«Ապրիլյանից» մեր տանը խոսելն արգելված է…
Advertisement 1000 x 90

«Ապրիլյանից» մեր տանը խոսելն արգելված է…

Առավոտ կանուխ, աչքերիս մեջ ծրարած օրվա ծանրությունն ու խորհուրդը` գնում եմ աշխատանքի: Գործընկերներս,արդեն երրորդ գարունն է, այդ օրն ավելի սևեռուն են նայում ինձ. համոզված եմ`շատերը կեսգիշերին փորփրում են էջս` ինչ-որ բան այդ օրերի հետ կապված կարդալու ակնկալիքով: «Ապրիլյանից» մեր տանը խոսելն արգելված է: «Հրահանգել» է որդիս` Նարեկը,առանց բառի ու շեշտադրության: Զուսպ, կտրող հայացքը բավական է, որ հասկանանք` այս պարագայում լավագույն զրուցակիցը լռությունն է:

«Սովորական» այդ առավոտին, մինչ տղաներիս արթնանալը, ծածուկ, անշշուկ շոշափում ու համբուրում եմ կրծքանշան-մեդալները, նորից կարդում շնորհակալագիր-պատվոգրերը, հայացքս երախտագիտությամբ հառում Բարձրյալին ու դուրս շտապում:
Դեկանատում բոլոր քննարկումներն «ապրիլյան» են:

– Ինչու՞ Նարեկի նկարը չես դրել fb-ում,-տ.Թևանյանն է,-մտքումս բաներ եմ մտմտացել մեր տղայի մասին. չէ՞, որ վերադարձածներն էլ են սխրանքներ գործել, հերոսներ են:

-Եսի՞մ,- թոթվում եմ ուսերս ու գնում լսարան:

Երկրորդ ամիսն է, որ աշխատում եմ առաջին կուրսեցիների հետ և նրանց գիտեմ այնքան, որքան գիտեմ. էրեխեք են` սովորական-անսովոր, ծույլ-ջանասեր, սիրահարված, ինքնահաստատվող: Ինչպես միշտ` սիրում եմ լսարանը: Այդ լսարանում համակուրսեցիներից տարիքով տարբերվող մի երտասարդի ակնարկեցի,որ միշտ անտարբեր է մատուցվող նյութին: Սիրուն ժպիտով ու առանց շփոթվելու պատասխանեց, որ ում և ինչի մասին խոսում եմ, իրեն չեն հետաքրքրում:

Խոսում էի Աբովյանից,մասնավորապես` «Վերքից»: Հասկացա, որ գործ ունեմ քիչ չէ, շա՜տ տարբերվող մեկի հետ: Որպեսզի լարումը չմեծանա, որովհետև չգիտես սիրուն ժպիտը վայրկյանների մեջ ինչի կվերաճի,կամ տարիների փորձս ինչպես տանուլ կտամ, բավական հանգիստ ու նույնքան անտարբեր առաջարկեցի դասից հետո զրուցել: Մոտեցավ, նորից սիրուն ժպիտով.

-Իմ անտարբերությունը չանձնավորեք: Էդ հերոսները, կռիվները… ես իրենց մասին իմ կարծիքն ու դատողությունն ունեմ,որոնք լսարանային չեն: Ոչինչ չհասցրի կամ չկարողացա ասել. շտապում էր:

Ուսանողիս անունը Հարութ է, Հարություն Բադեյան: Իր հետ դեռևս նախորդ սեպտեմբերից աշխատող ընկերներիցս հետաքրքրվեցի: Պատասխանը մեկն էր. «Տարիքով մեծ է, ուշ է ընդունվել, գուցե բարդույթներ ունի»:

Ժամանակավորապես համոզվեցի. ինչ-որ հարցականներ կային ներսումս:

Լսարանում, ապրիլի 2-ին, շեշտակի,առանց նախաբանի հարցրի.

– Հարություն,դուք ծառայե՞լ եք, որտե՞ղ:

Սիրուն ժպիտով.

– Ծառայել եմ, Ջաբրայիլում:

– Ո՞ր թիվ եք:

– Հա՛, ընկեր Հովհաննիսյան, ապրիլյանի մասնակից եմ: 1997 թիվ եմ:

«Ես կռվի ու հերոսների, զինակից ընկերներ կորցնելու ու գտնելու իմ տպավորություններն ունեմ», ավելի մանրամասն եմ հիշում ասածները:

– Փաստորեն…

– Հա, բայց ինչ կա որ, էնտեղ հազարներով էինք: Ես էլ տանկի մեխանիկ էի, տանկս խփեցին… ու աչքերը խոնարհում է:

– Անձնակազմը՞…- ձայնս դողում է:

– Ղափանցի Նորոն ու Արամը…

– Հա՛,Նորոյի մասին գիտեմ, պարող էր, պարով է տանկ նստել,- նկատում եմ ես:

– Հա, հա, ճիշտ գիտեք, պիտի պարի դպրոց բացեր… էս էլ ընկերներիս նկարները…

Արցունքախառը ժպտում եմ տղաներին, իրենք էլ են ժպտում: Աղջիկներից մեկն անզուսպ հեկեկում է: Լսարանը լուռ է:

– Անձնակազմի հետ մոտեցանք տանկին,ինձ հետ կանչեցին. մի ուրիշ տանկ խափանվել էր, մեխանիկ էր հարկավոր: Րոպեներ անց մեր տանկը չկար: Հետո… անձնակազմի զոհվածների անուններն են հայտարարում` իմն էլ հետը: Ես բանից անտեղյակ` մարտադաշտում եմ:

Հետո… հետո հայտնվում եմ անհայտ զինվորների ցուցակում:

Երկար լռությունը խախտում են աղջիկները` հուզված ու հիացական` հետո՞…

– Ի՞նչ հետո,- սիրուն ժպտում է,- զանգեցի Վարդենիս` մերոնց, մամայիս հետ խոսեցի…

Միանգամից ոգևորված նայում է դեմքիս` հրճվանքով ու սիրուն ժպիտով.

– Էս մամաները շա՜տ հետաքրքիր են, մեր տանը մամաս իմ անկյունն է սարքել. ինչ պարգևատրում ունեմ շարել, իրեն գործ է բացել. ամեն օր փոշին սրբում ու թաքուն համբուրում է…

Հ.Գ. Նարեկս հիմա լսարանում է, ինքն էլ ունի էրեխեքին սիրող ու հավատացող դասախոսներ: Եվ գուցե ապրիլյանի թեժ քննարկումներին ի պատասխան` համեստ, զուսպ ու սիրուն ժպտում է:

Հասմիկ Հովհաննիսյան



Նման նյութեր