ArmLur.am-ը զրուցել է Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Վահան Հանիսյանի հետ: Նա մեզ պատմել է պատերազմից, դրան նախորդող օրերին ստեղծված իրավիճակից: Վահանը եղել է Մարտակերտի 140 մարտական դիրքում: Քյարամ Սլոյանի, Ռոբերտ Աբաջյանի հետ ծառայել է նույն զորմասում:
-Վահան, կպատմե ՞ս` ինչպե ՞ս իմացար, որ պատերազմ է սկսվում:
-Մենք ամսի 1-ին բարձրացանք դիրքեր: Իրիկունը ժամը 4-ին բարձրացա պոստի. Իմ սմենը առաջիննն էր: Պոստի բարձրանալուց առաջին մինամոտը գցեցին մեր դիրքի վրա, տագնապ տվեցին, համար մեկով կանգնեցինք: Զեկուցեցինք, որ մեր դիրքի վրա մինամոտով կրակում են, ասացին, որ հակառակորդը զինված է, ինչ-որ բանի է սպասում: Դրանից հետո մինչեւ ժամը 12-ը սկսեցին ավելի ուժեղ կրակոցներ, սկսեցին ավտոմատներով կրակել: Գնդում տագնապ եղավ, 12-ին ամբողջ գունդը հավաքվեց, եկավ դիրքեր: Ժամը 2-ի կողմերը սկսվեցին ավելի ուժեղ կրակոցներ ու ամեն ինչ էդպես սկսվեց: Գնդի հրամանատարը հրաման չի տվել կրակելու, բայց գումարտակի հրամանատարը հրաման տվել ա, մենք կրակել ենք:
Ժամը 4-ի կողմերը իմացանք, որ 16 դիրքում արդեն Քյարամ Սլոյանը չկա, Կյաժը չկա… տենց:
-Նախկինում երբ զորավարժություններ են եղել, ի ՞նչ իրավիճակ է եղել: Սովորականի նման ծառայե ՞լ եք:
-Երբ իմացել ենք, որ զորավարժություն է լինում, ոչ թե տագնապով այլ համար մեկով դիրքում ենք լինում: Եթե իմանում ես, որ հակառակորդը պիտի զորավարժություն անի, պատրաստ դիրքով ես լինում: Զինված սպասում ես ավելի շատ, քան մնացած սովորական օրերին:
-Այդ օրը դիրքեր բարձանալուց եղել է ինչպես մի՞շտ, թե ՞ այլ կերպ է եղել:
-Պոստեր բարձրանալուց միշտ էլ զգոն ենք եղել: Ամեն ինչի պիտի սպասես:
Միշտ եղել են լարված իրավիճակներ: Բայց ինչն էր հետաքրքիր: Մինչեւ ապրիլի մեկը` մարտի 15-16-ին պոստերից իջանք, գնացինք բաղնիք, գնացինք ճաշարան, հետո պիտի գնային հանգստանալու, հրաման տվեցին, որ պիտի բարձրանանք դիրքեր` ինժիներական աշխատանքներ կատարելու համար: Բարձրացանք վերև, տեսանք, որ հանգիստ չի, կրակոցներ կան, էնքան էլ հաջող չէին պոստերը: Էդ ժամանակ իրենց անօդաչու սարքերն էին գալիս, լրտեսում, գնում: Այդ ժամանակ կրակոցները սկսեցին շատանալ, հասկանք, որ մի բան էն չի արդեն` սկսեցին տարբեր տեղեր մինամոտներ կրակել: Միշտ էլ կրակել են, բայց արդեն չափից շատ էին կրակում, արդեն խանգարում էին մեր աշխատանքին: Մենք արդեն չէինք կարողանում ինժիներական աշխատանքներ անել, որովհետեւ վտանգավոր էր: Իջանք նորից ներքեւ:
Ուսումնական գումարտակում նորակոչիկներին հանեցին Գանձասար, որ Գանձասարում վրաններ խփեն` դիվիզիայի հրամանատարական կազմի համար: Որ եթե պատերազմական իրավիճակ ստեղծվի, դիվիզիայի հրամանատարը իր կազմով տեղափոխվի Գանձասար` այսինքն հետ գնա: Մենք արդեն գիտակցում էինք` ինչ էր կատարվում: Երբ պատերազմը սկսվեց գիշերը ժամը 2-ին գումարտակի հրամանատրը կապ ա տվել դիվիզիայի հրամանատարին, ինքը ժամը 2-ին արդեն չի պատասխանել:
Գնդի հրամանատարը կապ ա տվել, որ իրավիճակը լարվել է, սրված է, ամեն բան կարա լինի, դիվիզիայի հրամանատարն ասում է` սպասի կապ տամ, Խաչատուրովին զեկուցեմ, Խաչատուրովը չի պատասխնել: Խոսակցություններ էլ կային, որ պատասխանել է, ասել, որ ոչինչ չանեն: Ամեն ինչ սկսվել ա նրանից, որ դիվիզիայի հրամանատարը չի թողել գնդին տագնապ տան: Գնդի հրամանատարը իր կամքով հրաման ա տալիս, ամբողջ գունդը 15 րոպեի ընթացքում լինում է պոստերում: Ապրիլի 4-ին նոր մեզ նորմալ զինամթերք են հատկացրել, մինչեւ դա չի էղել նենց, ոնց պիտի լիներ: Օրինակ ես պիտի ունենայի 6 նռանականետ, ունեցել եմ ընդամենը 3-ը: Ամսի 4-ին բերեցին: Մենք չունեինք տանկային նռնակ. Էլի ամսի 4-ին են բերել: Փամփուշտները քիչ էին: Պահեստային զինամթերք չունեինք: 4 օր սնունդ չի եղել, ջուր չի եղել:
Վահանը նաեւ մեզ հետ զրույցում պատմեց, որ պատերազմից առաջ էլ սնունդը շատ վատ է եղել: Զինվորին հասանելիք սնունդը, սիգարետը, չի հասել զինվորին: Համազգեստները ճիշտ ժամանակին չեն տվել, ուշացրել են:
«Ինձ հասանելիք ֆորման ինձ չեն տրամադրել, բատինկան չեն տրամադրել: Էդքանից հետո իմ բիլետում չգրեցին, որ ես ապրիլյան պատերազմի մասնակից եմ: Գրված ա, որ ես պոստ եմ պահել, բայց չկա, որ մասնակից եմ: Շատ մարդիկ կային, որոնք չեն մասնակցել պատերազմին, բայց իրենց բիլետներում գրված ա, որ մասնակցել են»,-եզրափակեց Վահանը:
Լուսինե Մինասյան