Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Մատենադարանի երկարամյա փոխտնօրեն Վարդան Գրիգորյանը
| Դիտվել է`
Երկարատև հիվանդությունից հետո մարտի 28-ին մահացել է վաստակաշատ գիտնական, պատմական գիտությունների դոկտոր, Սիրիայի աշխարհագրական ընկերության թղթակից անդամ, Հալեպի համալսարանի ԳԱ պատվո անդամ Վարդան Ռուբենի Գրիգորյանը: Այս մասին հայտնեցին Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի տնօրինությունից:
Բազմավաստակ պատմաբանը ծնվել է 1929 թ. հունվարի 26-ին, Դիլիջանում: 1947-1952 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում, 1953-1956 թթ.՝ ՀՍՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում: 1956-1958 թվականներին աշխատել է Պատմության ինստիտուտում, իսկ 1959 թվականից՝ Մատենադարանում, որտեղ 1962-1968 թվականներին զբաղեցրել է գիտքարտուղարի, 1979-1997 թթ.՝ ձեռագրերի գիտական պահպանման բաժնի վարիչի, 1997-2009 թթ.՝ գիտական գծով փոխտնօրենի պաշտոնները։ Գիտահետազոտական բեղմնավոր գործունեությունը Մատենադարանում մեծանուն գիտնականը շարունակել է մինչև 2014 թ.:
1959 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Երևանի խանությունը 18-րդ դարի վերջում (1780-1800 թթ.)» թեմայով, իսկ երկար տարիների գիտական պրպտումների արգասիք դոկտորական ատենախոսությունը՝ «Պոդոլյիեի հայ գաղթավայրերի պատմությունը»՝ 1977 թ.:
Վարդան Գրիգորյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը չափազանց ընդգրկուն է եղել: Նրա աշխատությունները նվիրված են հայոց պատմության ամենատարբեր խնդիրներին՝ Երևանի խանության պատմությանը, հայ գաղթօջախներին, ինչպես նաև ազգային-ազատագրական շարժմանն ու Ադրբեջանում բնակվող հայերի հիմնահարցերին:
Չափազանց մեծ է եղել Վարդան Գրիգորյանի ավանդն արխիվային փաստաթղթերի, ի մասնավորի, Կաթողիկոսական դիվանի վավերագրերի գիտական մշակման, ուսումնասիրման ու հրապարակման գործում: Այս ուղղությամբ նրա կատարած աշխատանքների երախայրիքն Ամենայն հայոց կաթողիկոս Ղուկաս Կարնեցու նամականու, կոնդակների ու այլևայլ գրությունների երկհատորյակն է, որի հրատարակությամբ Վարդան Գրիգորյանը երկրորդ ծնունդ հաղորդեց աղբյուրագիտական անգնահատելի արժեք ունեցող «Դիվան հայոց պատմության» մատենաշարին: Այս աշխատության երրորդ հատորն այժմ Մատենադարանում հրատարակության ընթացքի մեջ է։
Բազմաբեղուն գիտնականի ուսումնասիրությունների և նրա աշխատասիրությամբ լույս տեսած երկերի շարքում նշանակալի տեղ են զբաղեցնում հայ գաղթաշխարհի, մասնավորապես Լեհաստանի, Ուկրաինայի, Սիրիայի և Իրաքի համայնքների պատմությանը նվիրված արժեքավոր աշխատությունները, որոնցից են «Կամենեց-Պոդոլսկ քաղաքի հայկական դատարանի արձանագրությունները (XVI դ.)», «Հայությանը նվիրված կյանք. Էստոնուհի Հեդվիգ Բյուլի հայանպաստ գործունեությունը Կիլիկիայում և Սիրիայում (1911-1951 թթ.)», Արշակ Ալպօյաճեան, «Իրաքի հայերը»:
Վարդան Գրիգորյանի գիտական բազմաոլորտ ուսումնասիրությունների շարքում տեղ են գտել նաև XIX դարավերջի և XX դարասկզբի հայ ազատագրական շարժմանը նվիրված սկզբնաղբյուրները, որոնց թվում են նրա աշխատասիրությամբ լույս տեսած «Շավարշ Բասենցյան (Խմբապետ Շավարշ), Արկածալի կյանք (Հուշեր, օրագրեր, հոդվածներ, վավերագրեր)» և Արշալույս Աստվածատրյան, «Սարդարապատի պատմաշինությունը» աշխատությունները:
«Անգնահատելի է եղել Վարդան Գրիգորյանի վաստակը Մատենադարանի ձեռագիր, տպագիր և արխիվային հավաքածուների համալրման գործում: Հայ գաղթաշխարհին ի մոտո ծանոթ լինելը մեծապես օգնել է հայկական համայնքներում նրա գրահավաքչական կարևոր առաքելությանը, որի արդյունքում, հաղթահարելով ժամանակի ամենատարբեր խոչընդոտները, Մատենադարանում են հանգրվանել մատենագրական անգին գանձեր:
Մաշտոցյան Մատենադարանի տնօրինությունը և աշխատակազմը ցավակցում են վաստակաշատ գիտնականի զավակներին և հարազատներին։ «Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»»,- ասված է Մատենադարանի տնօրինության տարածած հաղորդագրության մեջ։
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