«Պարոն վարչապետ, Ձեզ թերի են զեկուցում». Էռնեստ Ղազարյան
Advertisement 1000 x 90

«Պարոն վարչապետ, Ձեզ թերի են զեկուցում». Էռնեստ Ղազարյան

Մարտի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հատուկ անդրադարձել էի անմարդկային պայմաններով սպառողական վարկերի տրամադրման խնդրին, որի հիմնական «մեղավորները» վարկային կազմակերպություններն են, այնուհետև գրավատները:

Մարտի 21-ին, ի ուրախություն ինձ, կառավարության նիստի ժամանակ անդրադարձ եղավ այդ խնդրին:

Պարզվեց, որ Վարչապետը իրականում տեղյակ չի, որ հանրապետությունում տրամադրվում են վարկեր, որոնց փաստացի տոկոսադրույքը հարյուր կամ մի քանի հարյուր տոկոսի է հասնում: Տպավորություն կար, որ ԿԲ նախագահն ու Փոխվարչապետը ամեն ինչ անում էին, որ թերի զեկուցեն Վարչապետին, լիարժեք պատկերը վերջինիս չներկայացնեն և արագ անցնեն այլ թեմաների:

Հատուկ պարոն Վարչապետի համար՝

1. Վարկային կազմակերպությունները այսօր տրամադրում են վարկեր կամ փոխառություններ, որոնց փաստացի տոկոսադրույքը տարեկան հասնում է մեկ կամ մի քանի հարյուր տոկոսի: Փաստացի տոկոսադրույք նշանակում է, որ անվանական տոկոսադրույքին ավելանում են սպասարկման, կոմիսիոն, կանխիկացման, տրամադրման և այլ մտացածին ծառայությունների համար վճարներ:

Արդյունքում մարդը կարող է վերցնել երեք հարյուր հազար դրամ վարկ և մեկ տարվա համար ստիպված լինի հետ վճարել մեկ միլիոն դրամ:

2. Գրավատները «դաժանությամբ» զիջում են վարկային կազմակերպություններին և զբաղեցնում են երկրորդ «պատվավոր» հորիզոնականը: Իրենց մոտ, որպես, կանոն տարեկան հարյուր տոկոսը չի գերազանցում:

3. Ոլորտում օրենսդրությունը այնպիսին է, որ հանգիստ կարելի է զբաղվել օրինական վաշխառությամբ: Բնական է, որ այն գրվել է նախորդ իշխանությունների կողմից և իրենց համար: Քրեական օրենսգրքով նախատեսված վաշխառության հիմքում վարկի անվանական տոկոսն է, որն այս դեպքում հանգիստ շրջանցվում է:

Գոյություն ունի նաև 2008-ին ընդունված «Սպառողական կրեդիտավորման» մասին ՀՀ օրենքը, որով պարզապես սահմանված է փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բանաձևը և վարկառուին պարտադիր ծանուցելու պահանջը, սակայն առավելագույն շեմի սահմանափակում չկա:

4. Այս վարկատեսակների «առավելությունն» այն է, որ դրանք տրամադրվում են շատ արագ, առանց երկար փաստաթղթային քաշքշուկների:

Դրանցից օգտվում են մարդիկ, որոնք գտնվում են խիստ կարիքի մեջ տվյալ պահին, որոնց ինչ-ինչ պատճառներով գումարը հարկավոր է շատ հրատապ: Աղքատության և գործազրկության այս պայմաններում նման մարդիկ շատ կան Հայաստանում:

Սա նման է անապատում ջուր վաճառելուն, իսկ նման բիզնեսի տերերը պատահական մարդիկ չեն լինում:

ԿԲ նախագահ Ջավադյանը նիստի ժամանակ թեթևակի նշեց, որ վաղ անցյալում առաջարկել են կառավարությանը սահամափակել տոկոսադրույքների վերին սահմանաչափը, բայց վերջիններս ընթացք չեն տվել:

Հարց է առաջանում՝ «բա հիմա ինչի՞ չեք առաջարկում, հիմա էլ հո Կառավարությունը մտահոգված է ժողովրդի ճակատագրով, հիմա էլ հո չկան բիզնեսմեն պաշտոնյաներ»: Բոլորն էլ աշխատավարձով են ապրում, մեկ-մեկ էլ պարգևավճար են ստանում:

Փոխվարչապետ Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ վարչարարությամբ այս հարցը չարժի լուծել: Բա էլ ի՞նչ անեն պիտի ժողովրդի հանդեպ, որ իմաստ ունենա վարչարարությամբ միջամտելը:

Պարոն Փաշինյան ջան, պարզեք Ձեր համար, թե տնտեսական թևի այս ղեկավարներին որքանո՞վ է հետաքրքրում տնտեսական հեղափոխության հեռանկարը:

«Բարեկեցիկ Հայեր» նախաձեռնության ղեկավար Էռնեստ Ղազարյան

kentron.am



Նման նյութեր