Հակոբը և Կարինեն հայտնի PASTRAMI սենդվիչը Հայաստան են բերել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հակոբը և Կարինեն հայտնի PASTRAMI սենդվիչը Հայաստան են բերել

Աշխարհահռչակ դելիկատես PASTRAMI սենդվիչները այսուհետև կարելի է նաև Հայաստանում ուտել: PUB 37-ի հիմնադիրներ Հակոբ Բադալյանը և Կարինե Բոտոյանը Երևանի կենտրոնում հիմնել են PASTRAMI արագ սննդի ռեստորանը, որտեղ մատուցում են ամերիկյան հայտնի Pastrami սենդվիչները և Pulled Pork բուրգերները:

Ամուսինները երկու տարի «չարչարվել» են, որ Pastrami մսի բաղադրատոմսը ստանան, իսկ ռեստորանը հիմնելու համար Ռուսաստանում թողել են աշխատանքը ու վերադարձել Հայաստան: Հակոբը և Կարինեն GastroVino-ին պատմել են ռեստորանային բիզնեսի հանդեպ ունեցած մեծ սիրո, գաղտնի բաղադրատոմսն ինքնուրույն բացահայտելու և եզակի ուտեստներ մատուցելու մասին:

Pastrami-ին Հայաստան բերելու պատմությունը

Հակոբ. Մոտ 300 կգ միս ենք փչացրել, մինչև ստացել ենք Pastrami: Քանի որ այս մսի պատրաստման գործընթացը տևում է 17 օր, ամեն փորձի համար այդքան սպասում էինք, որ հասկանանք՝ լավ է, թե վատ: Այդպես երկու տարի ձգվեց, մինչև ստացանք մեր ուզած բաղադրատոմսը:

 

Pastrami նշանակում է «որսի միս», այն հին եվրոպական ուտեստ է: Եզակի է, քանի որ անցնում է շատ բարդ տեխնոլոգիական մշակում. երևի դա է պատճառը, որ շատերը չեն ուզում սկսել այս ուտեստի պատրաստումը: ԱՄՆ-ում վերջին վեց տարիներին է շատ տարածվել, կամաց-կամաց մեզ է հասնում, բայց նույնիսկ Ռուսաստանում հազվագյուտ վայրերում են Pastrami մատուցում:

«Pastrami դելիկատես սենդվիչը պատրաստվում է պրեմիում անգուս տեսակի մսից: Մսի հնեցման գործընթացը տևում է 17 օր: Միսը մարինացվում է 10-ից ավելի համեմունքներով 14 օր, որից հետո անցնում է դանդաղ և բնական ծխեցման փուլ: Ծխեցման համար օգտագործվում է հատուկ մրգատու ծառերի փայտ, ինչը մսին փոխանցում է յուրահատուկ համ և բույր: Այնուհետև 3 օր եփվում է հատուկ տեխնոլոգիայով, ամբողջ գործընթացի ընթացքում միսը պահպանում է իր բոլոր առողջարար հատկությունները: Գույնը մնում է կարմիր, մինչդեռ այնքան է եփվում, որ փխլվում է: Սենդվիչը մատուցվում է հատուկ տարեկան ալյուրից պատրաստված հացով, որը թույլ է տալիս զգալ մսի համը: Այսքան երկար ճանապարհ անցնելուց հետո հաճախորդները կարող են վայելել այս դելիկատես ուտեստը սենդվիչի տեսքով պատվերը տալուց 5 րոպեների ընթացքում»:

Մենք մեկ այլ ռեստորան ունենք՝ 37 Beer and Meat-ը, որտեղ մի խոհարար էինք ընդունել աշխատանքի, ասում էր՝ Pastrami սենդվիչ է կարողանում սարքել. սովորական տեղական սթեյքի միսն էր կտրատում, համով սենդվիչ էր ստացվում: Հետո Ռուսաստանում մի ռեստորան այցելեցի, գրված էր Pastrami սենդվիչ, փորձեցի, որ համեմատեմ մեր ռեստորանի եղած սենդվիչի հետ, ընդհանրապես նման չէր: Հաջորդ անգամ Pastrami կերանք ԱՄՆ-ում ու համոզվեցի, որ դա այն է, ինչ ես պետք է ստանամ:

Խիստ գաղտնի է

Հակոբ և Կարինե. Սկզբում փորձում էինք պատրաստել տեղական մսից, առաջին անգամ փորձեցինք մեր տան պատշգամբում ծխեցնել միսը, հատուկ ամերիկյան փոքր ծխեցնող սարք (smoker) էինք գնել: Մեր ամբողջ շենքը զգաց այդ հոտը (ժպտում են-հեղ.): Հետո սկսեցինք քայլ առ քայլ հասկանալ, թե ինչպես ճիշտ ծխեցնել, ինչ միս օգտագործել, հետո սկսեցինք ներմուծել միսը:

Մեր արդյունքը հիմնված է մեր փորձի վրա. մենք բաղադրատոմս չենք գնել, սեփական ուժերով ենք ստացել: Երբ չէինք կարողանում բաղադրատոմսը ստանալ, փորձում էինք՝ ինչ-որ մեկից գնել, բայց չէր հաջողվում. Pastrami-ի բաղադրատոմսը շատ խիստ գաղտնի է: Ով ստանում է համեղ, լավ Pastrami, իր գաղտնիքը երբեք չի կիսում: Մենք նույնպես:

Ամբողջությամբ՝ gastrovino.mediamax.am