Մարինե Մանուչարյան. «Սույն գրառման մեջ պնդումներ չկան, ճիշտ ու սխալ չկա: Կան օրինակներ և ակնկալում եմ առողջ մտքերի փոխանակում, կարծիքներ»
Advertisement 1000 x 90

Մարինե Մանուչարյան. «Սույն գրառման մեջ պնդումներ չկան, ճիշտ ու սխալ չկա: Կան օրինակներ և ակնկալում եմ առողջ մտքերի փոխանակում, կարծիքներ»

Vahagn Tevosyan-ն մարտի 5-ին հետաքրքիր գրառում էր արել կապված այն սկզբունքների հետ, որոնք ընկած են մարդկանց՝ պայմանական «Սորոսի» հանդեպ դրսևորած վերաբերմունքի հիմքում։ Նախահեղափոխական և հետհեղափոխական Հայաստանում առհասարակ այս կամ այն սուբյեկտի արտահայտած կարծիքի ու գումարային աղբյուրներների մասին խոսակցությունները նորություն չեն և էդ քննարկումները տենդենց ունեն ժամանակ առ ժամանակ սրվելու, այնպես, ինչպես հիմա են սրված, որովհետև հասարակությունը դեռ չի հանդարտվել երկրում տեղ գտած զարգացումներից։

Բայց ինչ էի ուզում ասել։ Ուրեմն, ըստ իս, հարցը Սորոսը չէ, Սորոսի ֆոնդը չէ, կամ այն կազմակերպությունները չեն, որոնք գումար են ստանում էդ ֆոնդերից ու իրականացնում զանազան ծրագրեր, զանազան թիրախային խմբերի համար, հարցը մեր՝ որպես անկախ պետության քաղաքացիների, հասարակության ընկալումներն են դրսից ֆինանսավորում ստանալու գաղափարի վերաբերյալ։ Քաղ հասարակության ֆինանսավորումը առհասարակ անընդհատ քննարկվող հարց է։ Լեհաստանում մարդիկ իրենք իրենց հարկերի 1-2% իրենք են որոշում, թե որ կողմ ուղղեն ու ընտրում են այս կամ այն հիմնադրամը կամ կազմակերպությունը, ըստ իրենց նախընտրությունների, այսպիսով ձևավորելով բավականին անկախ, սեփական քաղաքացիների կողմից ֆինանսավորվող քաղ հասարակություն կամ գոնե մեծացնելով էդ անկախության սահմանները։ Իհարկե օտարերկրյա ֆոնդեր այդ երկրում նույնպես գործում են։

Իսկ, օրինակ, ԱՄՆում 1938 թվականից ի վեր գործում է FARA-ն (Foreign Agents Registration Act), որը պարտավորեցնում է բոլոր այն անձանց, ովքեր առնչվում են օտար պետությունների հետ բացահայտեն այդ հարաբերությունների բովանդակությունը և դրանց հետ կապված գործողությունների ծրագիրն ու ֆինանսական աղբյուրները։ Առնչվելը ներառում է այլ պետության կողմից ֆինանսավորումը ԱՄՆ կառավարման համակարգի վրա ազդելու, քաղաքական լոբինգ իրականացնելու, պրոպագանդա անելու ու կարճ ասած քաղաքական ու հասարակական կյանքում գործունեություն իրականացնելու համար: Պահանջից շեղվողները նախազգուշացվել են, ցուցակավորվել։ FARA-ն ենթարկվել է որոշակի փոփոխությունների տարիների ընթացքում։ Այն 90ականների կեսերից որպես գործիք չի օգտագործվել պետության կողմից, սակայն 2007 թվականին պետություն օնլայն հարթակ է ստեղծել, որտեղ քաղաքացիները կարող են այդ ակտի հետ առնչված անձանց վերաբերյալ տեղեկատվություն ստանալ։

Ասածս ինչ է․ Վահագը ճիշտ է ասում։ Ո՞րն է մեր սկզբունքը, որով մենք մոտենում ենք դսից ֆինանսավորվող կառույցներին։ Մենք կարող ենք դա որակել կոնսպիրացիա անցնել առաջ, անջատել բոլոր ֆիլտրերը։ Բայց եթե ամեն բլոգերի, կարծիք ձևավորողի, «ակտիվ ֆեյսբուքյան օգտատիրոջ» մեջքին ներքին ֆինանսավորող քաղաքական շահի առումով չենք խորշում կոնսպերացիայից, կամ առհասարակ գրվածի, ասվածի բովանդակությունը նաև դրանով ենք չափում, ինչո՞ւ ենք էս հարցում էսքան թեթև (չնայած էս երկու օրը լավ էլ ծանր) նայում իրավիճակին և որ ամենակարևորն է, ի՞նչ սկզբունքով ենք կատարում էդ տարանջատումը: Մեզ էս ուղղությամբ ֆիլտրեր պե՞տք են, թե` ոչ:

Disclaimer. Սույն գրառման մեջ պնդումներ չկան, ճիշտ ու սխալ չկա: Կան օրինակներ և ակնկալում եմ առողջ մտքերի փոխանակում, կարծիքներ:

Մարինե Մանուչարյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր