Եթե մարդն ապրում է ինչ-որ տան մեջ, ժամանակի ընթացքում զգում է, որ այն պետք է հիմնանորոգվի: Նույնը վերաբերում է նաև բջջային ցանցին: Ժամանակ առ ժամանակ պետք է ցանցը վերազինել և հասցնել այնպիսի մակարդակի, որպեսզի այն լինի արդիական: Իսկ երբ ընտանիքը մեծանում է, բնակարանն ալևս չի բավարարում նոր անդամներին ու նրանց պահանջներին: Ուստի, այդ ընտանիքը պետք է ունենա ավելի մեծ հարկաբաժին՝ ավելի հարմարավետ պայմաններով:
Եվ մենք հիմա փոխում ենք ցանցը: Այդ գործընթացն սկսել ենք 2018 թ. և շարունակելու ենք մինչև 2020 թ.: Մենք փոխում ենք այն հիմնովին: Խոսքը ոչ թե մի քանի կամ մի քանի հարյուր կայանների, այլ ամբողջի մասին է: Հետևաբար, այս ամենը մենք միանգամից չենք կարող անել: Դա պետք է անել քայլ առ քայլ, օրվա որոշ ժամերի, երբ ցանցը համեմատաբար քիչ է օգտագործվում:
Խափանումները նույնպե՞ս պայմանավորված են ցանցի արդիականացման գործընթացով:
Երբեմն կանգնում ենք որոշ «դժվարությունների» առաջ: Կան մասնավոր կազմակերպությունների կամ պետական հիմնարկների պատկանող շենքեր, որտեղ չի թույլատրվում 18:00-ից հետո կամ առավոտյան 09:00-ից առաջ, ինչպես նաև տոնական և ոչ աշխատանքային օրերին մուտք գործել և աշխատել: Հետևաբար, մեր աշխատող թիմերը պետք է սպասեն և աշխատեն ցանցի ծանրաբեռնված ժամերի ընթացքում, ինչի արդյունքում օպերատիվությունն, իհարկե, երբեմն տուժում է: Երբ մենք վերանորոգման ընթացքում ցերեկային ժամերին ստիպված ենք լինում փոխարինման համար անջատել մեկ կամ մի քանի կայան, թվում է, թե ցանցը խափանվում է: Սակայն դա հարկադրված գործողություն է: Ինչպես արդեն նշեցի, մենք աշխատանքները կատարում ենք գիշերային ժամերին, և բաժանորդները չեն զգում որևէ փոփոխություն:
Կա նաև այլ խնդիր: Որքան էլ ցանցը լավ աշխատի, վերջին ժամանակներում Երևանում և ամբողջ հանրապետությունում տեղի են ունենում ռադիոհաճախականությունների խափանումներ: Որոշ մարդիկ գնում և օգտագործում են սարքավորումներ, որոնք գործում են միևնույն հաճախականությամբ, ինչ մեր կայաններն են: Սակայն մենք այդ հաճախականությունների համար դիմել ենք համապատասխան մարմիններին և ստացել լիցենզիաներ: Իսկ առանց թույլտվությունների գործող այդ սարքավորումներն արդեն սկսում են խաթարել մեր հիմնական կայանների աշխատանքը: Ահա այդտեղ է, որ բաժանորդը սկսում է զգալ, որ կապի որակը վատանում է և մեղադրում է օպերատորին: Սակայն իրականությունն այլ է:
Իհարկե, մենք դիմում ենք համապատասխան մարմիններին, և նրանք ուսումնասիրություն և չափագրումներ են կատարում, բացահայտում և վերացնում են այդ խանգարումները: Սակայն դա տևում է շաբաթներ, երբեմն՝ մեկ ամսից ավելի՝ մինչև մենք կարողանանք հասկանալ, թե այդ խափանումների աղբյուրը որտեղ է:
Ին՞չ է 5G-ն: Ի՞նչ է այն մեզ տալիս: Ե՞րբ կներդրվի Հայաստանում:
