Հայրենական պատերազմը, որը շրջադարձային է եղել մարդկության պատմության մեջ` փոխելով դրա ընթացքը, անջնջելի հետք է թողել հատկապես պատերազմի մասնակիցների կյանքում: Նրանք ամեն տարի՝ մայիսի 9-ին, վերապրում են այն հույզերը, որոնք ունեցել են 1940-ականներին:
Պատերազմի թոհուբոհով անցել և հայրենիք է վերադարձել Վարդգես Մկրտիչի Ասատրյանը, որի 95-ամյակը լրացավ այս տարվա մայիսի 8-ին:
Մարտունու Մոլալու գյուղի բնակիչ Վարդգեսը ծառայում էր Դիլիջանում և ընդամենը 18 տարեկան էր, երբ իմացավ, որ պետք է մասնակցի Հայրենական պատերազմին:
«Ծառայել եմ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում: Մեզ այնտեղ տարան Դիլիջանից: 18 հայ տղա էինք: Չէին ցանկանում, որ հայ տղաները մեկ վայրում մնան, և փորձում էին մեզ առանձնացնել, բայց մենք կարողացանք միասին մտնել ֆրոնտ (ռազմաճակատ): Մարտ ամիսն էր. սարսափելի ցեխ էր: Ուկրաինայի հողը սևահող է, ձյունն էլ շատ էր: Գարունը, որ բացվում է, մինչև ծնկներդ ցեխ ես լինում: Շինելները կտրել էինք, որ կարողանանք շարժվել»,-«Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում պատմեց Վարդգես Ասատրյանը:
Նա մտաբերեց, որ մի անգամ կապիտանը հրամայել է պառկել և դիրքեր փորել: «Գետինը ցեխ էր, ես գլուխս դրեցի ձեռքիս, որ այն չցեխոտվի: Թեքվեցի կողքի ու իմ կարճապոչ բահով սկսեցի փորել: Գերմանացիներն այդ ժամանակ բավականին մոտ էին մեզ ու կրակում էին: Հենց ձեռքս մի փոքր բարձրացրի, գնդակը դիպավ, և ես վիրավորվեցի: Գնդակը մի կողմից ձեռքս մտավ, մյուսից դուրս եկավ: Վառվող գնդակ էր: Ասես ծանր փայտով հարվածեին ինձ: Երբ ընկերներս տեսան, որ ես վիրավորվեցի, հավաքվեցին շուրջս: Ռուս հրամանատարը հայհոյում էր ու հրամայում մեր տեղերը զբաղեցնել, հակառակ դեպքում մեկ գնդակով կարող էին բոլորիս սպանել:
Շատ ակտիվ, ասող-խոսող տղա էի, և դա էր պատճառը, որ ինձ համակրում էին: Անգամ լաց էին լինում, երբ վիրավորվեցի: Մեզ հետ էր նաև համագյուղացիս, որը, ավաղ, չվերադարձավ (Վարդգես Ասատրյանը չկարողացավ զսպել արցունքները-հեղ.): Դա 1944 թվականի մարտն էր»,- հիշողությունները մեզ հետ կիսեց վետերանը:
Նրա խոսքով` վիրավորվելուց հետո իրեն տարել են մի ռմբակոծված դպրոց, որտեղ ո՛չ դուռ կար, ո՛չ պատուհան: Այն ամանները, որոնցով վիրավորները ճաշել են, պատրաստված են եղել պահածոների տարաներից:
«15 օրում վերքս լավացավ, դուրս գրեցին, ու ես կրկին վերադարձա ֆրոնտ: Երբ համալրում էինք մարտում զոհվածների տեղերը, Սևանից մի լավ տղա`Արշավիր Խաչատրյանը, ինձ խորհուրդ տվեց ասել, որ ես ոչ թե պիխոտ եմ (հետևակ), այլ՝ արտիլերիստ (հրետանավոր): Երբևէ չէի տեսել այդ զինատեսակը, ինչպե՞ս ստեի, բայց արեցի: Հարցրեցին, թե ո՛վ է արտիլերիստ, ես անհամարձակ ձեռքս բարձրացրի, ու ինձ տարան պատերզամի դաշտ: Դնեստր գետի ափին էինք: Գետի մյուս կողմում Մոլդովան է, Բուլղարիան, Ռումինիան, Չեխոսլովակիան: Հենց այդ ժամանակ իմացանք, որ մեր ազգային հերոս Բաղրամյանը, որը գլխավոր շտաբի պետն էր, Ժուկովի հետ վերցրեց Բեռլինը:
Դնեստրի ափին եղեգները շատ էին, մոծակները նույնպես: Բոլորս մալարիայով հիվանդացանք ու դողում էինք:
Բեռլինի գրավումից հետո հակառակորդի զորքերն ուղղվեցին երկրորդ ու երրորդ ուկրաինական ֆրոնտերի վրա: Պայքարը թեժ էր: Այդ ժամանակ «կատյուշաները» նոր էին: Դրա արկերը ցերեկով, թե գիշերով տեսում ես և թվում է թե օդում վառվող աղավնիներ են թռչում: Կատյուշայի արկերն այնքան հզոր են, որ դրանց հարվածից մեկ-երկու ժամ անց հողից դեռ ծուխ է դուրս գալիս: Կարծում եմ՝ «Կատյուշա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը մեծ դերակատարություն ունեցավ մեր հաղթանակում:
Այդ մարտերում 75 արկ եմ կրակել:
Մենք ազատագրեցինք Ուկրաինան, անցանք Մոլդովա, Բուլղարիա, Ռումինիա, Հարավսլավիա, Հունգարիա: Հենց Հունգարիայում ինձ առաջարկեցին համալրել Կոմունիստական կուսակցության շարքերը, և ես համաձայնվեցի»,-պատմում է Վարդգես Ասատրյանը:
Նա խոստովանեց, որ, ի տարբերություն գերմանացիների, Խորհրդային բանակի զինվորներն այնքան էլ լավ պայմաններում չէին կռվում, բայց հավատում էին հաղթանակին:
Վարդգես Ասատրյանի հայրը` Մկրտիչ Ասատրյանը նույնպես մասնակցել է Հայրենական պատերազմին: Նա 1941 թվականին մեկնել է պատերազմ, վեց ամիս հետո վիրավորվել է և գերի ընկել: Ամուսնացել է գերմանուհու հետ ու հաստատվել ԱՄՆ-ում: Մկրտիչ Ասատրյանը 1959-ին առաջին, իսկ 1961-ին երկրորդ անգամ եկել է Հայաստան` տեսնելու իր ընտանիքը: Վարդգես Ասատրյանն ասաց, որ, չնայած հեռավորությանը, հայրն իրենց մշտապես աջակցել է թե՛ հոգեպես, թե՛ նյութապես:
Վարդգես Ասատրյանն ունի հինգ դուստր, երկու որդի, բազմաթիվ թոռներ ու ծոռներ: Վետերանը, որի կուրծքը զարդարում են արիության և քաջության համար ստացած բազմաթիվ շքանշաններ, բոլոր երիտասարդներին մաղթում է գնահատել այն, ինչ ունեն և առաջ նայել առանց վարանելու: