Քաղաքային զբոսաշրջության զարգացման ներուժը Երևանում բավականին մեծ է. Մարիա Բարաղամյան. asekose.am
Advertisement 1000 x 90

Քաղաքային զբոսաշրջության զարգացման ներուժը Երևանում բավականին մեծ է. Մարիա Բարաղամյան. asekose.am

Զրուցում ենք Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի հետ, ով համակարգում է Երևան քաղաքի տուրիզմի ոլորտը:

– Կասեք՝ ինչի՞ շուրջ եք ներկայումս աշխատում և ի՞նչ ուղղությամբ եք տանում քաղաքային տուրիզմի զարգացումը:

Գիտեք, 21-րդ դարում, երբ աշխարհը զարգանում է շատ արագ տեմպերով, կարևոր է հետևել ժամանակակից նորարարություններին և ուսումնասիրելով միջազգային փորձը  մրցունակ զբոսաշրջային արդյունք ստեղծել, բայց դրա հետ մեկտեղ չկորցնել սեփական մշակութային ավադույթները: Երևանը տարածաշրջանում զբոսաշրջային քաղաք դառնալու մեծ ներուժ ունի, ինչը մենք ներկայացրել ենք դեռևս երկու տարի առաջ «Երևան 2025» միջազգային համաժողովի շրջանակում:Քաղաքային զբոսաշրջության զարգացման խթանումը նախևառաջ պայմանավորվում է տվյալ քաղաքի գրավչության, որոշակի հետաքրքրություն ներկայացնող կոլորիտի, ինչու ոչ նաև տվյալ քաղաքի բնակիչների բարեհամբույր վերաբերմունքով:

Իսկ 21-րդ դարում այդ ամենը պետք է համեմված լինի նաև գեղեցիկ փաթեթավորմամբ, մարքետինգային ճշգրիտ մոտեցումներով՝ միջազգային զբոսաշրջային շուկայում ընդունված  չափորոշիչներին համահունչ։Շատ կարևոր դեր է վերապահված տվյալ քաղաքի հետաքրքրություն ներկայացնող վայրերին. ինչքան մեծ և եզակի է գրավչությունը, այնքան մեծ է հյուրընկալող քաղաքի զբոսաշրջային ներուժը։Երբ զբոսաշրջիկը այցելում է տվյալ քաղաք և վճարում է քաղաքի այս կամ այն գրավչության համար, նա իր լուման է ներդնում նաև այդ արժեքների պահպանման գործում։

Մայրաքաղաքային զբոսաշրջության կայուն զարգացման և զբոսաշրջային արդյունքի որակի շարունակական ապահովման համար քաղաքում անհրաժեշտ է ձևավորել և զարգացնել ոլորտը սպասարկող ենթակառուցվածքներ, որոնք կդառնան զբոսաշրջային կենտրոններ։Այդ նպատակով քաղաքապետարանի թիմի կողմից մշակվել են մի շարք ներդրումային փաթեթ-առաջարկներ, որոնք միտված են զարգացնելու զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող այնպիսի վայրերը, ինչպիսիք են Շենգավիթ հնավայրը, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Կարմիր բլուրը, Հաղթանակի զբոսայգին, Կենդանաբանական այգին, Վերնիսաժը, Հրազդանի կիրճը և այլն:Այդ համատեքստում քաղաքային զբոսշրջությունը Երևանում առաջին հերթին մենք դիտարկում ենք վերոնշյալ վայրերի բարեկարգման, զարգացման, դրանց շրջակայքում զբոսաշրջիկի համար հետաքրքրություն ներկայացնող ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաև սպասարկման ոլորտի բարելավման տեսանկյունից:Ըստ այդմ ներդրողների համար ունենք հետաքրքրություն ներկայացնող մի շարք նախագծեր, ինչպիսիք են «Հաղթանակ» զբոսայգու տարածքի վերակառուցման ծրագիրը, «Հեքիաթային քաղաք» ներդրումային ծրագիրը, «Նոյլենդ» պատմահնագիտական և զբոսաշրջային կենտրոն ծրագիրը, «Արթսիթի» զբոսաշրջային արվեստի կենտրոնի ստեղծումը և այլք:

Իդեպ բոլոր ներդրումային առաջարկներին կարող եք ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի համապատասխան բաժնում:Քաղաքային զբոսաշրջության գրագետ կազմակերպման դեպքում, այն լիովին կարող է վերադարձնել քաղաքին դրա վրա կատարված ծախսերը, արդարացնել ներդրումները՝ աջակցելով քաղաքային զբոսաշրջության կատարելագործմանն ու զբոսաշրջային տվյալ օբյեկտի պահպանմանը։

Ներդրումային առաջարկներից զատ, ի՞նչ ծրագրեր են իրականացվում քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից:

 
Ներդրումային առաջարկները,իհարկե, իրենց կարևոր տեղն ունեն, որոնք, ըստ էության, պոտենցիալ ներդրողների համար են ուղեցույց, բայցև չմոռանանք, որ, օրինակ, Երևանի քաղաքապետարանը, ըստ էության, ամենօրյա ներդրումներ է կատարում մայրաքաղաքն ավելի գրավիչ ու հարմարավետ դարձնելու համար: Դրան զուգահեռ վերջին տարիներին մեր թիմի կողմից ծրագրային հատուկ քաղաքականություն է տարվում նաև Երևան քաղաքի մշակութային առօրյան ավելի դինամիկ դարձնելու ուղղությամբ, ինչը միջոցառումային զբոսաշրջության ամենահիմնարար բաղադրիչներից մեկն է:  Օրինակ, չորրորդ տարին է, ինչ Երևանի քաղաքապետարանը իրականացնում է «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը, որը նախևառաջ  նպատակ ուներ մայրաքաղաքի ամառային առօրյան դարձնել ավելի հետաքրքիր երևանցիների համար, բայց հետագայում այն շատ որոշակի խթան դարձավ ամռան ամիսներին դեպի Երևան զբոսաշրջիկների հոսքի ավելացման համար:

Թեկուզ միայն այն, որ ԵրևանՋազ, Երևանի գարեջրի, «Համով հոտով Երևան», Երևան ՏարազՖեստ, Ձմերուկի փառատոների անցկացման օրերի հետ կապված զբոսաշրջային ընկերությունները դեռևս տարեսկզբին մեզ հետ հստակեցնում են դրանց անցկացման օրերի հետ կապված տեղեկատվությունը, արդեն խոսում է այն մասին, որ տվյալ փառատոները դարձել են քաղաքային զբոսաշրջային օրացույցի կարևոր բաղադրիչը:  Իդեպ, զբոսաշրջային ընկերությունները չեն էլ թաքցնում, որ շատ դեպքերում օտարերկյա զբոսաշրջիկների ներկայությունը տվյալ փառատոներին պայմանավորված է Երևանում լինելու առաջնահերթությամբ:

Քաղաքային զբոսաշրջության զարգացման ծրագրի կարևոր մաս է կազմում նաև Երևան այցելող զբոսաշրջիկների տեղեկատվական աջակցության ցուցաբերումը, որի շրջանակում արդեն երկրորդ տարին է տպագրվում են երկլեզու զբոսաշրջային քարտեզ-ուղեցույցեր, որոնք տրամադրվում են քաղաքային զբոսաշրջության շահագրգիռ բոլոր մասնակիցներին /օդանավակայան, հյուրանոց, զբոսաշրջային ընկերություն և այլն/:

Բացի այդ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից ամենօրյա ռեժիմով աջակցություն է ցուցաբերվում մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկներին, ում անհրաժեշտ է համապատասխան խորհրդատվություն:Մեր կարևոր ձեռքբերումներից է նաև աշխարհում ընդունված ժամանակակից ձևաչափերով քաղաքային էքսկուրսիաների կազմակերպումն ու անցկացումը, որի շրջանակում մշակվեց ու արդեն չորս տարի է, ինչ հաջողությամբ գործում է «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական երթուղին: Երևանի իմիջի զարգացման տեսանկյունից առանձնակի կարևորված է նաև միջագզային համագործակցության խթանումը:

Այս համատեքստում Երևան քաղաքը բավականին շահեկան դիրքում  է, նկատի ունեմ ավելի քան 50 քաղաքների հետ ակտիվ համագործակցությունը, որի շրջանակում կազմակերպվող ինչպես պաշտոնական, այնպես էլ ոլորտային փոխայցերի արդյունքում հրաշալի հնարավորություն է ընձեռվում ներկայացնելու ինչպես Երևան քաղաքի զբոսաշրջային գրավչությունը, այնպես էլ բնականաբար մեր մշակույթն ու ավանդույթները:



Նման նյութեր