60-ամյա Գևորգ Գևորգյանը ծնվել և մեծացել է Հայաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Գյումրի քաղաքում: Շինարար-ճարտարապետ է: 30 տարի աշխատել է հայրենի քաղաքում: Ապա, ինչպես շատ հայ տղամարդիկ, արտագնա աշխատանքի մեկնել Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կրկին զբաղվել է շինարարությամբ:
Հայ հասարակությունում, ընդհանուր առմամբ, ընդունված է, որ տղամարդը պետք է լինի ընտանիքին կերակրողն ու հոգ տանողը: Հատկապես մարզային աղքատության պատճառով Գևորգյանի պատմության նման պատմություններ Հայաստանում այսօր շատ կան: Ընտանիքին կերակրելու միակ տարբերակը շատերի համար արտագնա աշխատանքի մեկնելն է. տղամարդիկ թողնում են ընտանիքները և աշխատանք փնտրում արտերկրում: Հայաստանի ժամանակակից կյանքի իրականությունը գենդերային դերերի երկընտրանք է ստեղծում: Հայրը, որը հոգում է ընտանիքի կարիքները, սակայն ֆիզիկապես բացակայում է, ի՞նչ ազդեցություն է ունենում ընտանեկան կյանքի վերաբերյալ ավանդական պատկերացումներին:
«Ամբողջ կյանքում մուրճն ու մեխը ձեռքիս են եղել: Հայրս սիրում էր ասել, որ մենք քարից հաց քամող ազգ ենք: Ես հենց դա էլ արել եմ: Հազվադեպ եմ հիշում օրեր, որ տանը նստած լինեի: Եթե նույնիսկ տանը մնում էի, ապա շատ էի նեղվում իմ ոչինչ չանելուց»,-ասում է Գևորգյանը:
1988 թվականին տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով Հայաստանի հյուսիսային շրջաններում ավերվեց ավելի քան 50 գյուղ և 11 քաղաք: Հաշված վարկյանների ընթացքում Հայաստանում կյանքը կանգ առավ, գործարանները դադարեցին աշխատել, մարդիկ դարձան անտուն և գործազուրկ: Իսկ այդ հետեւանքները վերացնելու համար պահանջվեց տասնյակ տարիներ:
«Գրեթե խելագարվում էի, որովհետև այդ օրերին չէի աշխատում: Բայց հետո ինքս ինձ հավաքեցի, հասկացա, որ իրավունք չունեմ նստեմ տանը ու ոչինչ չանեմ: Ես պետք է իմ ընտանիքի ապրուստը հոգայի»,-ասում է Գևորգյանը, «կինս երբեք չի աշխատել, մեր ընտանիքում հստակ դերաբաշխում կար. ես փող աշխատողն էին, կինս՝ երեխաներին խնամող-մեծացնողը»:
Բախվելով ընտանիքը կերակրելու խնդրին՝ Գևորգ Գևորգյանը ընտրեց միակ հնարավոր տարբերակը: Նա մեկնեց Ռուսաստան՝ փնտրելու աշխատանք:
Ամբողջությամբ՝ chai-khana.org