդպիսի օրակարգ չկա։ Որո՞նք են այն պատճառները, որ Ձեզ հիմք են տալիս հակառակը պնդելու։

-Նախ և առաջ նկատենք, որ հարձակվել են Արշակի (խոսքը Արշակ Զաքարյանի մասին է, որը ևս երթի կազմակերպիչներից է- Ռ.Խ.) վրա, պիտակավորում են, վայնասուն են բարձրացրել։ Հարկ եմ համարում նշել, որ սա մի հոգու գործ չէր, ինքը մենակ չէ, նաև ես եմ, մենք ենք, իսկ մենք շատ ենք ու միասնական: Անդրադառնալով Ձեր հարցին, ասեմ, որ բոլորիս հայտնի կեղծ թեզը՝ «տարածքներ՝ խաղաղության կամ անվտանգության դիմաց», բավականին վաղուց է շրջանառության մեջ հայտնվել։ Տարածքների հանձնման մեջ մեղադրում էին նաև նախորդ իշխանությանը, բայց փաստացի այդ հողերը մնացել են, նախորդները չեն հանձնել։ Շատ լավ հասկանում ենք, որ ոչ հող հանձնելը, ոչ էլ վերցնելը գրիչի մի հարվածով չի լինում, դա արյունով է լինում։ Պատահական չէր, որ սկսեցին խոսել, քարոզել ադրբեջանցիների հետ խաղաղ ապրելու մասին։ Որպես պատերազմ տեսած մարդ, ամենաքիչը ես եմ ուզում, որ պատերազմ լինի։ Առանց սրտաճմլիկ ճառերի, եկեք հասկանանք մի պարզ բան. ազատագրված հայրենիքը մեր սերունդների, ժողովրդի անվտանգության երաշխիքն է։ Հասարակական սեկտորի տարբեր վարձկաններ, սորոսական մանիպուլյատորներ փորձում են ցեխ շպրտել մեզ վրա. բա դուք չե՞ք ամաչում, դուք ծանո՞թ եք մեր անցած ճանապարհին։ Դուք փորձում եք արժեզրկել ազգային գաղափարները, ազգային շահերի դիրքերից հանդես եկող անհատներին եք փորձում վարկաբեկել, վաղը, Աստված մի արասցե, թե կռիվ լինի, ձեր տուն ու տեղը, ձեր ընտանիքները ո՞վ է պահելու…դու՞ք, պատերազմի ժամանակ երկրից թռածնե՞րդ, թե՞ բանակից փախածներդ, ի՞նչ եք անելու։ Հասկանու՞մ եք, որ մարդը չի կարող իր տան դարպասը քանդել, անվտանգությունը պահող մարդկանց չի կարելի զրոյացնել (չնայած չեք էլ կարող, ուղղակի մի փորձեք, «դիշովկայություն» մի՛ արեք, ամոթ է)։ Սրանով քանդում, ավերակ եք դարձնում մեր երկրի անվտանգությունը։ Ինչ վերաբերում է հող հանձնելուն. բա հանձնելն էլ ինչպե՞ս է լինում։ Նախ սկսում են սկզբից համոզել, հետո հասարակության շրջանում սկսում են վարկաբեկել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են երկրի պաշտպանության, մարտական գործողություններին, հետո որոշ սազանդարների միջոցով նույնիսկ զուգահեռներ են անցկացնում մեր ազատագրական պայքարի և Ադոլֆ Հիտլերի նվաճողական քաղաքականության ու պայքարի միջև։ Այսպիսով փորձում են հիմնականում ազդել այն մարդկանց մտածողության վրա, ովքեր դեռ 10 ամիս առաջ հրապարակում հավատում էին իրենց, այդ մարդիկ մերն են, մեր ժողովուրդը, որին լկտիաբար խաբել ու խաբում եք, որոնց համար, ի տարբերություն ինձ և մեզ, պատրաստ չեք եղել կյանք դնելու։ Սրանք խոսքեր չեն, սա կենսագրություն է, չնայած իշխանությունը ձերն է, դուք էլ սիրում եք ափեղցփեղ խոսել։

