Մեռնող Սևանա լճի օգնության կանչը. Ինչ անել
Advertisement 1000 x 90

Մեռնող Սևանա լճի օգնության կանչը. Ինչ անել

Մեռնող Սևանա Լճի օգնության կանչը
Ինչ անել

Սևանա լճի աղետալի վիճակով տագնապած է ամեն հայ՝ անկախ գտնվելու վայրից։ Սևանը ինտենսիվ կանաչում է, այլ կերպ՝ ճահճանում է (Նկար 1)։
Ըստ Բնության պահպանության նախարարության, Սևանում ինտենսիվ ծաղկում է Anabaena տիպի cyanobacteria-ները;

Ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք հնարավոր է փրկել Սևանին, թե՞ արդեն հատել ենք անդարձելիության գիծը։

Հասկանալու համար, թե ինչ է կատարվում, շատ կարճ՝ լճում զանգվածատեղափոխության մասին (Նկար 2)։
Այսպես, ջրի խտությունը կախված է ջերմաստիճանից և խտության առավելագույն արժեքը գրանցվում , երբ ջրի ջերմաստիճանը 4oC է՝ 1գ/սմ^3 (նկար 3):
Ամռանը, ջրի վերին շերտը՝ epilimnion-ը, տաքանում է, ինչի պատճառով ջրի խտությունը նվազում է մինչև 0,995գ/սմ^3. Խորը շերտերում՝ hypolimnion-ում, արևի ճառագայթների պակաս թափանցելիության պատճառով, ջրի ջերմաստիճանը ավելի ցածր է, ուստի խտությունը ավելի մեծ է։ Այս պատճառով ստորին՝ հիպոլիմնիոնի շերտը մնում է հատակում և չի խառնվում վերին՝ էպիլիմնիոն շերտին։ Այսպես հիպոլիմնիոնի շերտը «արգելափակում» է հատակից սնուցող տարրերի վերև բարձրանալուն, իսկ լճում ջրային ֆաունան (բուսական աշխարհը) հիմանակնում գտնվում է վերին շերտում։ Այսպես ստեղծվում է հավասարակշռություն և լճում ինտենսիվ բուսականության աճ՝ ճահճացում, տեղի չի ուենում։
Գարանանը և աշնանը, երբ ջրի ջերմաստիճանը գրեթե հավասարաչափ է բաշխված, ստրատիֆիկացումը ընթանում է ամբողջ լճի ծավալով և սնուցող տարրերը բարձրանում են վերև՝ պայման ստեղծելով բուսական աշխարհի աճմանը։ Եթե սա տեղի չունենար, ապա վերին շերտերի սնուցող տարրերի սպառվելուց հետո, բույսերը կմահանան և կնստեն հատակին, և արդյունքում լիճը կկորցնի բուսական, ապա նաև կենդանական աշխարհը։ Ահա ջրի խտության և ջերմաստիճանի նման կապն է հենց պայմանավորում կյանքի գոյությունը։ Այսպես ձևավորվում է հավսարակշռություն։

Ի՞նչ է կատարվում Սևանա լճի հետ։
Լճի մակարդակի ինտենսիվ նվազեցման պատճառով Մեծ Սևանի հիպոլիմնիոնի շերտ կաթվածահար է եղել, այն գրեթե չկա։ Ամռանը, բնական շրջանառության ժամանակ, երբ չկա հիպոլիմնիոնի շերտը, հատակամերձ ջրերը նույնպես մասնակցում են ստրատիֆիկացումանը (շրջապտույտին), ինչի հետևանքով հատակին կուտակված սնուցող տարերը բարձրանում են վերև՝ սնուցելով այնտեղ գտնվող բուսականությանը։
Այս խնդիրը լուծելու համար առաջարկվում է, որ Սևանա ջրի մակարդակը պետք է բարձրանա 6 մ-ով, որպեսզի վերականգնվի հիպոլիմնիոնի շերտը, այլապես Սևանը ճահճի կվերածվի։
Սևանում լույսի թափանցելիությունը 20-21մ է, իսկ պղտորության պատճառով այդ թիվը կարող է նվազել 3-7մ։ Այսինքն հիպոլիմնիոնի շերտի ձևավորման համար կարծիք կա, որ 6 մ բարձրացնել է պետք, բայց այս թիվը սպասարկող ոչ մի տեղեկություն (հանրայնացված) չկա։ Բացակայում են առանցքային տվյալները՝ Սևանում ջերմաստիճանի ուղղահայց բաշխվածություն մասին։ Տարօրինակ է, բայց չկա։

Այժմ կանաչելու մասին։
Ըստ տվյալների, Սևանի կանաչ զանգված մեջ առկա են մեծ քանակությամբ ցիանոբակտերաներ, մասնավորապես Anabaena Azollae (նկար 4)։
Հայտնի են ցիանոբակտերիաների 2000 տեսակ, որոնք կարող են գոյություն ունենալ առանձին կամ սիմիբիոզով՝ ջրիմուռների կամ սնկերի հետ (քարաքոսեր): Ցիանոբակտերաները, օրինակ Microcoleus, Gloeothece, Nostoc, Anabaena, Aphanizomenon, կարող են օդից մոլեկուլային ազոտը վերածել բույսերին հասանել ամոնիումային իոնի (NH4+) [1,2]:
Ցիանոբակտերիաների 40%-ը անջատում են տոքսիններ (թույն) [3]: Այս թույնները բաժանվում են 4 խմբի [4]՝
1․ Նեյրոտոքսիններ (neurotoxins) – թիրախավորում է նյարդային համակարգը,
2․ Հեպատոտոքսիններ (hepatotoxins) – թիրախավորում է լյարդը,
3․ Ցիտոտոքսին (cytotoxins) – Թիրախավորում է բջիջները, օրինակ իմունային համակարգը)
4․ Գրգռող (irritant toxins) – Թիրախավորում է մաշկը, շնչառական համակարգը։

Ցիանոբակտերաները նաև սինթեզում են allelopathic միացություններ, որոնք կանխում են այլ տեսակների զարգացումը [5]։

Այս տոքսինները կարող են կուտակվել ջրում և այն դարձնելով ոչ պիտանի ոռոգման համար։
Կա արդյո՞ք հետազոտություն, ջրի որակի վերաբերյալ, երբ այն օգտագործվում է Արարատյան դաշտում ոռոգման նպատակով, պարզ չէ։

Ցիանոբակտերիաների ծաղկումը
Ճահճացումը (Eutrophication) պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝
1․ Սնուցող տարրերի մեծ քանակության առկաությամբ [6],
2․ Ջերմաստիճան,
3․ pH,
4. Լուսավորություն,
5․ Անօրգանական սնուցող տարրերի (ազոտ կամ ֆոսֆոր) բարձր պարունակություն [7],
6․ Ջրային գաղութների կայունություն (ալիքների բացակայություն) [8]։

Ցիանոբակտերիաների մյուս կարևոր առանձնահատկությունը այն է, որ նրանք արտազատելով սիդերոֆորեզ (siderophores i.e. hydroxamates) կարող են կլանել Fe3+, որը չափազանց կարևոր է դրանց և բուսականության աճի համար [9]։

Այժմ խոսենք Սևանի ծաղկման պատճառներից՝
1․ Հիպոլիմնիոնի շերտի վնասվելը, ինչի արդյունքում սնուցող տարրերը հատակից անցնում են վերին շերտեր։

Լուծում (Հեռահար ծրագիր)`
լճում ջրի մակարդակի պետք է բարձրանա և սա քննարկման ենթակա չէ։ Ինչքան պետք է բարձրանա, հնարավոր է պարզել միայն ջրի ջերմաստիճանի ուղղահայաց բաշխումը գնահատելուց հետո։

2․ Սնուցող տարրեր (ազոտ, ֆոսֆոր) կարող են լիճ հասնել գյուղտնտեսական գործունեությունից։ Օրինակ, 2016թ Գեղարքունիքի մարզում մետ 6000 տոննա ազոտական պարարտանյութ է սպառվել, որի որոշ հատվածը (+30%), անշուշտ անցել է լիճ՝ լվացվելով անձրևների կողմից։ Այս խնդիրը պետք է լուծվի շատ կտրուկ։

