Էրիկ Գրիգորյանը մոռացել է իր արած հայտարարությունները, մենք չենք մոռացել. hraparak.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Էրիկ Գրիգորյանը մոռացել է իր արած հայտարարությունները, մենք չենք մոռացել. hraparak.am

Բնապահպանության նախարարությունը փորձել է հերքել մեր թերթի երեքշաբթի օրվա հրապարակումը:
Մեր հրապարակումն այն մասին էր, որ նախարարն անցյալ շաբաթ տված հարցազրույցում ասել էր, որ Լիդիանի ներկայացրած բնապահպանական հետազոտություններն արված են շատ մանրակրկիտ, իսկ նման հետազոտություն փորձաքննելու կարողություն նախարարության ՊՈԱԿ-ը, որը տվել է Ամուլսարի թույլտվությունը, չունի: Սրանով է կառավարությունը տևական ժամանակ բացատրում միջազգային փորձաքննության անհրաժեշտությունը: Մենք տրամաբանական հարց էինք տվել՝ եթե նախարարության փորձաքննությունը բավարար չէր Ամուլսարի դեպքում, ինչո՞ւ է բավարար եղել մյուս հանքերի դեպքում: Եվ կամ, ինչու այլ հանքերում փորձաքննություն չի անցկացվում: Արդյո՞ք Լիդիանի միակ «մեղքն» այն է, որ իր ներկայացրած հետազոտությունները շատ ավելի ծավալուն են, ու մանրակրկիտ: Հոդվածին ի պատասխան, նախարարությունը տարածել է մի հայտարարություն-հերքում, որից դժվար է հասկանալ, թե ինչն է հերքում նախարարությունը:

Ահա այն․ «Մամուլում այսօր հրապարակվել է «Նախարարի հորդորը՝ հետազոտություններ մի արեք» գլխագրով հոդված, որում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Նշվում է, որ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մի քանի առիթով ասել է, թե Ամուլսարի հանքում միջազգային փորձաքննության կարիք ծագեց, քանի որ նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները բավարար կարողություններ չունեն՝ գնահատելու ազդեցությունները:

Նախ նշենք, որ Բնապահպանության նախարարությունը վերոնշյալ փորձաքննությունը չի իրականացնում ու որևէ գնահատական այս առիթով չի հնչեցրել։ Ամուլսարի հանքի պարագայում Քննչական կոմիտեի կողմից հարուցված է քրեական գործ՝ բնապահպանական տեղեկատվություն թաքցնելու առիթով։ Փորձաքննությունն իրականացվում է քրեական գործի շրջանակում, նախարարությունն այդ գործընթացի հետ որևէ առնչություն չունի։

Բնապահպանության նախարարությունը որևէ հանքի շահագործման վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն չի տվել, և որևէ մեկի եզրակացությունը ուժը կորցրած չի համարել, առանց բավարար իրավական հիմքերի։ Օրինակ՝ թվով 34 հանքերի մասով հայտնաբերվել են անհամապատասխանություններ, այդ ցանկը ուղարկվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն։ Մյուս հանքերի պարագայում (Թեղուտ, Ամուլսար, Զանգեզուր և այլն) որևէ մեկի փորձաքննությունը ուժը կորցրած չի ճանաչվել, սակայն նշվել է, որ փորձաքննական համակարգը բավարար չէ՝ գնահատում իրականացնելու համար։

Հրապարակման մեջ մեղադրանք է հնչեցվում նախարարությանը՝ երկակի ստանդարտներ ունենալու համար․ «Ամուլսարի ազդեցությունները գնահատելու բավարար կարողություններ չունեն, ինչպե՞ս են գնահատում այլ հանքերի գործունեությունը»: Այս դիտարկմանն ի պատասխան՝ պետք է կրկին նշել, որ ո՛չ նախարարությունը, և ո՛չ էլ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը Ամուլսարին չեն զրկել ընդերքօգտագործման իրավունքից։ Այս գործով Քննչական կոմիտեի կողմից հարուցված է քրեական գործ, որով զբաղվում են ներգրավված մասնագետները։ Աշխատանքներին մասնակցում են նաև տեղական բազմաթիվ մասնագետներ՝ կենսաբաններ, երկրաբաններ։

Սրանից բացի, հեղինակը պնդում է, թե կառավարությունը հպարտությամբ հայտարարում է Թեղուտի հանքի վերագործարկման մասին, որի թույլտվությունը նույնպես տվել են բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի նշած «բավարար կարողություններ չունեցող գործընկերները»։ Այս առիթով պետք է փաստել, որ Թեղուտի գործունեության թույլտվությունը տրվել է 2006 թվականին, իսկ Ամուլսարինը՝ 2009-ին, 2012-ին, 2014 և 2016-ին։ Ներկայիս կառավարությունը մետաղական հանքի բացման որևէ թույլտվություն չի տվել։ Հոդվածագիրը եզրակացություն է անում, որ կառավարությունը պատժում է «կազմակերպություններին՝ մանրակրկիտ ուսումնասիրություններ կատարելու համար, մինչդեռ Բնապահպանության նախարարությունը հանդես է եկել օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկով։ Նախագիծը կարելի է տեսնել «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում»։ Դրանով առաջարկվում է վերանայել մեծածավալ փորձաքննական գործընթացի ֆինանսավորման մեխանիզմը` սահմանելով, որ գործընթացի որոշ ծախսեր իրականացվելու են ձեռնարկողների հաշվին»:

Հիմա անդրադառնանք այս պատասխանին․ համացանցում մի փոքր փնտրտուքը բերում է մեր հոդվածի բազմաթիվ ապացույցներ: Եվ այսպես՝ հատվածներ 2018 թ. սեպտեմբեր- նոյեմբերին էրիկ Գրիգորյանի հայտարարություններից Ամուլսարի շուրջ իրավիճակի մասին. «Հայաստանի հանրապետությունը բավարար տեղեկատվություն չունի այդ հանքի բնապահպանական ազդեցությունների մասով, սակայն դա կապված է նախկինում և այժմ էլ գործող շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննության օրենսդրության հետ, ըստ որի նախաձեռնողն ինքն է իրականացնում բոլոր հետազոտությունները (…) և այնուհետև ներկայացնում է Բնապահպանության նախարարության փորձաքննության»:

«Ըստ օրենսդրության, շրջակա միջավայրի ազդեցության գնահատման գործընթացը իրականացնում է նախաձեռնողը: Այսինքն դա կլիներ Ամուլսարը, Զանգեզուրը, ցեմենտի գործարան թե այլ արտադրամաս, իրենք են իրենց ՇՄԱԳ ազդեցությունը գրում, հետո ներկայացնում փորձաքննական եզրակացության»:
Եվ ուրեմն նորից հարցնենք Էրիկ Գրիգորյանին, եթե նույն ընթացակարգով թույլտվություն ստացել են մնացած հանքերը, և դուք չեք վստահում այդ փորձաքննությանը, ինչո՞ւ է ևս մեկ փորձաքննության անհրաժեշտություն ծագել միայն Ամուլսարում: Այս հարցի պատասխանը նախարարությունը չի տալիս, բայց պատասխանը դարձյալ կարելի է գտնել Էրիկ Գրիգորյանի անցյալ տարվա սեպտեմբեր- նոյեմբերին արված հայտարարություններում:

Մեջբերում ենք. «Կոնկրետ Ամուլսարի պարագայում, երբ որ ծախսվել է մի քանի միլիոն դոլար, ներգրավվել են բազմաթիվ ինստիտուտներ, գնահատումն իրականացնող փորձաքննական ՊՈԱԿ-ն ունի ընդամենը 4-5 մասնագետ (…) Ես հեռու եմ այն մտքից, որ բավարար կարողություններ է եղել դա գնահատելու»:
«Ամուլսարի ՇՄԱԳ գնահատումը իրականացվել է բազմաթիվ ինստիտուտների կողմից, ծախսվել են հսկայական գումարներ: Եզրակացությունը տվել է մեկ փորձագետ: Փորձաքննական եզրակացություն տրամադրող ՊՈԱԿ-ը ունի 5-6 փարձագետ և մենք հեռու ենք այն մտքից, որ այդ փորձագետները ունեն բավարար գիտելիքներ այդ բազմաբնույթ և տարբեր ուսումնասիրությունները որակական և բովանդակային առումով գնահատելու»:
Եվ վերջապես հատված անցյալ շաբաթվա Էրիկ Գրիգորյանի հարցազրույցից, որտեղ Էրիկ Գրիգորյանը բացատրում է թե ինչու է իրականացվում միջազգային փորձաքննությունը․
«Գործընթացը, որը այս պահին գնում է, միջազգային փորձագետների ներգրավվածությամբ, այդ հարցի (Ամուլսարի ազդեցությունների) պատասխանին ուղղված գործընթաց է, քանի որ (…) Օրինակ Ամուլսարի պարագայում տասնյակ ինստիտուտներ, փորձագետներ, հարյուրավոր, հազարավոր էջերով հետազոտություն են արել, այդ ամենը այդ ՊՈԱԿ-ի փորձագետը ուսումնասիրում է, օրինակ իզոտոպային հետազոտությունները: Ես չգիտեմ երբևիցե իզոտոպի հետ առնչվել է, թե՝ ոչ: (…) կազմակերպությունը, որը որ վարձվել է պետք է տա պատասխան, արդյոք բոլոր այդ եզրակացությունները (…) համապատասխանում է, թե՝ ոչ»:
Հետևությունն ակնհայտ է. քանի որ Լիդիանը ներկայացրել է ավելի մանրակրկիտ, ավելի ծավալուն ու «բազմաբնույթ» բնապահպանական ազդեցության գնահատում, դա գնահատելու կարողություն նախարարության ՊՈԱԿ-ը չուներ: Կառավարությունը, փոխանակ խրախուսի, որ մյուս հանքերն էլ նույն կերպ աշխատեն, Լիդիանի դեպքում միջազգային փորձաքննություն է անում, քանի որ չի կարող ինքնուրույն գնահատել հետազոտությունը: Փաստորեն Ամուլսարի գործերը հիմա ավելի լավ կլինեին, եթե մյուսների նման ավելի հակիրճ ու մակերեսային հետզոտություն աներ: Ի՞նչն է հերքում նախարարությունը, եթե հենց այս պարադոքսն է բխում նախարարի խոսքերից:
Եվ վերջապես: Նախարարության տեքստում ասվում է, թե Ամուլսարի միջազգային փորձաքննությունը իրականացվում է քրեական գործի շրջանակներում և «նախարարությունը այդ գործընթացի հետ որևէ առնչություն չունի»: Քրեական գործը, որ հարուցվել էր անցյալ տարվա հուլիսին, իրոք հենց նախարարության ՊՈԱԿ-ի դեմ է, և նախարարությունը պետք է այդ գործընթացին առնչություն չունենար: Բայց տեսնենք, թե ինչ էր ասում Էրիկ Գրիգորյանը փարձաքննության մասին (որին նախարարությունը «չի առնչվում») 2018-ին.
«Ամուլսարի հարցի շրջանակում բավական աշխատանք է տարվել: Եվ այդ ամբողջ աշխատանքները և նոր միջազգային ուսումնասիրության շրջանակի ընդգծումը՝ ինչ պետք է արվի, ոնց պետք է արվի, ինչ պետք է ներառվի, այդ ամբողջ աշխատանքերը համակարգվել են բնապահպանության նախարարության կողմից»:
«Մենք զուգահեռ բավական ինտենսիվ աշխատել ենք միջազգային տարբեր ինստիտուտների հետ, որպեսզի ներգրավենք այդ միջազգային որոշակի կարողություններ ունեցող կազմակերպություններ և այս ամսի (սեպտեմբերի) 17-ին, այսինքն 10 օրից մենք ակնկալում ենք միջազգային բավական հեղինակավոր կազմակերպության այց Հայաստան (խոսքը լիբանայնան «Elard»-ի մասին է), որի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որպեսզի ուսումնասիրեն (…) ջրերի վրա հնարավոր ազդեցությունը: (…) Սա մենք ենք անում, մեր միջոցներով»:
Այս հայտարարությունները արդեն իրավական հարթության խնդիր են և ուղղակի տպավորություն են ստեղծվում, որ կառավարությունն «ընկել է» Լիդիանի հետևից ու հենց նախարարությունն է փորձաքննում Ամուլսարը:
Ընդհանրապես կառավարության անդամները լավ կանեին մամուլի ճշմարիտ հրապարակումները հերքելու անշնորհակալ գործին լծվելու փոխարեն, ուշադիր լինեին սեփական հրապարակային հայտարարությունների հանդեպ, հատկապես երբ դրանք առնչվում են բազմամիլիարդանոց խնդրին և երկրի հեղինակությանը: Ամուլսարի թեմայով կառավարության թե՛ հայտարարությունները, թե՛ գործողությունները այնքան հակասական ու խառնափնթոր են, որ եթե նույնիսկ դրանց հետևում պարզ ոչ կոմպետենտությունն է, դատարանում դրանք կարող են Լիդիանի հետապնդման ապացույց դառնալ, մանավանդ, որ համացանցում օրինակները ավելի քան բավարար են:
Կցում ենք նաև մեջբերված հատվածների տեսագրությունը:

hraparak.am