-Շատերը պնդում են, թե սա կեղծ օրակարգ է, և իշխանությունը չի գնա այդ ճանապարհով։

-Շատ լավ, որ չեն հանձնելու, բայց նրանք պետք է իմանան նաև հասարակության ձայնը։ Կեղծ օրակարգը ո՞րն է, որ հասարակությունը պատրաստ չէ՞ հողեր հանձնելուն։ Ինչու՞ են դրանից այդքան սարսափում։ Մեզ չկերակրեն իբր խաղաղության գաղափարներով։ Մենք միշտ էլ խաղաղ ենք եղել, այդ ե՞րբ ենք ագրեսոր եղել։ Մենք երբեք ագրեսոր չենք եղել։ Այսօր ինչպես են ինձ խաղաղություն քարոզում մի ազգի հետ, որը մի գիշերում կարող է մտնել մեր տները, մորթել մոր ու մանկան։ Ասում եք, թե դրանք նախկիններն են եղել, այս թուրքերը չեն։ Բայց նոր սերունդը չէ՞ր Գուրգեն Մարգարյանին կացնահարողը, Քյարամ Սլոյանի գլուխը կտրողն ու գյուղեգյուղ ման տվողն ու ծափահարողը։ Դուք սրանց հետ ասում եք՝ խաղա՞ղ ապրեք։ Այդ խաղաղության կոչերի հասցեատերը Ադրբեջանն է, հավաքվեք ու գնացեք Բաքու` ինքնադրսևորվելու: Իսկ մենք խաղաղ կապրենք, երբ նրանք մեր հայրենիքից հեռու կլինեն:

-Ղարաբաղյան հիմնախնդրում կատարվող վերջին զարգացումները թու՞յլ են տալիս ենթադրել, որ հող հանձնելը բավականին հիմնավոր է։

-Խնդրի կարգավորմամբ զբաղված արտաքին ուժերը վերջին շրջանում բազմաթիվ հստակ ուղերձներ ուղղեցին մեզ, ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի այցից սկսած մինչ օրս։ Հասկանալի է, չէ՞, որ դրանք անհիմն չեն։ ԱԺ արտաքին հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահը խաղաղ բանակցությունների հնարավորություն չի տալիս։ Սա նշանակում է, որ պատերազմը սարերի հետևում չէ: Տարօրինակ, ցանկացած գիտակից մարդուն մտածելու տեղիք տվող իրավիճակ է։ Հարց է առաջանում. եթե նման կարծիք ունեք, ինչու ժողովրդին, հասարակությանը, որը բանակի թիկունքն է, չեք ամրացնում, ոգին բարձրացնում, ինչու՞ է սորոսական քարոզչամեքենայով, զանազան ապազգային տարրերով փորձ արվում ընդհանրապես նսեմացնելու ազգային գաղափարը, ինչու՞ են ոմանք, գիշեր-ցերեկը մեկ արած, լծվել հայրենասիրության դեմ քարոզին։ Հասկացեք վերջապես, որ եթե մարդու գլխում «նստած» չէ գաղափարը, որ պետք է իր տունը պաշտպանի թշնամուց, ուրեմն այդ մարդը կորած է, այդ հասարակությունը կորած է, այդ երկիրը կորած է։ Հիմա ի՞նչ են անում… դատողությունները թողնում եմ հասկացողներին;

-Ի՞նչ է սպասվում առաջնագծում, առայժմ դեռ շարունակվում է «վերելակային պայմանավորվածությունը», բայց որքա՞ն կտևի։

-Չեմ ցանկանում տագնապ հաղորդել ժողովրդին։ Ես գիտեմ ինչ է պետք պատերազմը կանխելու համար՝ պատրաստված հասարակություն, ուժեղ բանակ։ Այս դեպքում բոլորը քեզ հետ հաշվի են նստելու։