Լուծում (Հեռահար ծրագիր)`
Ժամանակին ԵՊՀ Երկրաբանության և քիմիայի ֆակուլտետներում մշակվում էր մի եղանակ, երբ ցեոլիտները մշակվում էին, ինչի շնորհիվ ստացվում են բարձր ծակոտկենությամբ ցոելիտներ։ Վերջիններս տոգորվում են պարարտանյութով, և այս դեպքում պարարտանյութերը դառնում էին ոչ լուծելի և չեն լվացվում և հեռացվում անձրևաջրերի կողմից։ Պարարտանյութը միայն անջատվում է բույսի արմատի անմիջապես ներգործությամբ։ Այսինքն, եթե բույսը կա, պարարտանյութը հասանելի է, եթե չկա, այն կմնա հողում։ Սա կտրուկ մեծացնում է պարարտանյութի ՕԳԳ-ն և միաժամանակ բացառվում է դրա հայտնվելը Սևանում։ Գեղարքունիքի մարզում այսպիսի պարարտանյութեր պետք է միայն թույլատրվեն։

3․ Ցիանոբակտերաները կարեղ են կապել մթնոլորտային ազոտը։ Պարզեցված հաշվարկներով (հիմք է վերցվել 2008 encyclopedia of ecology տվյալները) ցիանոբակտերիաների կողմից օրական մետ 10-15 տոննա ազոտ կարող է կապվել և դառնալ հասանելի բույսերի համար։ Սա նշանակում է, որ ժամանակի ընթացքում բուսականության քանակությունը կշատանա, ապա կշատանա նաև ցիանոբակտերաները և այսպես պրոգրեսիվ աճի պատճառով լիճը կտրուկ կկանաչի։ Հաջորդ փուլում․ կանաչ մակերևույթից լույսը դժվարությամբ է ներթափանցելու ներքին շերտեր, որտեղ գտնվում են առաջնային բենտիկ պրոդուցենտները։ Ֆոտոսինթեզի բացակայության պատճառով այս օրգանիզմները ոչնչանում են, ապա մեռած կենսազանգվածի քայքայման պատճառով սպառվում է լուծված թթվածինը։ Այս ամենը բերում է կենադնական աշխարհի ոչնչացմանը [10]։

ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԱՅՆ ՍԱՀՄԱՆԱԲԱԺԱՆ ԳԻԾԸ, ՈՐԸ ՀԱՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ և ՓՐԿԵԼ ՍԵՎԱՆԸ

4. Երկաթ։ Կարծես թե ինչ որ տեղից ունենք երկաթի իոնների հոսք դեպի լիճ։ Երկաթը կարող է խթանել ցիանոբակտերիաների և ջրիմուռների աճը։ Հրատապ է պարզել, ունենք արդյո՞ք երկաթի կոնցենտրացիայի աճ լճում թե՝ ոչ։ Եթե ունենք, ապա որտեղից է հոսքը։

5․ Լճի ջերմաստիճանային պրոֆիլը պետք է պարզել։ Սևանի հետազոտությունը պետք է լինի Գիտութոյւնների ազգային ակադեմիայի առաջնահերթություներից մեկը։

6․ Անասնագոմեր։ Այստեղից գոմաղբի հեռացման դեպքում հայտնվում է լճում, որը խթանում է կանաչ զանգվածի ինտենսիվ աճին։ Ռազմավարական լուծում է անհրաժեշտ։

Լուծում (հեռահար)`
Ոչ թե պետք է ասել՝ Չի կարելի այդպես անել, միևնույն է ոչ ոք չի լսելու, այլ պետք է գոմաղբը դարձնել թանկարժեք հումք՝ օրինակ, օրգանական պարարտանյութերի արտադրություն կազմակերպել, որտեղ օգտագործվելու է գոմաղբը։ Որպես այլընտրանք՝ գոմաղբից բիոգազ կարելի է ստանալ։ Այս դեպքում ոչ ոք չի թափի եկամուտ բերող միջոցը՝ գոմաղբը։

Այժմ քննարկենք ջրավազաններում ջրիմուռների ծաղկման կանխման եղանակները։

Գոյություն ունեն 4 հիմանակն ռազմավարություն՝ լճերի ծաղկումը կանխելու համար՝
1․ Մեխանիկական,
2․ Ֆիզիկական,
3․ Քիմիական,
4․ Կենսաբանական,

1․ Քիմիական եղանակ։
Օգտագործում են պղնձի սուլֆատ (CuSO4·5H2O)։ Բավականին մատչելի եղանակ է և էֆեկտիվորեն սպանում է ցիանոբակտերիաներին։ Սակայն կարող է սպանել նաև ձկներին ու ջրիմուռներին, որը մեծացնում է մեռած կենսազանգվածը։ Վերջինիս քայքայվելու ընթացում սպառվում է թթվածինը, ինչը իր հերթին բերում է կրկնվող «ծաղկմանը» [11]։
Կալիումի քլորիդը` KCl, endothall(7-oxabicyclo(2.2.1)eptane-2,3-dicarboxylic acid) նույնպես թունավոր են ցիանոբակտերիաների համար, սակայն ունեն փոքր ընտրողականություն [12]։

2․Մեխանիկական եղանակ։
Հետևելով դեպքերի զարգացումներին, ակնհայտ է, որ հայ փորձագետները շեշտը դնում են հենց այս եղանակի վրա, առաջարկելով մաքրել Սևանի հարակից տարածքը։

Այս եղանակի դեպքում ֆիլտրում, մաքրում և հեռացնում են լողացող ջրիմուռները, մեռած կենդանի օրգանիզմները, բուսական մնացորդները։
Չնայած որոշ աշխատանքներում մեխանիկական և ֆիզիկական մաքրման եղանակը համարվում է փոքր էֆեկտիվության եղանակ [13], սակայն կան հրապարակումներ, որտեղ նշվում է այս տարբերակի էֆեկտիվությունը [14]։

Բավականին արդյունավետ է նոսրացման եղանակը, երբ ջրի որոշ մասը ջրահեռացվում է և տեղը ավելացվում նոր և մաքուր ջրով։

Ցավոք, միայն այս եղանակով հնարավոր չէ հասնել բաղձալի արդյունքի։

3․ Կենսաբանական եղանակ։
Սա համարվում է բարձր էֆեկտիվությամբ և մեծ ընտրողականությամբ եղանակ, որը չի վնասում միջավայրը։
Ամբողջ գաղափարը նրանում է, որ որոշ վերգետնյա բույսերի կամ ջրիմուռներից ստացված էքստրակտներ սպանում են ցիանոբակտերիաներին՝ առանց վնասելու բուսական կամ կենդանական աշխարհը։
Այս եղանակը հենց պետք է օգտագործվի Սևանի դեպքում։ Տարբեր բույսերի էքստրակտներ թիրախավորում են տարբեր ցիանոբակտերիաներ։ հաջորդիվ առավել մանրամասն կքննարկվի այս եղանակը։
Օրինակ նկար 5-ում բերված աղյուսակում ներկայացված են որոշ նյութեր, որոնք կարող են բարձր արդյունավետությամբ սպանել որոշակի ցիանոբակտերիաներ, առանց վնասելու էկոհամակարգը։

Ի հավելում ստանդարտ դասագրքային եղանակների, մենք առաջարկում ենք նաև նոր և ՌԱԴԻԿԱԼ ՄԱՔՐՄԱՆ եղանակ։

Առաջարկը (հուսամ կհասնի պատկան մարմիններին)։
1. Ուլտրաձայնային մշակման եղանակ
Այս եղանակը համարվում է ամենաարդյունավետ և միջացվայրի համար անվտանգ եղանակներից մեկը [17]։
Ուլտրաձայնային մշակման եղանակի աշխատանքի սկզբունքը հասկանալու համար մի փոքր պետք է քննարկենք ցիանոբակտերիաների բջջի կառուցվածքը և կենսագործունեությունը։ Այս բջիջները միանում են միմյանց, ստեղծելով բջջային գաղութներ (նկար 3)։ Յուրաքանչյուր բջջի ներսում առկա օդի պղպջակ՝ vacuoles (նկար 6)։ Այս Պղպջակները կարող են մեծանալ և փոքրանալ, ինչի շնորհիվ բջիջը (գաղութը ) կարող է ուղղահայաց շարժվել դեպի վեր կամ վար։ Այսպես այս միավորների համար հասանելի են դառնում սննդատարրերը, լույսը, իսկ ալիքների կամ բարձր ՈՒՄ ճառագայթների առկայության պարագայում, ներքև իջնելով, խուսափում են ֆիզիկական ոչնչացումից։ Եթե չլինեն այս պղպջակները՝ vacuoles-ները, այս գաղութները կսուզվեն ներքև և լույսի պակասի պատճառով կոչնչանան։
Ուլտրաձայնային մշակման դեպքում ջրում կավիտացման շնորհիվ առաջանում են պղպջակներ, որոնք ինտենսիվ պայթում են։ Այդ ընթացքում անջատվում են ազատ ռադիկալներ, որոնք թիրախավորում և օքսիդացնում են ջրիմուռի ֆոտոսինթեզ իրականացնող միավորները, ինչի պատճառով դրանք այլևս չեն կարող ֆոտոսինթեզ իրականանցնել, ուստի ոչնչանում են։ Միևնույն ժամանակ, ուլտրաձային ալիքները թիրախավորում են բջջի ներսում առկա օդային պղպջակներ (vacuoles) և վնասում ու ոչնչացնում են դրանք։ vacuoles-ի բացակայության պատճառով բջջային գաղութը սուզվում է, որտեղ լույսի պակասի պատճառով ոչնչանում են։
Ուլտրաձայնային մշակում համարվում է բարձր էֆեկտիվության եղանակ և արդյունավետ է կապտականաչ ջրիմուռների (ցիանոբակտերիաներ) դեմ, մասնավորապես anabaena-ի դեմ պայքարում, որը այժմ «ծաղկում է» Սևանում։

Ուլտրաձայնային մշակման սարքավորումները արտադրում է LG Sonic-ը (նկար 7), մանրամասները հղմամբ՝ https://www.lgsonic.com
Պետք է պարզապես մշակել Սևանի առավել կանաչապատ հատվածը։ Ուլտրաձայնի 5-30 վրկ-ը լրիվ բավարար է ցիանոբակտերիաներին ոչնչացնելու համար։

2․ Փուլ 2
Բարբոտաժի եղանակ։
Ըստ որոշ հրապարակումների, Սևանում լուծված թթվածնի քանակությունը հասել է ռեկորդային նվազ մակարդակի․ Թթվածնի բացակայության պատճառով օրգանական նյութերը չեն օքսիդանում և կուտակվում են, որը բերում է ճահճացմանը։
Բարբոտաժի եղանակի դեպքում հարկավոր է ջրի մակերևույթից 5-6մ ներքև կառուցել խողովակների ցանց, որոնց վրա կան նուրբ անցքեր։ Ապա օդ է մղվում խողովակների ցանցով։ Ինտենսիվ պղպջակների առաջացման շնորհիվ ջուրը հագենում է թթվածնով։ Սա բառացիորեն կօսիդացնի, «կայրի» օրգանական զանգվածը, որը հիմնական ճահճացման պատճառն է։ Թթվածնի քանակության նվազելը հանգեցրել է կենդանական աշխարհի, հատկապես Սևանի Իշխանի, ոչնչացման։ Ահա, ինտենսիվ օդ մղելով հնարավոր է հագեցնել ջուրը և վերականգնել թթվածնի պարունակությունը ջրում։
Մի փոքր ավել ներդրմամբ, հնարավոր է տեղադրել օզոնատորներ, որոնք օզոն գեներացնելով շատ էֆեկտիվ կմաքրեն օրգանական զանգվածը ջրում։
Ջրում բարբոտաժ անելիս կմեծանա ջրի պղտորությունը, որը կնվազեցնի լուսի թափանցելիություւնը, արդյունքում կնվազի նաև ջրի ջերմաստիճանը, որը կխոչընդոտի ջրիմուռների «ծաղկումը»։ Ինչպես նաև ինտենսիվ պղպջակները ջրի վերին շերտերը կդարձնեն անկայուն, որը խիստ բացասաբար կանդրադառնա ջրիմուռների զարգացման վրա, քանի որ կայուն գաղութներ ստեղծելու համար հարկավոր է կայուն ջրային հայելի։
Ահա այսպես համալիր ազդեցությամբ մեկ-երկու տարում հնարավոր է վերականգնել Սևանը։

Ճգնաժամային կառավարում
Ոչ ստանդարտ պայմաններում, ոչ ստանդարտ լուծումներ են հարկավոր․․․

