Ցինիզմը որպես պոպուլիզմի աղբյուր և դիմադրության միջոց. Լևոն Բաբաջանյան. boom.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ցինիզմը որպես պոպուլիզմի աղբյուր և դիմադրության միջոց. Լևոն Բաբաջանյան. boom.am

Վերջին տասնամյակում ամբողջ աշխարհում հումանիտար ու հասարակագիտական հետազոտությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել պոպուլիզմ կոչվող երևույթը, որի համար մեղադրում են տարբեր քաղաքական առաջնորդների: Աշխարհում տեղի ունեցող քաղաքական գործընթացներից հետ չի մնում նաև Հայաստանը. պոպուլիզմի համար մեղադրում են վերջին մի տարվա ընթացքում ձևավորված նոր քաղաքական իշխանության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին:
Վերջին տարվա ընթացքում քաղաքական դաշտում կիրառվող հասկացություններն ուսումնասիրելու դեպքում կնկատենք, որ մեդիա դիսկուրսում պոպուլիզմն ամենահաճախ օգտագործվող հասկացություններից մեկն է:
Այս առումով հատկանշական է, որ 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ընթացքում հաճախ համեմատականներ էին անցկացնում Փաշինյանի և պատմության հայտնի բռնապետներ Հիտլերի, Մաո Ցզեդունի, Մուսոլինիի և այլոց միջև՝ հիմնականում մանիպուլյատիվ նպատակներով: Այս մանիպուլյացիան ուղղված էր հասարակության մոտ Փաշինյանի նկատմամբ բացասական կարծիք ձևավորելուն:

Նոր ձևավորված իշխանություններին հակադրվող ուժերը, որոնք հիմնականում բաղկացած են նախկին իշխանություններից կամ նրանց հարակից ուժերից, փորձում էին որևէ դիսկուրս հակադրել նոր իշխանությունների պոպուլիստական դիսկուրսին, բայց նրանց ներկայացրած ցանկացած դիկուրս արժանանում էր հանրության բացասական արձագանքին: Այս նոր ընդդիմությանն ուրիշ ոչինչ չէր մնում անել, քան ուղղակի փորձել կազմաքանդել նոր իշխանությունների որդեգրած դիսկուրսը՝ պոպուլիզմը, ու նրանք անում էին դա կոպիտ, երբեմն անթույլատրելի հռետորաբանությամբ, որը կարելի է ցինիզմ անվանել:
Պետք է վերլուծել, թե ինչ փիլիսոփայություն է ընկած այս հռետորաբանության՝ ցինիզմի հիմքում: Մասնագիտական գրականությունում դժվար է գտնել այնպիսի սահմանում, որը մասնագետների կողմից արժանացած կլինի համընդհանուր ընդունելության:
Ցինիկ կամ պոպուլիստական են որակում ինչպես քաղաքական տեքստը, այնպես էլ կուսակցություններին, մարդկանց, հռետորաբանությունը, ոճը, համատեքստը, և այլն: Ցինիզմը և պոպուլիզմը որպես քաղաքական հռետորաբանության առանձին տեսակներ ներկայացնելիս կարելի է ասել, որ դրանք վերաբերում են ոչ թե քաղաքական տեքստին կամ գաղափարախոսությանը, այլ այն համատեքստին, ոճին, հռետորաբանությանը, որով և ներկայացվում է այդ քաղաքական տեքստը:
Այս տեսանկյունից շատ հաճախ պոպուլիստական են որակվում այն բոլոր քաղաքական գաղափարախոսությունները, որոնք դուրս են ազատական ժողովրդավարության գաղափարախոսությունից: Պետք է նշել, որ պոպուլիստական կարող են լինել ինչպես սոցիալիզմը, կոմունիզմը, ազգայնականությունը, նացիոնալ-սոցիալիզմը, այնպես էլ ազատական ժողովրդավարությունը: Այսինքն, ոչ թե տեքստի բովանդակությունն է դարձնում այն պոպուլիստական կամ ցինիկ, այլ այն հռետորաբանությունը և հիմնական հասկացությունների սահմանումները, որոնք օգտագործվում են այդ տեքստում:

Պոպուլիստական հռետորաբանությանը բնորոշ են քաղաքական տեքստի հետևյալ հատկությունները՝ քաղաքականության սահմանումը որպես չարի և բարու պայքարի դաշտ, սոցիումի բաժանումն էլիտաների և ժողովրդի. ժողովուրդը բարու և լուսավորի կրողն է, իսկ էլիտաները՝ ամեն չարի ու վատի: Քաղաքականությունն այս առումով պոպուլիզմի տեսանկյունից ներկայացվում է որպես պայքարի դաշտ, որտեղ ժողովուրդն իր արդար և սրբազան պայքարն է մղում էլիտաների դեմ:

boon.am