«Ստեղծագործելը մեզ համար հաց ու ջրի նման է։ Հաճախ մեզ զրկում ենք մի բանից, որպեսզի կարողանանք ստեղծագործելու նյութեր գնել»,-ասում է Սաթենիկ Հայրիյանը։
Նա հագուստի մոդելավորող ու դիզայներ է եւ ապրում է կավագործ ամուսնու՝ Սերոբի հետ։ 28-ամյա այս երիտասարդներն իրենց առաջ հավակնոտ նպատակ են դրել` նպաստել արվեստի զարգացմանը չճանաչված Լեռնային Ղարաբաղում։ Սակայն լեռնային այս բնակավայրում, որը տեխնիկապես դեռ պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ, տեղացիների մեծ մասի համար առաջնահերթությունն ազգային անվտանգությունն ու պաշտպանությունն է:
Սերոբն ու Սաթենիկը համակուրսեցիներ են։ Համալսարանի վերջին կուրսում ամուսնացել են։ Այդ ժամանակ երկուսն էլ ընդամենը 23 տարեկան էին։ Ամուսնության 6 տարիների ընթացքում աշխատանքի պատճառով զույգը մի քանի բնակարան ու բնակության վայր է փոխել։ Սերոբը երկրի հյուսիսում գտնվող Մարտակերտ քաղաքից է, որը սահմանից ընդամենը 4-5 կմ է հեռու։
Հակամարտությունն ազդել է նրանց երկուսի կյանքի վրա էլ: Ավելի ճիշտ, հակամարտության վտանգն առկա է նրանց կյանքում, որն այնքան ուժեղ է զգացվում Ղարաբաղում։ Սերոբը 1990-ականների պատերազմում կորցրել է հորը։ Այս ամենը հիմնովին ազդել է նաեւ նրա աշխարհայացքի ու աշխարհընկալման վրա, որն էլ իր հերթին դրսևորվում է նրա արվեստում։
Սերոբի կինը` Սաթենիկը, Ղարաբաղի հարավում գտնվող Սղնախ գյուղից է։ Ամուսնությունից հետո տեղափոխվել է Սերոբի հայրենի Մարտակերտ քաղաքը, այնտեղ աշխատանք է գտել և երկու տարի դասավանդել արվեստի դպրոցում։ Սակայն 2016-ի ապրիլին հակամարտությունը կրկին բռնկվեց և սահմանամերձ այս քաղաքը հայտնվեց ծանր հրթիռակոծման տակ։ Սաթենկը, որը հղի էր իր կրտսեր որդով, մեծ տղայի հետ Մարտակերտից տարհանվել է միայն ապրիլի 2-ին։
«Դա փոխեց իմ ողջ աշխարհընկալումը, չնայած մինչ օրս պատերազմի թեմայով ոչինչ չեմ ստեղծել: Պատերազմը շատ զգայուն թեմա է, որին պետք է զգուշությամբ մոտենալ»,- ասում է Սաթենիկը։ Դրանից հետո նա որոշեց երբեք չհեռանալ Ղարաբաղից։
Որոշ ժամանակ մայրաքաղաք Ստեփանակերտում ապրելուց հետո զույգը վերջերս տեղափոխվեց պատմական Շուշի քաղաք։ Նրանք ստիպված էին ամեն ինչ զրոյից սկսել։
«2012-ից երկուսով սկսեցինք աշխատել Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի (անգլիացի բարոնուհի, Լորդերի պալատի անդամ, որը պատերազմի տարիներին մեծ աջակցություն է ցուցաբերել Ղարաբաղի հայերին) անվան վերականգնողական կենտրոնում։ Ես կավագործության արթ թերապիա էի անցկացնում ֆիզիկական ու մտավոր սահմանափակումներ ունեցողների հետ, իսկ Սաթենիկը նրանց տիկնիկագործություն էր սովորեցնում։ Անհատական պատվերներ էլ էինք անում»,- պատմում է Մամունցը, որը 2014-ին առաջին երեխայի ծնվելուց հետո ստիպված էր երկրորդ աշխատանք գտնել։
Սերոբի և Սաթենիկի նման արվեստագետները սովորաբար ստիպված են լինում մեկ ուրիշ աշխատանք էլ գտնել ծայրը ծայրին հասցնելու համար։ Որպես կանոն` Ղարաբաղում արվեստագետները հաճախ մասնագիտության ու երկրում մնալու ընտրության առաջ են կանգնում։ Շատերը տեղափոխվում են ՀՀ-ի մայրաքաղաք Երևան, որտեղ ավելի շատ հնարավորություն ունեն զարգանալու, իսկ արվեստագետների շրջանակն ավելի լայն է։
Ղարաբաղում մնացողների համար զբոսաշրջային ոլորտը կարևոր ուղղություն է։ Տեղացիներից քչերն են գումար ծախսում արվեստի վրա, հիմնական գնորդները զբոսաշրջիկներն են։ Սա թույլ է տալիս ձեռքի աշխատանքով զբաղվողներին հավելյալ գումար վաստակել ամառային ամիսներին։ Տեղի շուկայի առանձնահատկությունը յուրահատուկ ձեռքի աշխատանքներն են՝ կարպետներ և գորգեր, որով Ղարաբաղը այդքան հայտնի է։ Արցախի պետական համալսարանի գեղարվեստի բաժնի, Շուշիի Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտի որոշ շրջանավարտներ նախընտրում են զբոսաշրջիկների համար հուշանվերներ պատրաստել, քան գեղարվեստով զբաղվել։
