Այսուհետ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գերարագ օպտիկայի լաբորատորիայի հիմնադիր, գիտական ղեկավար, առաջատար գիտաշխատող, ֆիզմաթ. գիտ. դոկտոր Լևոն Մուրադյանի անունով է կոչվում նրա իսկ հիմնած լաբորատորիան:
Շատ տարիներ առաջ անվանի գիտնականը մեծ սիրով այցելեց «Մանանա» կենտրոնի սաներին, երկար ու խանդավառությամբ պատմեց իրենց ամբիոնի գործունեության մասին, հետո հրավիրեց իրենց լաբորատորիա: Մենք անչափ հուզված էինք, որ իր բազմազբաղ առօրյայից ժամանակ հատկացրեց երեխաներին, երկար զրուցեց, պատասխանեց բոլորին հուզող հարցերին:
Հիմա նա մեզ հետ չէ, բայց նրանք, ովքեր վաղը պատիվ կունենան սովորելու Ֆիզիկայի ֆակուլտետում, իրենց մասնագիտացումն ընտրելու գերարագ օպտիկան ու ֆոտոնիկան, թող անպայման հիշեն, որ լաբորատորիայի հիմնադրման ու հաջողությունների համար մենք պարտական ենք Լևոն Մուրադյանին:
«Մանանայի» արխիվներում պահպանվել է այդ հանդիպումը: Սիրով ձեզ ենք ներկայացնում:
Լևոն Մուրադյանը դասախոսում է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: Նա գերարագ օպտիկայի և լազերային ֆիզիկայի լաբորատորիայի գիտական ղեկավարն է: Հենց նրա համառ ջանքերի շնորհիվ է համալսարանում հիմնվել գերարագ օպտիկայի և լազերային ֆիզիկայի լաբորատորիան, որն իր հագեցվածությամբ չի զիջում միջազգային ստանդարտների լաբորատորիաներին: Դա մեծ հնարավորություն է տալիս ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներին հետազոտական աշխատանքներ կատարել և նորանոր բարձունքների հասնել լազերային ֆիզիկայի ասպարեզում:
-Արդյո՞ք ֆիզիկայի մասին էիք երազում մանուկ հասակից, ե՞րբ հայտնաբերեցիք ֆիզիկան Ձեզ համար:
-Բոլորովին: Երբ երեխա էի, ուզում էի ճարտարապետ դառնալ. այդ մասնագիտության մեջ համ ստեղծագործական աշխատանք կա, համ էլ կառուցողական: Ու շատ հետաքրքիր էր դա ինձ: Բայց ինձ համար այն ժամանակ ֆիզիկոս դառնալը մեծ հպարտություն էր, որովհետև շատ դժվար էր ֆիզիկայի ֆակուլտետ ընդունվելը: Ես չգիտեի, որ ֆիզիկայի մեջ այդքան ստեղծագործական աշխատանք կա: Մի խոսքով, չէի պատկերացնում, որ ֆիզիկոս կդառնամ մինչև տասներորդ դասարանը, բայց մի բան ասեմ` ֆիզիկան իր մեջ շատ հետաքրքիր և մեծ ստեղծագործական ներուժ ունի:
-Դպրոցում ֆիզիկան սիրե՞լ եք:
-Սիրել եմ, բայց ավելի շատ մաթեմատիկա եմ սիրել: Իմ ֆիզիկայի ուսուցիչը մի փայլուն ուսուցիչ էր ու չտեսնված հումորով մարդ` Սահակյան Իվանը: Ես մեդալով եմ դպրոցն ավարտել: Այն ժամանակ մեդալակիրը մի քննությունով էր բուհ ընդունվում: Քննության ժամանակ շատ էի ամաչում: Հարցերից հետո քննող դասախոսն ասաց. «Տղա ջան, դու կարո՞ղ է ուզում ես «հինգ» ստանալ»: Ամաչելով ասացի` այո: «Ոչ, «հինգ» չեմ կարող դնել,- ասաց նա,- տղա, ո՞ր դպրոցն ես ավարտել»: «Լևոն Շանթի անվան դպրոցը»,- պատասխանեցի ես: «Ո՞վ է եղել ուսուցիչդ»,- հարցրեց նա: «Սահակյան Իվանը»,- ասացի ես: «Ես էլ հարցեր չունեմ»,- ասաց նա: Նաև նրա ուսուցիչն էր եղել: Եվ ուրիշ շատ հայտնի ֆիզիկոսների ուսուցիչն էր եղել պարոն Սահակյանը:
-ԵՊՀ-ից բացի, ուրիշ որտե՞ղ եք սովորել:
-Սովորել եմ Մոսկվայի պետական համալսարանում: ԵՊՀ-ում սովորելուց հետո գնացել եմ լազերային տեխնիկայի հետ աշխատելու: Հոգնել էի սովորելուց: Ճիշտն ասած, չնայած դպրոցում լավ էի սովորել, բայց ուսանողական տարիքում բոլորովին լավ չեմ սովորել, նույնիսկ լավ չեմ էլ հաճախել դասախոսություններին: Այն դասախոսները, ում հետ հետաքրքիր էր, գնում էի, իսկ ում հետ հետաքրքիր չէր, չէի գնում: Մինչև երրորդ կուրս լավ չեմ սովորել: Երրորդ կուրսում գնացի հոլոգրաֆիայի` եռաչափ պատկերների լաբորատորիա, որտեղ հնարավորություն կար աշխատելու: Ու սկսեցի լավ սովորել: Ասպիրանտուրայում էլ գերազանցիկ եմ եղել: Հետո աշխատեցի Լազերային տեխնիկայի ինստիտուտում, այնուհետև գնացի Մոսկվա` մագիստրատուրա: Մոսկվայի պետական համալսարանում ֆիզիկայի ֆակուլտետն իր մակարդակով շատ բարձր էր: Չեմ կարող ասել` Ռուսաստանը սիրում եմ, բայց շատ հպարտ եմ, որ այնտեղ եմ սովորել, որովհետև շատ բարձր դպրոց էր:
-Ինչպե՞ս հիմնվեց լազերային լաբորատորիան համալսարանում:
-Ես Երևանի պետական համալսարանի դոցենտ եմ: Դպրոցի ուսուցիչները հիմնականում մանկավարժական աշխատանք են կատարում, իսկ համալսարանի դասախոսները հիմա աշխատում են նոր գյուտեր անել, բացի դասավանդելուց, նաև հետազոտական աշխատանքներ են տանում ուսանողների հետ: Պրոֆեսորադասախոսական կազմը դպրոցի մանկավարժական կազմի նման չէ: Այստեղ պետք է ակտիվ գիտնական լինել, գիտության վերջին նորություններին տեղյակ լինել: Նույնիսկ ասեմ` անձամբ ինձ աշխատանքիս հետազոտական մասն ավելի հետաքրքիր է: Հիմա այդ հետազոտական մասը մեզ մոտ բավական ուժեղ է, առանց ավելորդ համեստության կարող եմ ասել, որ մենք ունենք Հայաստանի և ոչ միայն Հայաստանի, այլ տարածաշրջանի համար բավականին եզակի լազերային լաբորատորիա, որը նախաձեռնել և ստացել ենք ՆԱՏՕ-ի նախագծով: Մեր լաբորատորիան համապատասխանում է միջազգային չափանիշներին: Մեր ուսանողները կարող են այդտեղ հետազոտություններ անել: Ես այդ հետազոտությունների խմբի ղեկավարն եմ: Այդտեղ աշխատում են 7-10 ուսանողներ: Նրանք շատ արդյունավետ են աշխատում: Գիտությունը հիմա առաջվանը չէ: Անցել են Նյուտոնի ժամանակները: Գիտական բոլոր նորություններն իսկույն կյանք են մտնում:
-Իսկ ինչո՞վ է տարբերվում Նյուտոնի ժամանակների գիտությունը մեր օրերի գիտությունից:
-Գիտությունը, իհարկե, մեկն է, ուրիշ է մոտեցումը գյուտին: Նյուտոնի ժամանակ գյուտն իսկույն կյանք չէր մտնում: Ինչ-որ ժամանակ պետք է անցներ, այդ գյուտի հիման վրա ինչ-որ սարքեր ստեղծվեին և այլն, որ այն կյանք մտներ: Իսկ հիմա գյուտն անմիջապես կյանք է մտնում: Նույնիսկ կարող եմ ասել` այժմ շուկան թելադրում է գիտական հետաքրքրությունները: Շուկան բառացիորեն թույլ է տալիս հասկանալ` սա ֆիզիկայի տեսակետից այսօր հետաքրքի՞ր է, թե՞ ոչ: Այն բաները, որ մարդկանց կարող են հետաքրքրել` իրենց կյանքը, կենցաղը լավացնելու համար, դա արդեն գիտական հետազոտության առարկա է: Հիմա այդ բարձր տեխնոլոգիական սարքերի տարրական ձևերը դուք բոլորդ էլ օգտագործում եք` հեռախոս, հեռուստացույց կամ համակարգիչ: Մի տարբերություն էլ կա նախկին ժամանակների համեմատ: Իհարկե, ոչ Հայաստանում, բայց աշխարհի մակարդակով այդպես է. որպեսզի գիտնականն իրեն թույլ տար նախկինում հետազոտություն անել, պետք է ապահովված լիներ, դա ծախսատար գործընթաց է, հիմա գիտնականները բավականին հարուստ մարդիկ են, հենց գիտությունն է նրանց օգնում հարստանալ: Օրինակ` Բիլ Գեյթսն աշխարհի ամենահարուստ մարդն է: Նա գիտության ներդրումներով է զբաղվում:
-Ինչի՞ց է, որ Հայաստանում գիտնականը հարուստ չէ:
-Հայաստանում շատ բան այնպես չէ, ինչպես պետք է լիներ: Ես չեմ քննադատում, սա իմ երկիրն է, իմ տունն է, ուղղակի ուզում եմ ասել` Հայաստանն այդ մակարդակում դեռ կայացած չէ: Դա մեր ցավն է, իրոք, որովհետև Հայաստանն ունեցել է շատ մեծ գիտական պոտենցիալ ու հիմա էլ ունի, որը, իհարկե, կամաց-կամաց թուլանում է, բայց հույս ունեմ, որ հետագայում կուժեղանա: Առաջ Հայաստանը Խորհրդային Միության մի մասն էր, որտեղ, բնական է, գերիշխողը Ռուսական կայսրությունն էր: Խորհրդային Միությունը վերցնում էր ամեն երկրից այն, ինչը կարող էր վերցնել, ասենք` Ադրբեջանից` նավթ, Ուզբեկստանից` բամբակ և այլն: Հայաստանն այդպիսի բաներ չունի, ու դրա համար Հայաստանում զարգանում էր մտավոր պոտենցիալը: Այդ 70 տարվա ընթացքում Հայաստանը բավական զարգացում է ունեցել գիտատեխնիկական տեսակետից: Օրինակ` մենք ունեինք լազերային տեխնիկայի ինստիտուտ, հիմա էլ ունենք, բայց խորհրդային տարիներին աշխարհի մակարդակով այն եզակի էր: Ցավոք սրտի, մեր այս անցման շրջանը զուգորդվեց տարբեր ցնցումներով. մենք երկրաշարժ ունեցանք, մենք ունեցանք Ղարաբաղի խնդիր, և այդ ամենի արդյունքում մենք չկարողացանք այնպես անել, որ մեր զարգացումներն ապահովվեն: Խորհրդային տարիներին մենք ունեինք մի լազեր, որն արևելաեվրոպական երկրների շրջանում անցկացվող մրցույթի ընթացքում ոսկե մեդալ ստացավ: Իհարկե, այն ժամանակ աշխարհը թաքնված էր, Արևելյան Եվրոպա ասվածն այն չէր, ինչ հիմա: Երկրորդ տեղը վերցրեց Վիլնյուսի լազերը: Այժմ, ցավոք սրտի, մենք չունենք նոր զարգացում, բայց Վիլնյուսի լազերները հիմա միջազգային շուկայում են: Գուցե ոչինչ, դա դաս եղավ մեզ համար: Հիմա խնդիրն այն է, որ մենք այդպիսի լավ գործեր կարողանանք անել, չէ՞ որ այդ ճանապարհով թե երկիրը կարող է հարստանալ, թե ժողովուրդն ավելի խելացի կլինի:
-Դուք կցանկանայիք աշխատել այստեղ և զարգացնել ֆիզիկան Հայաստանո՞ւմ, թե՞ մի ուրիշ երկրում, որտեղ այն արդեն զարգացած է:
-Ես հաճախ եմ մեկնում արտասահման, բավական կապեր ունեմ արտասահմանյան գործընկերներիս հետ: Կանադայում լավ կապեր ունենք, ԱՄՆ-ում, լազերային արտադրանք տվող հզոր ընկերությունների հետ են կապերը: Ունենք կապեր Բրյուսելի համալսարանում, Ֆրանսիայում: Գնացել եմ, աշխատել եմ այդ երկրներում արտասահմանցի գործընկերներիս հետ և վերադարձել եմ: Քանի որ մեր երկիրը նոր է անկախացել, խնդիր եմ դրել այդ գործընկերներին ցույց տալ, որ մենք կարող ենք ու լավն ենք: Դրա շնորհիվ է, որ կարողացել ենք կես միլիոն ֆինանսավորումը բերել Հայաստան և ստեղծել լաբորատորիան: Այսինքն` իմ խնդիրը եղել է բերել: Արդյունավետության տեսակետից կարող եմ ասել, որ եթե ես մնայի դրսում աշխատելու, շատ ավելի արդյունավետ գործեր կանեի: Բայց եթե ես չգայի ու լաբորատորիան չստեղծեի, հպարտությամբ չէի կարող հիմա ասել, որ այսօրվա երիտասարդներն այսպիսի հնարավորություն ունեն: Ես, մնալով Հայաստանում, հնարավորություն եմ ունեցել այդ դպրոցը հիմնել: Եթե չմնայի, հնարավոր է` ինձ համար կամ ընտանիքիս համար ավելի լավ լիներ, բայց ես իմ ընտանիքն ավելի լայն եմ պատկերացնում: Երբ երիտասարդներն ավարտում են, ես անպայման նրանց ասում եմ` գնան տեսնեն և լավ բաները բերեն մեզ մոտ: Բայց մեկ-մեկ կյանքը ստիպում է, որ մնան դրսում:
-Արդարացնո՞ւմ եք մնացողներին:
-Ես ինքս գնալու ճանապարհը չեմ ընտրել, բայց որևէ մեկին էլ չեմ դատապարտել, որովհետև կյանքը դժվար է: Մի ուսանող ունեի, որն ավարտելուց հետո գնաց Կանադա աշխատելու: Բավականին հաջողությունների հասավ այնտեղ: Նա ընտանիք ուներ, երկու երեխա: Եվ երկու ճանապարհ ուներ. կամ պետք է մասնագիտությունը փոխեր, այսինքն` գնար բիզնեսով զբաղվեր ու իր ընտանիքը պահեր, կամ պետք է այդ պահին երկիրը փոխեր: Այդ տեսակետից հարցին մոտենալով` ես չեմ կարող որևէ մեկին որևէ բան ասել: Իհարկե, գնացողներն այնտեղից էլ կարող են մեզ օգնել, այդ կապերը շատ օգտակար են:-Հիմա դարի հայտնագործություններ լինո՞ւմ են:
-Հիմա` ամեն տարի:
-Ձեզ համար վերջին շրջանում ամենամեծ հայտնագործությունը ո՞րն է եղել:
-Լազերները, որ ստեղծվել են 1960-ական թվականներին: 40-ական թվականներին մի գյուտ արեցին, որի համար Նոբելյան մրցանակ տրվեց: Մի գիտնական հոլոգրաֆիայի գյուտն էր արել, բայց հոլոգրաֆիան իրականացնելու համար լազեր էր պետք: Երբ լազերը ծնվեց, դա հսկայական նոր բնագավառներ առաջացրեց գիտության ու տեխնիկայի մեջ:
-Կրոնն ազդո՞ւմ է գիտության վրա:
-Կրոնը հիմնված է հավատքի վրա, այսինքն, գիտական լեզվով ասած, պոստուլատների վրա. մի բան ասում են և հիմնվում այդ կետի վրա: Գիտնականները կասկածում են ամեն ճշմարտության վրա: Նրանք պետք է կասկածեն, որ ավելի լավ ուսումնասիրեն: Գիտության մեջ ամենա-ամենա չի լինում:
-Դպրոցում երեխաները ֆիզիկա, քիմիա չեն սիրում, ինչո՞վ կբացատրեք դա և ի՞նչ կառաջարկեք անել, որ ավելի հետաքրքիր դառնան ֆիզիկայի դասերը դպրոցում:
-Ես երեխաներին չեմ կարող մեղադրել: Եթե մի բան լավ մատուցվի… Պետք չէ բոլորին ստիպել, որ ֆիզիկա շատ սիրեն: Ուղղակի ով սիրում է, պետք է զարգացնի իր գիտելիքները, փորձի ավելին իմանալ:
-Հիմա աղջիկնե՞րն են ավելի շատ ֆիզիկայի ֆակուլտետում, թե՞ տղաները:
-Մեր ժամանակ աղջիկները ծաղիկ էին մեր ֆակուլտետում: Հիմա համարյա հավասար է աղջիկների և տղաների թիվը:
Հարցազրույցը գրի առավ Մանե Ենգիբարյանը, 13 տ.
2008 թ.