Եթե հատենք դեմարգացիոն գիծը, երբ Սևանի ճահճացումը դառնա ոչ դարձելի (նշանակում է այլևս հնարավոր չէ վերականգնել լճի բնականոն վիճակը), ապա պետք է անցնել ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, այսինքն պլան B-ին ։

Այստեղ մենք առաջարկում ենք մի ԽԵԼԱԳԱՐ եղանակ, որը կարող է փրկել Սևանը։ Բայց այն մեծ, շատ մեծ ջանք ու նվիրվածություն է պահանջում։ Որոշ ներդրումներ, որը արագ կվերադառնա։

ՊԵՏՔ Է ՍևԱՆԻ ՄԱԿԵՐԵՍԸ ԾԱԾԿԵԼ
Ինչպե՞ս
Սևանի մակերեսը մոը 1,2մլրդ մ^2 է։ Մակերեսից գոլորշացումը կազմում է մոտ 1մլրդ մ^3:
Պետք է ծածկել մոտ 200 մլն մ^2 տարածք։
Օգտագործում ենք Պենոպլաստի թիթեղներ: 1մ^2-ի ծածկելու համար կծախսվի $0,1.
Այսինքն 200մլն 1մ^2 ծածկելու համար կծախսվի $20մլն.
Սակայն, ծածկելով այսքան տարածք, հնարավոր է կանխել մոտ 150~200 մլն մ^3 ջրի գոլորշացում։ Այս ջուրը պետք է չպահել, այլ բաց թողնել Սևանից։ Այս եղանակով հնարավոր է պահել մաքուր ջուրը, որը հեռանում է գոլորշացման ժամանակ և հեռացնել աղտոտված ջուրը։ Սա Ֆիզիկական մաքրման եղանակ է, որը կբերի ջրի որակի բարձրացմանը, քանի որ գետերց նոր և մաքուր ջուր է լցվելու Սևան։ Այս՝ գոլորշացումից խնայված ջուրը, ոռոգման ուղարկելու դեպքում, ոռոգման ջրի գնով հաշվելու դեպքում կբերի մոտ $4,5-5մլն [15]: Այս քանակությամբ ջրաթողման դեպքում Սևան-Հրազդան ՀԷԿ-երից կարել է ստանալ հավելյար էլեկտրաէներգիա, որը գումարային տեսքավ կարժենա մոտ $9,5-12 մլն [16]։ Այսինքն գործնականում ներդրված գումարը կվերադռնա, իսկ Սևանը 1-2 տարում լրջորեն կթարմանա։ Փակված մակերեսը կնպաստի նաև ջրի ջերմաստիճանի նվազման, որը կբերի հիպոլիմնիոնի շերտի վերականգնմանը։
Վերականգնված Սևանում արդեն հնարավոր է հետ վերադարձնել Սևանի իշխանը, որը կարճ ժամանակում կփոխհատուցի ներդրված գումարը։

Նախագիծը իրականացնելիս հրապարակվում է գործընթացը։ Իր նոր, և տարօրինակ լինելու պատճառով գրավում է համաշխարհային մեդիայի ուշադրությունը և ՀՀ-ն ստանում է հավելյար գովազդ ու, ակնկալելի է, որ կունենաք զբոսաշրջության աճ։ Մնացած գումարը (~$4մլն) հետ կգա այս եղանակով։
Ներդրված գումարը կվերադառնա ընդամենը մեկ տարում։

Ռիսկը՝ գոլորշացող ջրի պակասի պատճառով անձրևները հարակից շրջանում, գուցե պակասեն։ Բայց հաշվի առնելով քամիների ուղղությունը և ինտենսիվությունը, գոլորշացված ջրի մեծ մասը, կարծես թե, դուրս է գալիս ՀՀ-ի սահմաններից՝ դեպի Ադրբեջան։

Չգիտեմ, որքան սրտացավ կլինենք մենք, կկարողանանք փրկել Սևանը թե՝ ոչ, բայց կորցնելու դեպքում սերունդները մեզ չեն ների․․․,

Սևանի կանաչող Նկարները՝ Հայկական բնապահպանական ճակատ էջից և Բնության պահպանության նախարարության էջից։

Հրապարակումը պատրաստեց՝
Քիմ գիտ․ թեկնածու
ԵՊՀ նախկին դոցենտ Hayk Khachatryan