Բայց արվեստն ավելին է, քան ազգային ոճով ձեռքի աշխատանքների պատրաստումն ու վաճառքը։ Ղարաբաղի որոշ արվեստագետներ բողոքում են, որ երկրի չճանաչված լինելը նրանց մեկուսացնում է ժամանակակից արվեստի միջազգային միտումներից։ Պատճառը պարզ է. արտասահմանցի այն արվեստագետները, որոնք այցելում են Ղարաբաղ և հրապարակավ հայտնում դրա մասին, կարող են հայտնվել Ադրբեջանի սև ցուցակում։
Սարինե Հայրիյանը նախկին մշակութային լրագրող է, որն այժմ միջոցառումների կազմակերպիչ է աշխատում Ստեփանակերտի «Արմատներ» կենսակենտրոնում։ Նրա կարծիքով, Ղարաբաղի չճանաչված կարգավիճակը բացասական ոչ մի ազդեցություն չունի մշակութային կյանքի վրա, ավելին` արդեն երրորդ տարին է, որ իրենց կենսակենտրոնը Լեռնային Ղարաբաղի արվեստագետների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսներ է կազմակերպում Ֆրանսիայի տարբեր քաղաքներում։
Նա հավելում է, որ միջազգային շատ արվեստագետներ, չնայած սև ցուցակում հայտնվելու սպառնալիքին, խիզախել են իրենց աշխատանքները ցուցադրել Ղարաբաղում։ Սարինեն հավատում է, որ ճիշտ դիվանագիտությամբ կարելի է հաղթահարել ցանկացած քաղաքական խնդիր։ Փոխարենը, նրա կարծիքով, առկա խնդիրների պատճառներից մեկը արվեստի ոլորտում պետական միջոցնքերի քիչ ներդրումներն են։
«Իմ կարծիքով, Մշակույթի նախարարությունը չպետք է արվեստագետներին օգնի պարզապես նյութեր ու գործիքներ ձեռք բերելու հարցում, այլ պետք է ստեղծի համապատասխան մթնոլորտ ու միջավայր»,- ասում է Սարինեն` հավելելով,- «Նախկինում նախարարությունը արվեստագետներին գոնե ստուդիաներ էր տրամադրում, այսօր, ցավոք, դա էլ չի արվում։ Մեր երիտասարդ արվեստագետները դրսի գործընկերների հետ շփման պակաս ունեն, որն էլ ազդում է նրանց ստեղծարար մտածողության վրա: Նա նաեւ նշում է, որ Ղարաբաղում որոշ միջազգային փառատոններ են կազմակերպվել, ներառյալ քանդակագործության սիմպոզիում և դասական երաժշտության փառատոն։
«Ղարաբաղում տաղանդավոր շատ արվեստագետներ կան, որոնց ստեղծագործություններով հիանում են միջազգային մասնագետները։ Այսօր նրանք անում են իրենց ուժերի ներածի չափով, բայց ցավոք սրտի, դա երկար չի տևի։ Մի օր նրանք կսպառեն իրենց»,- եզրափակում է Սարինեն։
Լեռնային Ղարաբաղի 2019-ի 113 միլարդ դրամ բյուջեից Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությանը հատկացվել է միայն 2,1 միլիարդ դրամ։ Իր հերթին էլ նախարարությունը 224 միլիոնը ծախսում է միայն մշակութային միջոցառումների կազմակերպման վրա։
Այնուամենայնիվ Լեռնային Ղարաբաղի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը պնդում է, որ իրենք ամեն ինչ անում են արվեստագետներին աջակցելու համար։
«Մենք տարբեր տեսակի աջակցություն ենք ցուցաբերում արվեստագետներին: Երբեմն նախարարությունը նրանց հրավիրում է մասնակցելու հատուկ միջոցառումների, երբեմն էլ իրենք են դիմում մեզ, որպեսզի օգնենք որևէ փառատոն կամ սիմպոզիում կազմակերպելու հարցում: 2019-ին պլանավորում ենք 10-ից ավելի միջոցառումներ կազմակերպել, որոնց ընդհանուր բյուջեն կազմում է 104.5 միլիոն դրամ ($214,108): Բյուջեում ներառված են նաև ներհանրապետական և արտերկրյա հյուրախաղեր, համերգներ, ցուցահանդեսներ և այլ մշակութային միջոցառումներ: Իսկ մոտ 120 միլիոն դրամ էլ հատկացվել է պատմամշակութային հուշարձանների պահպանմանն ու վերանորոգմանը»,-ասում է նախարարը:
Ամբողջությամբ՝ chai-khana.org