Գույքի պետական կառավարման վարչության կողմից կառավարության հաստատմանը ներկայացնելու համար պատրաստվել է նախագիծ, որի 1-3 կետերով՝ կառավարության որոշմամբ նախատեսվում է Ազատության 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական ՊՈԱԿ-ից հետ վերցնել 2 լաբորատոր մասնաշենք և արհեստանոցի տարածքի մի մասը, և տարածքը վարձակալության տրամադրել 2 կազմակերպությունների։
Այդ առիթով ԳԱԱ մի խումբ աշխատակիցներ բաց նամակ են գրել իրենց «սիրելի վարչապետին»՝ տեղեկացնելով, որ նոր Հայաստանում կառավարությունը փորձում է աշխատել նախկին ոճով ԳԱԱ շենքերից տարածքներ պոկել և օտարել առանց համաձայնեցնելու ակադեմիայի և գիտնականների հետ։
«Ցանկանում ենք տեղելացնել, որ կենտրոնին անժամկետ և անհատույց տրամադրված տարածքների օտարումը նոր երևույթ չէ, և դրա սկզիբը դրվել է դեռևս Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, երբ ՆԳ նախարար Սերժ Սարգսյանի հովանավորությամբ ինստիտուտի 6 լաբորատոր մասնաշենքերից մեկն իր հարակից տարածքներով օտարվել է և տրվել է «Արմենիկում» ընկերությանը, իբր, ՁԻԱՀ-ի նոր պատրաստուկի ստացման համար։
Դրա ֆիասկոյից հետո 2015-ին տարածքը կենտրոնին վերադարձնելու փոխարեն փոխանցվեց Քննչական կոմիտեին։ Սրան հաջորդեց ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի, ԳԱԱ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի և ԳԱԱ մոլեկուլի կառուցվածքի ոսումնասիրման կենտրոնի միավորումը, որի արդյունքում՝ Զ․ Սարկավագի փողոցում գտնվող օրգանական քիմիայի ինստոիտուտ ֆիզիկապես տեղափոխվեց Ազատության 26 և ձևավորվեց կենտրոնը։
Սրանից հետո արդեն նախագահ Սերժ Սարսգյանի հովանու ներքո իրականացվող բնակարանաշինության ծրագրի համար կենտրոնից վերցվեց տարածքի մի խոշոր հատված, ինչի արդյունքում քանդվեց կենտրոնի վիվարիումը և վնասվեց գազապաստարանը »,-ասված է նամակում։
ԳԱԱ աշխատակիցները վարչապետից խնդրում են կասեցնել նախագիծը և թույլ տալ կողմերին գալ փոխշահավետ համաձայնության՝ հստակեցնելով վարձակալության և համակեցության պայմանները՝ առանց հետ վերցնելու կենտրոնին հանձնված գույքը։
2-րդ կետով գիտաշխատողները խնդրում են հստակեցնել գիտության բնագավառում վարվող քաղաքականությունը, մշակել և հանրայնացնել նոր Հայաստանում գիտության զարգացման ռազմավարությունը և ճանապարհային քարտեզը։
3-րդ կետով գիտաշխատողները խնդրում են գիտությանը վերաբերող որոշումներ կայացնելիս հենվել այդ ռազմավարության վրա, որպեսզի հանրությանը հասկանալի լինեն ընդունվող որոշումների մոտիվացիան ու նպատակները։
Նամակի տակ ստորագրել են 203 հոգի։