Այդ օրերին ես փորձում էի զգացմունքներ չունենալ․ Արմեն Սարգսյան. civilnet.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Այդ օրերին ես փորձում էի զգացմունքներ չունենալ․ Արմեն Սարգսյան. civilnet.am

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ՍիվիլՆեթի էրիկ Հակոբյանին և խոսել է Թավշյա հեղափոխության օրերին իր քայլերի ու մտածմունքների մասին։ Անգլերեն արված տեսահարցազրույցից մի հատված թարգմանաբար ներկայացված է ստորև։

– Մենք այժմ մոտենում ենք անցյալ տարի տեղի ունեցած հեղափոխության միամյակին։ Դուք առանցքային դեր ունեցաք այդ փոթորկոտ իրավիճակում, նպաստելով, որ երկիրը նախորդ վարչակարգից ներկայիս վարչակարգին անցումը կատարի սահուն։ Ի՞նչ էիք զգում ու մտածում այդ ժամանակ։ Ենթադրում եմ՝ անհանգստացած էիք, հույսով լի։ Ո՞րն էր Ձեր ունեցած դերը այդ անցման մեջ, որ հետհայաց կարող ենք ասել՝ սահուն էր։

– Կփորձեմ։ Վստահ եմ՝ գիտեք, որ ապրիլի 9-ին, երբ ստանձնեցի Հայաստանի հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնը, նաև նոր դարաշրջան սկսվեց, որովհետև Հայաստանը դարձավ խորհրդարանական հանրապետություն։  Խորհրդարանական հանրապետության նախագահը օժտված չէ գործադիր իշխանությամբ։ Նա պետության գլուխն է, Սահմանադրության պահապանը, սակայն գործադիր իշխանություն չունի։ Սա նշանակում է՝ նախագահը չի կարող հրաման արձակել, օրինակ՝ ոստիկանությանը, անվտանգության ուժերին կամ զինվորականներին, անել կամ չանել այս կամ այն գործողությունը։ Այդ տեսանկյունից, երբ ես ստանձնեցի նախագահությունը, գործընթացը, որը սկսվել էր որպես ընդդիմության շարժում, մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում արագորեն վերաճեց հեղափոխության՝ հայտնի Թավշյա հեղափոխություն անվամբ, որը ես կցանկանայի վերանվանել «Հեղափոխություն հայկական ոճով», քանի որ դա պատմության մեջ երբևէ տեղի ունեցած ամենասահուն հեղափոխություններից մեկն է։ Հեղափոխություն, որը չբերեց մարդկային զոհերի կամ վիրավորների, և մենք բոլորս կարող ենք հպարտանալ դրանով։

Ինչ վերաբերում է զգացմունքներին, այդ օրերին ես փորձում էի զգացմունքներ չունենալ, քանի որ ի վերջո մեկը պետք է շատ սթափ լիներ, ինչ-որ մեկը, որ… Հատկապես նախագահը, պետք է շատ սթափ ու սառը դատեր, փորձեր ամեն ինչ հնարավոր դարձնել, եթե անցում կա, ապահովել, որ այդ անցումը սահուն ու առանց դրամայի լինի և առանց կյանքերի կորստի, ինչը շատ ցավալի կլիներ։ Պետք էր նաև այնպես անել, որ երկու կողմերում գտնող մարդիկ երկխոսեն։ Դա էր պատճառներից մեկը, միջոցներից մեկը, որ ես գնացի Հանրապետության հրապարակ և հանդիպեցի այն ժամանակ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչը շատ հետաքրքիր էր։ Այն վայրկյանին, երբ որոշեցի գնալ, երբ սկսեցի քայլել նախագահական նստավայրից, քսան-երեսուն զանգ ստացա, որ ինձ ասում էին չանել նման բան։ Բայց ես համոզված էի, որ դա է ճիշտը։ Եվ իսկապես պատիվ էր, երբ քայլում էի դեպի հրապարակ, և մարդիկ աջակցում էին ինձ։

Իհարկե, ապագա վարչապետի կամ այն ժամանակ ընդդիմության առաջնորդի հետ այդ քննարկումները անցան հազարավոր մարդկանցով շրջապատված, և մենք ստիպված էինք գոռալ իրար ականջի, այդքան բարձր էր աղմուկը։ Բայց դա կարծես սկիզբն էր երկխոսության գործընթացի փորձի։ Ցավոք, հաջորդ օրը այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև երկխոսությունը բոլորովին չստացվեց։ Մենք գիտենք այդ պատմությունը, չեմ պատմի այն ևս մեկ անգամ։

Սակայն ինձ համար առանցքային էր այն կետը, որ առջևում Ապրիլ 24-ն էր, և ես չէի ցանկանա, որ Ապրիլի 24-ին մարդկանց ու իշխանությունների, ուժայինների միջև բախում լիներ։ Եթե դա տեղի ունենար, ուրեմն պետք է արդեն մոռանայինք Ապրիլի 24-ի, ցեղասպանության, հիշատակման օրերի մասին, քանի որ ամբողջ աշխարհը կտեսներ, որ հայերը իրենց ամենասուրբ օրը իրար հետ կռվում են։ Անհնար է, անընդունելի։ Բացարձակապես։ Ուստի պետք էր անել այնպես, որ չլինի բախում, և երկրորդ, որ մեր ազգը Ապրիլի 24-ին վեր հառներ որպես հաղթանակած ազգ, որովհետև Ապրիլի 24-ը՝ ցեղասպանության հիշատակման օրը, ինձ համար երկու դեմք ունի։ Իհարկե, դա այն օրն է, երբ մենք բոլորս, ամբողջ աշխարհի հետ, աշխարհի լավագույն մասի հետ, հիշատակում ենք այս սարսափելի ոճրագործության՝ Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության  զոհերին։ Սակայն ինձ համար այն ունի նաև երկրորդ իմաստը՝ որ մենք, որպես հզոր ազգ, ապացուցել ենք աշխարհին, որ անհնար է հայերին ոչնչացնել։ Մենք ոգով, մարմնով ու մշակույթով ուժեղ ենք, մենք վերսկսել ենք մեր կյանքը, Հիսուսի նման վեր ենք հառել մահից։ Ինձ համար Ապրիլի 24-ը երկու իմաստ ունի։

– Հարության։

– Հարության։ Եվ կարծում եմ, որ մեծ ողբերգության օր լինելուց բացի, դա նաև որոշ չափով հաղթանակի օր է՝ մենք ամբողջ աշխարհին ենք ապացուցել, և նախևառաջ այդ սարսափելի ոճրագործությունը ծրագրողներին, որ անհնար է մեզ հաղթել, մենք շատ ավելի ուժեղ ենք։ Մենք լավագույնների շարքում ենք։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

civilnet.am



Նման նյութեր