Ինչո՞ւ ենք մենք այսքան արհամարում Երևանը։ Ինչո՞ւ են մյուսները պահպանում հինն ու կերտում պատմություն, իսկ մենք քանդում ենք ունեցածն ու ջնջում մեր պատմությունը։ Ինչո՞ւ ենք մենք պատմամշակութային արժեքներից միայն խոսում՝ իրականում անտեսելով մեր կողքին գտնվող առկա արժեքները։ Ինչո՞ւ ենք մենք մինչև պաշտոնավարելը հայտարարում այլ բան, պաշտոն ստանալուց հետո անում հակառակը։
Տարիներ շարունակ Երևանը ենթարկվեց հետևողական ավերման։ Տարիներ շարունակ Երևանում քանդվեց ամենայն հինը ու վեր խոյացան շինություններ, որոնք զրկեցին Երևանն իր դիմագծից, իր կոլորիտից։ Զրկեցին հմայքից ու պատմությունից։ Եթե մենք մեր քաղաք եկած զբոսաշրջիկին ասենք, որ մենք 2800-ամյա քաղաք ենք, դա կարող է ժպիտ առաջացնել, որովհետև Երևանում չի մնում շենք, որը նույնիսկ 100 տարվա պատմություն կունենա։
Ի դեպ, պատմամշակութային արժեք ասելով՝ պետք չէ հասկանալ միայն հազարամյա տաճարներ ու ամֆիթատրոններ, հսկայական շենքեր ու թաղամասեր։ Շատ հաճախ պատմության լուռ վկաներ են հին ու գեղեցիկ տները, փոքրիկ ու յուրահատուկ կոլորիտով շենքերը, ինչպիսինն էր Խորենացի փողոցում գտնվող նախկին լուսավորության նախարարության շենքը։ Երկար տարիներ այդ շենքը քանդված էր, բայց արտաքին տեսքը պահպանվել էր։ Այսօր դա էլ քանդվեց։
Ասվում է՝ իբր մտադիր են այդ շենքը վերակառուցել մի այլ տեղ։ Սակայն դա ծիծաղելի է։ Դա արդեն հին չէ, այլ՝ նոր։ Դա արդեն ոչ թե պատմամշակութային արժեք է, այլ ընդամենը հնի նմանությամբ մի նոր շենք, որը կորցնում է իր թե՛ պատմական արժեքը, թե՛ հետաքրքրությունը զբոսաշրջիկների աչքում։ Այդպես մենք կարող ենք Երևանում նույնիսկ Հռոմի կոլիզեյը կառուցել։
Դա նույնն է, ինչ ենթադրենք հույները Ակրոպոլիսը քանդեն ու նոր տեղ կառուցեն։ Այդ դեպքում մարդիկ նույնիսկ մեկ գրոշ չեն վճարի այդ նոր Ակրոպոլիսը տեսնելու համար, որքան էլ այն լինի հնի ճիշտ նմանակը։
Չէ՞ որ հնի արժեքն այն է, որ կառուցվել է հնում։ Հինը հին է հենց իր կառուցված տեղում ու տեսքով։ Հինը հին է, իր հին քարերով, իր հին քարերի հոտով ու մատնահետքերով, այդ մատնահետքերից առաջացած մաշվածությամբ։
Երբեմն զուգահեռներ ենք անցկացնում մեր ու Վրաստանի միջև ու բողոքում, որ վրացիները զբոսաշրջությամբ առաջ են մեզնից ու որպես արդարացում փաստում, որ իրենք ծով ունեն, մենք՝ ո՛չ, ու ինքներս մեզ փորձում համոզել, որ միայն ծովի առկայությունն է նրանց առավելություն տալիս։
Սակայն դա այդպես չէ։ Ցանցակած մարդ, որը գրեթե մեկ անգամ եղել է վրացական ծովափնյա վայրերում, կարող է հավաստել, որ այնտեղ հանգստանում են միայն հայերը, ադրբեջանցիներն ու մեծ մասամբ հենց վրացիները։ Վրացական ծովափերում շատ հազվադեպ կարելի է տեսնել որևէ եվրոպացի զբոսաշրջիկ։
Այլ է պատկերը Թբիլիսիում։ Այնտեղ հիմնականում եվրոպացի զբոսաշրջիկներ են, այնինչ Թբիլիսիում ծով չկա։ Պատճառն այն է, որ վրացիները իրենց մայրաքաղաքը կառուցում են այնպես, որ լինի հնի ու նորի համադրություն, ոչ թե մեզ պես համատարած քանդում են հինը՝ փոխարենը կառուցելով ապակյա ու ճարտարապետությունից զուրկ ահռելի կառույցներ։ Վրացիները պահպանում են հինն այնպես, որ յուրաքանչյուր մարդ, ոտք դնելով Թիֆլիս, միանգամից զգում է այդ քաղաքի՝ նախոր դարերի շունչը։ Այնինչ Թիֆլիսը նույնպես ոչ Հռոմի Կոլիզեյ է ունեցել, ոչ էլ Աթենքի Ակրոպոլիս։
Վրացիները, ի տարբերություն մեզ, հիմնովին չեն քանդել իրենց մայրաքաղաքը՝ հայտարարելով, որ հին Թիֆլիսը կկառուցեն հետո ու այլ վայրում։ Վրացիներին հաջողվել է Թիֆլիսը վերածել մշակութային կենտրոնի, ինչում ահռելի ներդրում ունենք նաև մենք՝ հայերս։
Հետևաբար, եթե մենք կարողացել ենք նպաստել մեր հարևան երկրի պետության մայրաքաղաքի մշակութային կենտրոնի համբավ ձեռք բերելուն, ինչո՞ւ նույնը չենք կարողանում անել Երևանի հետ։
Չե՞նք կարողանում, թե՞ չենք ուզում։
Ինչևէ, հին Երևանի շունչը Հայկ Մարությանը կարող է և չզգալ, հին Երևանից դեռ ինչ- որ բան պահպանելու անհրաժեշտության ողջ խորությունը նա կարող է և չհասկանալ, որովհետև Հայկ Մարությանի կերտած շոու հերոսները զուրկ են ոչ միայն մշակութային, այլև առհասարակ որևէ արժեքից։
Սակայն այլ է Արթուր Մեսչյանը։ Հետաքրքիր է, երբ Մեսչյանը երգում էր Մուշեղ Իշխանի բառերից կերտված «Երկիր հնամյա, Երկիր պապենի» երգը, չէ՞ր մտածում, որ «երկիր պապենին» սոսկ վերացական հասկացություն չէ։ Սոսկ կարոտ չէ, անցյալի նկատմամբ, այլ հոգատարություն է նաև ներկայի հանդեպ։ Չէ՞ր մտածում, որ «երկիր պապենին», իր մեջ ներառում է նաև մեր պապերի կողմից կառուցված շենքերն ու տները, շինություններն ու փողոցները, որոնք մենք ժառանգել էինք նրանցից ու պարտավոր էինք փոխանցել հաջորդ սերունդներին ոչ թե դրանց սոսկ նկարները, այլ այդ ամենն ամբողջովին, գումարած նաև մեր կողմից կերտած արժեքները։
Արման Հակոբյան