5G-ն շարժական ցանցերի զարգացման կամ ինչպես ընդունված է ասել՝ էվոլյուցիայի հաջորդ փուլն է: 5G-ն բջջային կապի հաջորդ սերնդի ստանդարտն է՝ սահմանված Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից: Սա համակարգերի ու բաղադրիչների ընդհանուր անվանումն է, որոնք հաջորդելու են 4G-ին:
Ո՞րն է մեծ հաշվով 5G-ին անցնելու նպատակը: Դա ռադիոհաճախականությունների գոյություն ունեցող սպեկտրի ավելի արդյունավետ օգտագործումն է: Պատկերավոր ասած՝ ունենք ջրի նույն խողովակը, որը սակայն, բաժանորդի պահանջով, նույն ժամանակահատվածում պետք է ջրի շատ ավելի մեծ ծավալներ մատակարարի: Այսինքն՝ 5G-ն պետք է ապահովի օրըստօրե ավելացող տվյալների՝ ավելի բարձր արագություններով տեղափոխումը՝ օգտագործելով գոյություն ունեցող ռադիոհաճախությունների ռեսուրսները: Այսինքն, եթե շարունակենք համեմատությունը ջրի հետ՝ 5G տեխնոլոգիան պոմպն է: Հաճախորդների կարիքներն ավելավում են՝ պայմանավորված մեծ ծավալի թվային տեղեկություններ տեղափոխելու անհրաժեշտությամբ:
Ինչ վերաբերում է հարցին, թե ե՞րբ Հայաստանում կլինի 5G, կպատասխանեմ այսպես. ՎիվաՍել-ՄՏՍ-ը վաղուց է սկսել պատրաստվել 5G-ի ներդրմանը, քանի որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G ցանցում օգտագործելու նպատակով ներդրվող սարքավորումները կարող են աշխատել նաև 5G ցանցում՝ ընդամենը ծրագրային փոփոխության ենթարկվելով: 5G-ն գոյակցելու է նախորդ սերնդի ցանցերի հետ, բայց օգտագործվելու է տվյալների փոխանցման համար՝ տվյալների փոխանցումից հնարավորինս ազատելով նախորդ սերնդի ցանցերը:
5G ստանդարտն արդեն ուրվագծված է, սակայն շուկայի համար մատչելի գնով տերմինալներ դեռևս հասանելի չեն: Կարծում եմ, որ մինչև 2 տարի ժամանակ կպահանջվի, մինչև այդ սարքերը դառնան հասանելի լայն կիրառման համար:
Ինչպիսի՞ նոր գործընթացներ է խթանելու 5G-ն, տնտեսության ինչպիսի՞ նոր ուղղություններն են զարգանալու
5G-ին կխթանի Smart City նախագծերը, ավելի շատ սոցիալական ու տնտեսական առավելություններ կընձեռի մարդկանց ու նաև տնտեսավարողներին՝ օգտվելու թվային (digital) տնտեսության հնարավորություններից: Կծնվեն նոր բիզնես-մոդելներ, լարային ու անլար կոնվերգենտ ցանցեր: 5G-ի շնորհիվ ինտերնետ հասանելիությունը կդառնա նույնքան կարևոր, որքան էլեկտրականությունը: Տեղեկությունների փոխանակումն ավելի կդյուրանա, առաջ կգան նոր ծառայություններ ու հավելվածներ:
5G-ի շնորհիվ բովանդակությունը (content) կդառնա տիրապետող ու հասանելի ամենուրեք: Կզարգանան բազմաթիվ միջոցներ՝ բովանդակություն ստեղծելու ու թիրախային տարածման համար՝ հասանելի լրատվամիջոցների ու սովորական օգտատերերի համար: 5G-ի շնորհիվ կզարգանան կրթական նոր մեթոդներ, կրթությունն ավելի հասանելի կդառնա թվային դասագրքերի միջոցով, ամպային ենթակառուցվածքը թույլ կտա համացանցում հասանելի դարձնել գիտելիքների անհամեմատ մեծ շտեմարաններ:
Ամբողջությամբ՝ b4b.am