Տարիներ առաջ օպերայի թատրոնին կից ստեղծվեց «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամը», որի նպատակներից մեկը Օպերային թատրոնի գույքը թարմացնելն ու փորձասենյակները նորոգելն էր։ Առաջին հայացքից բարի նպատակով ստեղծված կառույցը, սակայն, դարձավ խոշոր «չարաշահումների դարբնոց»։ Տարբեր կառույցներից հիմնադրամի ստացած գումարներն այդպես էլ չծառայեցին իրենց նպատակին, եւ հիմա Օպերայի աշխատակիցները մտավախություն ունեն, որ առերեւույթ զեղծարարություններին մասնակցություն ունեցած անձը կարող է դառնալ Օպերայի տնօրեն։
Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեցին աշխատակիցները՝ չարաշահումները բացահայտվել են Կոնստանտին Օրբելյանի՝ թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվելուց հետո։ Պարզվել է, որ հիմնադրամի կասկածահարույց գործունեությանն առնչություն են ունեցել նաեւ Օպերայի որոշ աշխատակիցներ, որոնք ազատվել են աշխատանքից։ Նրանցից մեկին ավելի վաղ անդրադարձել ենք, խոսքը վերաբերում է իրավաբանական վարչության արդեն նախկին պետին։ Սակայն մեր զրուցակիցների փոխանցմամբ դրանցից անմասն չի եղել նաեւ հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանը, ում անունը շրջանառվում էր որպես Օպերայի տնօրենի պաշտոնին հավակնորդ։
Ահա որտեղից է առաջացել թատրոնի արտիստների մտավախությունը։ Նրանք պնդում են, որ մի խումբ նախկին «ավազակներ» միացել են իրար և հեղափոխականի ձեռքով ուզում են ներխուժել ու հանել մի մարդու, որ դեռևս հեղափոխությունից առաջ էր հեղափոխություն արել թատրոնում եւ այն «մաքրել գումար գողացողներից»։
Վերադառնանք հիմնադրամին, որի ծավալած գործունեության պատմությունն ունի խոր արմատներ։ Թատրոնի աշխատակիցների խոսքով տարիներ առաջ, երբ թատրոնի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Հրաչ Գրիգորյանը «Կլուբնիկ» մականվամբ, նրա որդին՝ Շմավոն Գրիգորյանը և նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը թատրոնում լիակատար իշխանություն ստացան։ Վերջինս էլ հենց համարվում է «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և թատրոնի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամ»-ի հիմնադիրը։ Հիմնադրամի մեկամսյա գործունեւթյունից հետո թատրոնում աշխատավարձի բարձրացման խնդիր առաջացավ և այդ ժամանակ պարզվեց, որ «ՎիվասելՄՏՍ»-ը թատրոնին տրամադրում է 40մլն դրամ, որը նպատակաուղղված էր աշխատավարձերի բարձրացմանը։ Աշխատակազմը, սակայն, այս ամենին անտեղյակ էր։ Երբ այս հարցով թատրոն է հրավիրվում մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, Կարեն Դուրգարյանի հորդորներով խնդրին «ցիվիլ» լուծում է տրվում։ Ժողովի ժամանակ որոշվում է հովանավորչական գումարները թատրոնին տրամադրել հիմնադրամի միջոցով։ Թատրոնում կատարված այս իրադարձություններին քաջատեղյակ աշխատակիցների վստահեցմամբ 40մլն դրամը, ինչպես նաև հետագայում այլ գումարներ բաժանվեցին միայն մի քանի հոգու միջև, իսկ թատրոնի բարելավման համար՝ ոչինչ։ Նրանց խոսքով Հրաչ Գրիգորյանը ընդամենը 3 օրվա ժամանակավոր պաշտոնակատար էր, բայց արդեն պայմանագրեր էր կնքում տղայի հետ։ Հոր և որդու գործարքներից մեկն էլ թատրոնի դահլիճն անհատույց լիբանանցի դարբուկանվագողին տրամադրելն էր։ Նրանք անգամ որոշել էին թատրոնում ֆիլմ-օպերաներ ցուցադրել էկրանին։ Այսինքն ամեն կերպ փորձում էին գումար վաստակել, սակայն հարցի շուրջ բարձրացած մեծ աղմուկը կասեցրեց նրանց այդ ծրագիրը։
Հիմնադրամի տարեկան հաշվետվություններում նշված են թատրոնի վերանորոգման համար ծախսված խոշոր չափի գումարներ, սակայն թատրոնի անձնակազմը ոչ միայն հերքում է դա, այլև նշում, որ անգամ հիմնադրամի գրասենյակի վերանորոգումը իրականացվել է թատրոնի գումարներով։ Մեր զրուցակցի հավաստմամբ՝ վերանորգում իրականացվել է 2017 թվականին, այն էլ միայն 2-րդ հարկի միջանցքը, որի համար թատրոնը հատկացրել է 5.400000 դրամ»։
Ի դեպ, խախտումները բազմաթիվ են եղել հենց թատրոնում, որի անմեղ վկայություններից է նաեւ 2017 թվականի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Անտոնյանի ինքն իր հետ կնքած պայմանագիրը, որի համաձայն թատրոնը իրեն պետք է յուրաքանչյուր ամիս տրամադրեր 100 լիտր բենզին՝ ավտոմեքենան ծառայողական նպատակներով գործածելու համար։
Կշարունակենք անդրադառնալ տարիների ընթացքում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կամ նրա անունից իրականացված չարաշահումներին։