-Նոր իշխանությունը գնու՞մ է պատրաստ հասարակություն ստեղծելու ճանապարհով։

-Հակառակը, ես չեմ տեսնում այդ պատրաստ հասարակությանը։ Այլապես մեր երթն այլ կերպ կընկալվեր։ Մեր կոչը հետևյալն է. Արցախի խնդիրը միայն արցախցու խնդիրը չէ։ Եթե կորցնենք Արցախը, կորցնելու ենք նաև Հայաստանը: Այնպես որ, Արցախի խնդիրը ողջ հայության խնդիրն է։ Մենք նախահարձակ երբեք չենք եղել, երբեք չենք զավթել հարևանի հողը, երբեք չենք խախտել ազգերի ինքնորոշման իրավունքը, բայց միշտ արժանի հակահարված ենք տվել՝ ագրեսոր, ցեղասպան թշնամուն: Խաղաղության կոչերը պետք է Ադրբեջանին ուղղել, ոչ թե մեզ: Իսկ մենք իրենց հետ կարող ենք խոսել միայն այն ժամանակ, երբ կճանաչեն Արցախի Հանրապետությունը իր ներկա սահմաններով և կհարգեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: 93-ից սկսած, թուրքը մեզնից զինադադար էր աղերսում, չնայած կարծում եմ, որ մենք պետք է ոչ թե զինադադարի պայմանագիր կնքեինք, այլ նրանց կապիտուլյացիայի, այդ դեպքում այսօր «հողեր՝ խաղաղության դիմաց», կեղծ թեզի առաջ չէինք կանգնի: Ի վերջո, պետք է հասկանալ, որ եթե Արցախը վերցրին, հաջորդը Հայաստանն է։

-Ոմանք ձեր երթի թիկունքում տեսան նախկին իշխանություններին, Ռոբերտ Քոչարյանին՝ կարծիք հայտնելով, թե նրանք են մարդկանց դրդում, հրապարակ հանում, ակտիվացնում։ Ի՞նչ կասեք։

-Երբ առաջին անգամ ազգային համախմբման կոչ արեցի, դեռ Ռոբերտ Քոչարյանին անգամ չէին էլ կալանավորել։ Ի վերջո, ես նմա՞ն եմ պատվեր կատարողի, դուք ամոթ չունե՞ք։ Դուք անգամ չգիտեք, թե ով ենք մենք։ Դուք թիրախավորում եք ինձ ու իմ ընկերներին, բայց մենք մեկ ազգային թիմ ենք։ Իսկ ինչ վերաբերում է նախկին իշխանություններին, սա այն դեպքն է, որ արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին։ Մեր կոչերի մեջ չկա որևէ վարկաբեկող բան, մենք գաղափարն ենք առաջ քաշում, որը պետականության հիմքերն ամրապնդելու նպատակ ունի, հիմա վա՞տ են զգում, որ պետության հիմքերն ամուր լինեն։ Թուրքը չի կարող մեզ հաղթել, նույնիսկ եթե քիչ լինենք։ Բայց շատ էական է, որ միասնական ու մի բռունցք լինենք, իսկ այս դեպքում հարձակման մասին անգամ չի էլ կարող երազել։ Հարատև խաղաղության երաշխիքը հայրենասեր հասարակությունն է, հզոր բանակը և միասնական ազգը։

-Շարունակություն ունենալու՞ է երթը։

-Այո։ Ավելին, եթե սկսեն մեր դեմ աշխատել, հակառակն է լինելու, ավելի շատ մարդ է հավաքվելու։ Իմ կոչից հետո բազմաթիվ զանգեր եմ ստացել, տարբեր մարդիկ, կազմակերպություններ իրենց պատրաստակամությունն են հայտնել միանալու մեզ։

-Հնարավո՞ր է քաղաքական ուժ ձևավորվի։

-Մենք ազգային ուժ ենք: Արցախը մեր տան պարիսպն է, արցախցու խնդիր չկա, սա համայն հայության խնդիրն է։ Եթե կորցնենք Արցախը, Հայաստանն ենք կորցնում: Հիմա ում սա գրգռում է և ում պլանները խախտում է, թող վայնասուն բարձրացնի մեր դեմ:

irates.am



Նման նյութեր