Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սերգեյ Վիկտորովիչի հայտարարությունը պետք է դիտարկել երկու ասպեկտով: Առաջինը և ամենագլխավորը՝ ռուսաստանցի նախարարը բարձրաձայնել է բացարձակապես մարդասիրական մոտեցում՝ բոլոր գերիները և պատանդները պետք է վերադարձվեն ու ազատվեն: Սրա հետ, իհարկե, կարելի է և պետք է համաձայնվել: Բայց հարցն ունի նաև մյուս կողմը՝ այն, ինչ փորձում են վերագրել նախարար Լավրովին: Չեմ կարծում, որ պարոն Լավրովը գերիների մասին խոսելիս նկատի է ունեցել մարդասպաններին և ահաբեկիչներին: Պաշտոնական Ստեփանակերտը երկար տարիներ գործնականում հանդես է եկել անմեղ մարդկանց ազատելու օգտին, որոնք պատահաբար հատել են սահմանը և հայտնվել հակառակորդի տարածքում: Խոսքը հանցագործություններ, առավել ևս ծանր հանցագործություններ չկատարած մարդկանց մասին է: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ժամանակին Ադրբեջանում են եղել մեծ թվով հայ գերիներ: Ադրբեջանական կողմը կտրականապես հերքել է այս փաստերը: Հայերին «գրանցում» էին որպես ադրբեջանցիներ, նրանց այլ անուններ տալիս, օգտագործում էին որպես ստրուկներ, վերցնում էին նրանց օրգանները: Քանի որ այս մարդկանց անունները փոխված էին, միջազգային կազմակերպությունները ի վիճակի չէին վերահսկել նրանց ճակատագիրը:
Հարցը միանգամայն այլ է հանցագործների դեպքում, որոնց մեղքն ապացուցված է հրապարակային դատավարությամբ՝ միջազգային դիտորդների, լրագրողների, իրավապաշտպանների մասնակցությամբ: Հանցագործներ, որոնք դատապարտվել են դատական երեք ատյաններով, այլ ոչ թե դաշտային դատարանով: Ես բացարձակապես համոզված եմ, որ Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչ, բարձրակարգ դիվանագետ պարոն Լավրովը նկատի չի ունեցել հանցագործներին, որոնց ձեռքերը թաթախված են անչափահաս երեխայի արյան մեջ:
Ինչպես հետևում է փորձից, սպանություն և ահաբեկչական գործողություններ կատարած անձանց վերադարձնելու դեպքում հայրենիքում անհապաղ կհերոսացնեն: Այսինքն՝ վստահության մթնոլորտ ստեղծելու իմաստով արդյունքը մի քանի անգամ վատ կստացվի: Ադրբեջանական հանրությանը կներարկվի թույնի վիթխարի չափաքանակ»: