2018 թվականի հունվարի 15-ին Երեւանից Մարտակերտի N զորամաս զորակոչված զինծառայողի նկատմամբ նույն ամսվա ընթացքում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու և նրան ծեծելու դեպքով հարուցված քրեական գործը դատարան է հասել: Թե վերջին տարիներին ԶՈՒ-ում զինվորների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու քանի դեպք է գրանցվել Aravot.am-ի հարցին ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դժվարացավ տվյալներ ներկայացնել. «Կարող եմ ասել՝ գոնե վերջին յոթ տարում նման դեպք չի եղել, ես գոնե չեմ հիշում… Դատախազությունը գուցե այս հարցով ձեզ օգնի»:
Դեպքերի նման վիճակագրություն չունի նաեւ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը. «Դեպքեր չենք հավաքագրել, ուսումնասիրությունը պետք է կատարի Պաշտպանության նախարարությունը եւ պայքարի այդպիսի դեպքերի դեմ, զինծառայողների իրավունքները պաշտպանի, զերծ պահի նրանց այդպիսի բռնի երեւույթներից: Բայց Պաշտպանության նախարարությունը չի ընդունում, որ այդպիսի դեպքեր կան, որ սպան կարող է բռնաբարել զինվորին, ուղղակի հայտարարություններ են անում մեր հրապարակելուց հետո: Արծրուն Հովհաննիսյանն, այսպես ասած, երդվել է, որ ինքը չի հավատում, որ կան նման դեպքեր, ու, եթե Արծրուն Հովհաննիսյանը չի հավատում, ուրեմն այդպիսի դեպքեր չկան… Սա Պաշտպանության նախարարության պաշտոնական դիրքորոշումն է»:
«Ժաննա Ալեքսանյանը մեծագույն սխալ է անում, ի տարբերություն Ժաննա Ալեքսանյանի՝ ես հավատում եմ իրավապահ մարմիններին, ոչ թե զինվորին կամ ծնողին: Ես չեմ տեսել դատաբժշկի փորձաքննություն, իրենք չեն էլ ներկայացրել այդ փորձաքննության արդյունքները, ինքը ստում է, ո՞ւր է այդ փորձաքննությունը, բա մեզ ինչո՞ւ ցույց չի տալիս, որ նման փորձաքննություն կա»,- այսպես արձագանքեց Արծրուն Հովհաննիսյանը:
Ժաննա Ալեքսանյանի խոսքով, 2018 թվականին զինծառայողին բռնաբարելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործը դատարանում է.
Իրավապաշտպանի խոսքով, սեռական բռնություն կատարելու մեջ մեղադրվող սպան չի ընդունում մեղադրանքը, նա նաեւ ասաց՝ տեղեկություններ ունեն, որ շուտով սպայի պաշտոնն են բարձրացնելու.
«Եթե ՊՆ-ն շարունակի այդ կեցվածքը պահել՝ բացառելով, որ նման դեպքեր են լինում, նրանք այդկերպ կխրախուսեն այդ նույն սպային, որ շարունակի իր բռնի գործողությունները, այլ զինվորներ էլ կտուժեն»: Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով բռնության դեպքով մեղադրյալ սպայի պաշտոնը բարձրացնելու մասին իրավապաշտպանի տեղեկությանը, ասաց՝ նման տեղեկություն չունի. «Եթե սպան իր ծառայության մեջ նորմալ ծառայում է, իսկ ինչու չպետք է բարձրացվի…իրավական համակարգով հիմնավորված հանցագործություն կա՞, թե չկա՞: Եթե չկա ապացուցված հանցագործություն, մեր բամբասանքները, էմոցիաները, գնահատականները հի՞մք են, որ մարդու ճակատագրի հետ խաղանք: Եթե դատարանն ապացուցի, որ այդ սպան նման արարք է արել, նա ոչ միայն պաշտոնանկության, այլեւ քրեական պատասխանատվության է ենթարկվելու: Ոնց եք կարծում, մարդ այս երկրում ինչ-որ մեկի բռնաբարի, ու նրան չդատապարտե՞ն:
Հիմա կարող է պաշտոն ստանալ, բայց եթե ապացուցվի, որ հանցանք է կատարել, պաշտոնից էլ է զրկվելու, իր կյանքն էլ է խաթարվելու, հայտնվելու է համապատասխան վայրում, բայց, եթե դատարանը դեռ չի հիմնավորել, ո՞վ է Ժաննային իրավունք տվել սպայի ճակատագրի հետ խաղալ: Մեր Զինված ուժերում, չեմ հիշում մի դեպք, երբ ոչ թե սպան, այլ զինվորը զինվորին բռնաբարի ու շարունակի իր կյանքն ապրել, գիտե՞ս իրեն ինչ օրը կգցեն նման բանի համար: Էս Ադրբեջանը չի , որ տղամարդ բռնաբարելը նորմ է, ուղղակի դժոխք կդարձնեն իր կյանքը: Այնպես կանեն, որ էդ սպան կգնա, կկախվի, իր ընկերները դա կանեն, անցնող, դարձողը կթքի վրան, ո՞նց կարող է Հայաստանում տղամարդը տղամարդուն բռնաբարի ու ապրի, ես ոչ միայն բանակում, քաղաքացիական կյանքում նման բան չեմ լսել: Ժաննային թեմա է պետք, շաբաթը մեկ հիշեցնում է Բրոյանին ու էս դեպքը, որ արդարացնի իր փողերը»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: