«Թույլ տվեք մնալ մինչ այժմ հրապարակված տվյալների շրջանակում: Հարցաքննված անձանց անուններ հրապարակել չենք կարող». նման պատասխան ստացավ MAMUL.am-ի թղթակիցը ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանից՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք հարցաքննվե՞լ են տարբեր տարիներին պատկերասրահը ղեկավարած անձինք, մշակույթի նախարարության պաշտոնյաներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն բացահայտվել է տարիներ առաջ ՀՀ ազգային պատկերասրահից գեղանկարների հափշտակության դեպքը: Ըստ այդմ՝ Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ ՀՀ երկու քաղաքացիներ ցանկանում են վաճառել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ից գողացված Մատիաս Բրասաուի «Որսորդը» և Իսահակ Լևիտանի «Էտյուդ.Գարնանային բնանկար» առանձնակի արժեք ներկայացնող կտավները:
Ստուգմամբ պարզվել էր, որ դեռևս 2012թ. հունիսին ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի ցուցասրահից և տնօրենի աշխատասենյակից 1951-1992թթ. ընկած ժամանակահատվածում տասը թանգարանային առարկաների` այդ թվում վերը նշված կտավների գողության դեպքի առթիվ: Սակայն հանցագործությունը չէր բացահայտվել, հափշտակված թանգարանային առարկաները չէին հայտնաբերվել, իսկ քրեական գործի վարույթն էլ կասեցվել էր՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով:
MAMUL.am-ը փորձեց հենց իրենցից՝ տարբեր պաշտոնյաներից ստանալ այն հարցի պատասխանը, թե իրենք արդյոք չե՞ն հարցաքննվել հիշյալ գործի շրջանակում: ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, լսելով մեր հարցադրումը, խնդրեց քիչ ավելի ուշ զանգահարել, սակայն հետո մեր հեռախոսազանգերն այլևս անպատասխան թողեց: Մեր թղթակցին չհաջողվեց կապ հաստատել Ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանի հետ: Ներկայիս տնօրեն Արման Ծատուրյանի հետ ևս խոսել չհաջողվեց:
Սա առաջին դեպքը չէ, որ Ազգային պատկերասրահը քրեական քրոնիկոնի համատեքստում հայտնվում է հասարակական ուշադրության կենտրոնում:
Այսպես, այս տարվա ապրիլին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվող ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել էր, որ ՀՀ կառավարության 24.11.2016թ. թիվ 1204-Ն որոշմամբ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին միացած «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ին ֆոնդերում բացակայում են 626 անուն մշակութային արժեքներ՝ գեղանկարներ, գոբելեններ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ և այլն՝ 120.250.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի, 180-րդ հոդված 1-ին մասի և 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել էր ՀՀ քննչական կոմիտեին:
MAMUL.am-ը ՀՀ գլխավոր դատախազության մամուլի պատասխանատու Արևիկ Խաչատրյանին հարցրեց, թե ԱԱԾ-ի նախօրեին մատնանշած այս 2 գործերը նույնակա՞ն են, թե՞ միանգամայն տարբեր քրգործեր են: Գլխավոր դատախազությունից խոստացան պարզել ու տեղեկացնել, սակայն մինչև աշխատանքային օրվա վերջ այդպես էլ պարզաբանում չտրվեց: